«Ժողովուրդ»-ը ՀՀ սփյուռքի նախարարության իրականացրած «Արի տուն» ծրագրի մասնակից սփյուռքահայերից բազմաթիվ դժգոհություններ է ստացել: Նրանց պատմելով՝ իրենք սոված են մնում, քանի որ ողջ օրվա համար ծրագրի ղեկավարությունը սննդի քիչ պաշար է տալիս՝ մեկ բուտերբրոդ, մեկ խնձոր ու ջուր (այս շոգին գոլ ջուր):
Դեռ ավելին՝ մասնակիցների համար կազմակերպված էքսկուրսիոն ծրագրերից հետո իրենց չեն ուղեկցում տուն, այլ թողնում են քաղաքի կենտրոնում, որտեղից Երեւանին ոչ քաջածանոթ երիտասարդները դժվարությամբ են հասնում իրենց բնակության վայրեր: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց սփյուռքի նախարարի աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանի հետ, ով անմիջապես հայտարարեց, որ նախաճաշն ու ընթրիքը հոգում են այն ընտանիքները, որոնք ծրագրի շրջանակներում երիտասարդներին հյուրընկալել են:
«Այդ մեկանգամյա սնունդը իրենից ներկայացնում է բուտերբրոդ, որն էլ մրցույթով շահած կազմակերպությունը մեքենայով հասցնում է այնտեղ, որտեղ երիտասարդները պտույտի են: Ե՛ւ հյութը, ե՛ւ բուտերբրոդը լինում է ըստ ստանդարտի: Բայց եղել են դեպքեր, երբ իսկապես տարել, հասցրել են, բայց հյութը տաք է եղել: Այդ դեպքում անմիջապես ինձ տեղեկացրել են, ես էլ հուշել եմ, թե ինչպես վարվեն: Մսով, պանրով կամ բանջարեղենով լցոնած բուտերբրոդ, նաեւ միրգ եւ քաղցրավենիք են տալիս: Արդեն 9-րդ տարին է, ինչ նույնն է»,- ներկայացրեց նա: Իսկ տուն չուղեկցելու մասով ասաց, որ ծրագիրը չի նախատեսում նման բան: Մինչդեռ, հիշեցնենք, այս ծրագրի կազմակերպման համար տարեկան հսկայական գումարներ են դուրս գրվում պետական բյուջեից: