Հայաստանի կառավարության ուրախությունը կարճ տեւեց: Հայաստանն էլի շրջանցվեց հարեւան-բարեկամների կողմից:
Ռուսական «Կոմերսանտ» թերթն օրերս գրել էր, թե Մոսկվան եւ Թբիլիսին պայմանավորվածություն են ձեռք բերել Աբխազիայի ու Հարավային Օսիայի տարածքով ապրանքների տեղափոխում իրականացնելու վերաբերյալ` կյանքի կոչելով երկու երկրների միջեւ դեռ 2011թ ստորագրված «Առեւտրային միջանցքների» մասին պայմանագիրը: Այս հրապարակումը մեծ ոգեւորություն էր առաջացրել հայ պաշտոնյաների մոտ, քանի որ ենթադրվում է` Վերին Լարսի անցակետից բացի՝ ՀՀ-ն ՌԴ-ի հետ կապող եւս մեկ ճանապարհ կունենա: Մի բան, որ այսօր օդ ու ջրի նման անհրաժեշտ է Հայաստանին. Լարսը տարվա զգալի մասը եղանակային պայմանների կամ բնական աղետների պատճառով փակվում է՝ լրացուցիչ անհարմարություններ ստեղծելով գործարարների համար: Այլընտրանքային ճանապարհը լուրջ աջակցություն կլինի այս առումով:
Ռուսական լրատվամիջոցի հրապարակմանը հետեւեցին ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի հրճվալից մեկնաբանությունները. «Հայաստանը հուսով է, որ Ռուսաստանն ու Վրաստանը հնարավորինս շուտ փոխհամաձայնության կգան ճանապարհային հաղորդակցությանն առնչվող հարցերում, եւ այդ երկու երկրները կապող «առեւտրային միջանցքներն» ի վերջո կսկսեն գործել: Պետք է հավատանք, որ առաջ տանենք, եւ ես հավատում եմ, որ մի օր կլինի: Աշխատում ենք բոլորս՝ ե՛ւ վրացական կողմը, ե՛ւ ռուսական կողմը, որ դա արագ լինի»: Չնայած, մյուս կողմից՝ նախարարը նաեւ հայտարարել էր, թե հայկական կողմը չի կարող ներգրավված լինել, քանի որ դա ռուս-վրացական հարաբերությունների եւ քննարկումների խնդիր է, որին մասնակցում է շվեյցարական ընկերությունը, նաեւ ավելացրել, որ որեւէ մեկը դեռ պատկերացում չունի ո՛չ պայմանավորվածությունների իրականացման մեխանիզմների, ո՛չ էլ ժամկետների մասին:
Բայց մինչ Վահան Մարտիրոսյանը խոսում էր ռուս-վրացական առեւտրային հարաբերությունների կարգավորման մասին, Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ կապերի հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն, մեկնաբանելով նրա հայտարարությունները, ասել է. «Վրաստանը չի դիտարկում տարանցիկ ճանապարհների բացման թեման»: Ավելին՝ ըստ Աբաշիձեի՝ ՌԴ-ի հետ բանակցությունները վերաբերում են միայն 2011թ ստորագրված «Առեւտրային միջանցքների» մասին պայմանագրին, ըստ այդմ, ՌԴ-ի ու Վրաստանի միջեւ հարաբերություններին եւ որեւէ խոսք չկա լրացուցիչ պայմանների մասին, որոնք թույլ կտային Հայաստանին հուսալ Աբխազիայի տարածքով առեւտուր իրականացնելու մասին:
Տեղի ունեցածն ուշագրավ է մեկ այլ իրողության համատեքստում: Այս տարվա հունվարի վերջին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստի ժամանակ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին հանձնարարել էր վրացական եւ ռուսական կողմերի հետ քննարկել եւ ներկայացնել առաջարկություններ այլընտրանքային երթուղիներով տրանսպորտային փոխադրումների կազմակերպման վերաբերյալ: Իսկ արդեն փետրվարին Կ. Կարապետյանը Թբիլիսի այցի ժամանակ հայտարարել էր, թե Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել Վերին Լարսի ճանապարհին այլընտրանք գտնելու հարցում։ «Եթե ձեզ հետաքրքրում է՝ արդյո՞ք լինելու է Լարսի ճանապարհի այլընտրանք, ապա վստահեցնում եմ ձեզ, որ այո, լինելու է։ Մնացածի մասին կխոսենք հետագայում, փակագծերը դեռ չեմ բացում։ Մենք պայմանավորվածություն ձեռք բերեցինք ինչպես Լարսի հարցի վերաբերյալ, այնպես էլ էներգետիկ միջանցքի»,- այն ժամանակ ասել էր Կարապետյանը։
Բայց Աբաշիձեի երեկվա հայտարարությունը վկայում է, որ դեռ վաղ է որեւէ պայմանավորվածությունների մասին խոսելը, ավելին` ռուս-վրացական առեւտրային պայմանագիրն ուժի մեջ մտնելուց Հայաստանի համար մեծ հեռանկարներ սպասելը: Ի վերջո, այս խնդիրը ռուս-վրացական քաղաքական հարաբերությունների դաշտից է, եւ կայացվելիք որոշումներն էլ կախված են լինելու նրանց քաղաքական հարաբերությունների մակարդակից: Իսկ երկու երկրների միջեւ քաղաքական հարաբերությունները դեռեւս շատ հեռու են այնքան բարիդրացիական համարվելուց, որ դրանից շահի նաեւ Հայաստանը: Այնպես որ, Հայաստանը դեռ երկար է սպասելու դեպի ՌԴ այլընտրանքային ճանապարհներին: Իսկ մինչ այդ իշխանությունների ոգեւորությանը հիասթափություն է սպասվում:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ