ՖՈՏՈ. Լոռիում հաշմանդամություն ունեցող մարզիկները լուրջ հաջողություններ են գրանցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վանաձորցի Արման Ավեյանը բազկամարտի Հայաստանի բազմակի չեմպիոն է: Ավելի քան 4 տարի է, ինչ զբաղվում է բազկամարտով: Չնայած ունենալով հաշմանդամություն, Արմանը երբևէ չի ընկճվել ու շարունակում է պայքարել ու հասնել հաջողությունների: 23-ամյա երիտասարդը ունի երեք մասնագիտություն, զբաղվում է սպորտով ու անում է այն, ինչը հոգեհարազատ է իրեն:

Արման Ավեյան

Սպորտով զբաղվելու գաղափարն Արմանի մոտ առաջացել է դեռ դպրոցական տարիքում, երբ ցանկանում էր դառնալ բոդի-բիլդեր: Երազանքի իրականացման ճանապարհին Արմանի առջև շատ դռներ են փակվել. «Մեծ տանջանքով գտա մարզիչիս, ով համաձայնեց ու թույլատրեց, որ գնամ ու պարապեմ, իսկ ինչն էլ որ չկարողանամ՝ կաջակցեն»,-ասում է Արմանը ու հավելում. «Կյանքս առանց սպորտի չեմ պատկերացնում»:
Հաջողության հասնելու իր բանաձևը Արմանը վերագրում է համառ պայքարին ու աշխատասիրությանը:

Արման Ավեյան

Լոռու մարզում հաշմանդամություն ունեցող ավելի քան 200 մարզիկ կա: Նրանք զբաղվում են բազկամարտով, ծանրամարտով, սեղանի խաղերով, լողով ու մի շարք այլ մարզաձևերով: Մարզում պարբերաբար իրականացվում են մրցաշարեր ու ընկերական հանդիպումներ, որտեղ էլ որոշվում են լավագույնները:

Իսկ ահա աչքի ընկած ու հաջողություններ արձանագրած հաշմանդամություն ունեցող մարզիկները մարզը ներկայացնում են հանրապետական մի շարք մրցաշարերում:
Վանաձորցի Սենիկ Սերոբյանը հանրապետությունում միակն է, ով կրկնակի անգամ դարձել է խուլերի ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն:

աջից Սենիկ Սերոբյան

Մարզիկը մեծ հաջողություններ է գրանցել Եվրոպայի և միջազգային մի շարք մրցաշարերում:
Սպորտում լուրջ հաջողությունների է հասել նաև Հարություն Մխիթարյանը, ով ծանրամարտի և բազկամարտի Հայաստանի բազմակի չեմպիոն է: Հարությունը սպորտով սկսել է զբաղվել դեռ 5 տարեկանից ու ցանկացել դառնալ Հայաստանի չեմպիոն: 8 տարեկանում Հարությունը ծառից վայր է ընկել ու վնասել ողնաշարը, ինչի հետևանքով այլևս չի կարողանում քայլել:

Հարություն Մխիթարյան

Չնայած այս ամենին՝ Հարությունը չի հուսալքվում և շարունակում է զբաղվել սպորտով: Դիմելով բազմաթիվ մարզասրահներ ու ստանալով տասնյակ մերժումներ, վերջապես գտնում է իր մարզչին ու սկսում հմտեցնել իր ունակությունները ծանրամարտում: 2005թ-ից մինչ օրս Հարությունը մասնակցելով տարբեր մրցաշարերի, ցուցաբերել է անկրկնելի արդյունքներ՝ սահմանելով Հայաստանի երեք ռեկորդ:

Էդվարդ Արզումանյան
Լոռի




Լրահոս