Խորհրդարանում ՀՀ գլխավոր դատախազի հաշվետվությունը լսելուց հետո ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը միանգամից առաջարկել էր դիմել Մայր Աթոռ՝ 330 դատախազներին սրբերի դասը կարգելու համար: Բայց այս օրերի խորհրդարանական քննարկումներից պարզվեց, որ սրբադասության հավակնորդների թիվը միայն դատախազներով չի սահմանափակվում. սրբադասության շատ ավելի արժանի հավակնորդներ կան, օրինակ՝ ԿԸՀ անդամները՝ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի գլխավորությամբ: Ընդ որում, նրանց սրբերի շարքը պետք է դասել արտահերթ կարգով, քանի որ ԿԸՀ գործունեության մասին ԱԺ ներկայացված հաշվետվությունը մանրամասն ընթերցելուց պարզ է դառնում, որ այս տարվա ապրիլի 2-ին Հայաստանում անցկացվել են մոլորակի պատմության մեջ ամենաազատ ու ամենաարդար ընտրությունները, եւ դա՝ շնորհիվ իշխանությունների քաղաքական կամքի:
Դեռ ավելին, այդպես է եղել նաեւ նախորդ ընտրությունների ժամանակ, իսկ ընդդիմության պնդումները՝ ընտրողների թվի ուռճացվածության եւ այլնի մասին, պարզապես ստոր հերյուրանքներ են, վարկաբեկելու նենգ փորձեր:
Չե՞ք հավատում, ուրեմն՝ մի քանի մեջբերում ԿԸՀ հաշվետվությունից. «Մինչ այժմ անընդհատ փորձ էր կատարվում շահարկել մասնակցության հարցը: Վկայակոչվում էին տարբեր վիճակագրություններ մասնակցության թվի՝ իբր ուռճացված լինելու հետ կապված, ներկայացվում էին տարբեր գնահատականներ, որպես հիմնավորում ներկայացվում էր ստորագրված բոլոր ցուցակներին ծանոթանալու հնարավորության բացակայությունը:
Ստորագրված ցուցակները լիարժեք հասանելի են դարձվել, 1500 տեղամասերից իրականացվել է ուղիղի հեռարձակում, մեկ ամսից ավելի այդ ցուցակները տեղադրված են եղել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում: Հարյուր հազարավոր այցելություններ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայք ու ընդհամենը 1 դիմում: Սա նշանակում է, որ թե՛ այս ընտրություններին, թե՛ 2012, 2013 թթ. ընտրություններին մասնակցության, այսպես կոչված, ուռճացված լինելու վերաբերյալ դատողությունները երբեւէ չեն համապատասխանել իրականությանը»:
Ռեպլիկի կարգով նկատենք՝ գոյություն չունեցող մարդկանց անունով կեղծ անձագրեր տպագրելու միջոցով ընտրողների թիվն ուռճացնելու մասին առաջին անգամ խոսվեց 2007թ. ԱԺ ընտրությունների ժամանակ, իսկ արդեն 2008թ. նախագահական ընտրություններին /որոնց արդյունքները կեղծելով եւ մարտի 1-ի 10 զոհերի արյան գնով Սերժ Սարգսյանը հայտնվեց նախագահի պաշտոնում/ ընտրակեղծարարության այս մեթոդը կիրառվեց շատ ավելի մեծ ծավալներով. այդ մասին տարիներ շարունակ խոսել է ընդդիմությունը: Ու ԿԸՀ-ն հերքել է միայն 2012, 2013, 2017թ. ընտրությունների ժամանակ ընտրողների թվի ուռճացված լինելու պնդումները, իսկ 2007 եւ 2008թթ ընտրությունների մասին՝ ոչ մի խոսք: Ասել է, թե կասկածի տակ է դրել Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը: Բայց սա մեծ հաշվով կարեւոր չէ: Շարունակենք մեջբերումների շարք:
Որպես ընտրություններն ազատ եւ արդար անցկացնելու մասին փաստ՝ ԿԸՀ-ն նշել է, որ տեղամասային ընտրական հանձնաժողովներն աշխատել են մեծ ծանրաբեռնվածությամբ, նաեւ ընտրողների ակտիվության պատճառով երբեմն առաջացել են հերթեր, սակայն չի գրանցվել որեւէ դեպք, որ այդ պատճառով խոչընդոտվի ընտրողների ընտրական իրավունքի իրականացումը, եւ որեւէ ընտրող այդ պատճառով զրկվի ընտրական իրավունքից: «Ուշագրավ է, որ տեղամասային ընտրական հանձնաժողովների ընդհանուր թվով 16.072 անդամներից միայն 38-ն (0.2%) են ներկայացրել հատուկ կարծիք: Ի դեպ, հատուկ կարծիք՝ առանձին շարադրված, որեւէ տեղ չի ներկայացվել, իսկ նրանց կողմից չի ներկայացվել դիմում վերահաշվարկ կատարելու մասին»: «Թվով 38 տարածքային ընտրական հանձնաժողովներից միայն թիվ 35 տարածքային ընտրական հանձնաժողովում է ստացվել մեկ դիմում՝ «Կոնգրես-ՀԺԿ» կուսակցությունների դաշինքի վստահված անձի կողմից, որով պահանջվել է անվավեր ճանաչել 35/55, 35/56 եւ 35/57 տեղամասերում (տեղամասերի ընդհանուր թվի 0.1%) քվեարկության արդյունքները: Դիմումը մերժվել է, քանի որ ներկայացված չեն եղել եւ իրականացված վարչական վարույթով էլ ձեռք չեն բերվել բավարար ապացույցներ: Քվեարկության օրը ԿԸՀ ստացվել է մեկ դիմում ՀՅԴ կուսակցության կողմից: … Դիմումի քննությամբ 2017թ. ապրիլի 7-ին կայացվել է որոշում Արագածոտնի մարզի, Փարպի համայնքի թիվ 17/21 ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին, իսկ վարույթով ձեռք բերված նյութերն ուղարկվել են դատախազություն:
Ի դեպ, դիմումով չկար ուղղակի պահանջ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին»:
Նկատեցի՞ք՝ սրբադասման հավակնորդներն այնքան ազնիվ ու բարեխիղճ են գտնվել, որ թեեւ այդ տեղամասում արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջ չի դրվել, բայց իրենք հանուն արդարության արել են այդ քայլը: Էլ ի՞նչ է հարկավոր երջանիկ լինելու համար: Եւ վերջապես, «ԱԺ 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ընթացքում ՀՀ վարչական դատարան է ներկայացվել 6 հայցադիմում: Առկա չէ որեւէ դատական ակտ, որով փաստվել է անձանց ընտրական իրավունքների խախտում: Դատական ակտերով ԿԸՀ որոշումները կամ գործողությունները ոչ իրավաչափ չեն ճանաչվել»: ՍԴ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի՝ ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով ներկայացված դիմումի մասին էլ նշված է. «Դիմումին կից ներկայացված չէր որեւէ պատշաճ ապացույց…» եւ ՍԴ-ն մերժել է նաեւ այս դիմումը:
Հիմա հավատացի՞ք, որ գործ ունենք իրական, բայց ափսոս, համապատասխան ծիսակարգով դեռեւս չճանաչված սրբերի հետ: Ուստի, համայն քրիստոնյա աշխարհը պետք է օր առաջ պահանջի ուղղել այս սխալը, եւ ԿԸՀ անդամներին՝ Տիգրան Մուկուչյանի գլխավորությամբ պետք է դասել համաշխարհային սրբերի շարքը:
Հ.Գ. Միայն թե մի հարց, այնուամենայնիվ, մնում է անպատասխան. եթե իշխանություններն ԱԺ ընտրություններն այդպես լավ էին կազմակերպել ու անցկացրել, կեղծիքներն ո՞վ արեց, ովքե՞ր էին տեղամասերում վերահսկում ընտրողների քվեարկությունը՝ խախտելով դրա գաղտնիությունը, ովքեր էին մինչ այդ գործադրել վարչական լծակներն ու ընտրակաշառք բաժանել, ընդ որում՝ համատարած: Փաստեր՝ որքան ուզում եք: Բայց չփչացնենք տոնական տրամադրությունը:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ