Քաղաքապետարանը մտնում է վարորդների գրպանը. ընտրակաշառքը վերադարձնելու նոր տարբերակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թվում էր, թե մայրաքաղաքում վճարովի ավտոկայանատեղիների կազմակերպմամբ զբաղվող «Փարքինգ սիթի սերվիս» ընկերությունը մեծ շուքով պետականացվելուց եւ Երեւանի քաղաքապետարանին հանձնելուց հետո վարորդների բեռը վերջնականապես կթեթեւանա, ու մարդկանց համար պայմանները կբարելավվեն: Բայց արի ու տես, որ հակառակն է եղել. ՀՀԿ-ական Տարոն Մարգարյանի ղեկավարած քաղաքապետարանը պարզապես փորձում է մտնել վարորդների գրպանը՝ դե ֆակտո թանկացնելով ավտոկայանատեղիների վարձավճարները:

Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին «Փարկինգ սիթի սերվիս» ընկերությունը հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ օգոստոսի 1-ից սկսած 5045 համարին SMS հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղիի վճար կատարելիս քաղաքացու հեռախոսահամարի հաշվից կգանձվի 748 դրամ գումար, որից 500 դրամը որպես ավտոկայանատեղիի վճար, 124.6 դրամը` միջնորդավճար, 123.4 դրամը` ԱԱՀ: Իսկ եթե վարորդները չեն ցանկանում միջնորդավճարը մուծել, պետք է վճարումն իրականացնեն ոչ թե բջջային հեռախոսների միջոցով, այլ տերմինալներով, որոնք չեն գանձում գումարը: Բայց տերմինալները տեղադրված են Երեւանի բանուկ հատվածներում՝ քաղաքի կենտրոնում, իսկ շատ վայրերում դրանք չկան, արդյունքում վարորդները հայտնվում են անհարմար դրության մեջ:

Իսկ հիշո՞ւմ եք՝ նախընտրական շրջանում ինչ խոստումներ էր տալիս Տարոն Մարգարյանը, բայց պարզվում է՝ այս ամենը ընդամենը գովազդ էր, այն էլ՝ անբարեխիղճ գովազդ, քանի որ ընտրություններից շատ չանցած՝ մտել են վարորդների գրպանը՝ փորձելով ետ բերել ընտրակաշառքի ու նախընտրական այլ նպատակներով ծախսած գումարները, մյուս կողմից մի կերպ լցնելով համայնքային բյուջեն: Մինչդեռ հիշեցնենք, որ քանի դեռ «Փարկինգ սիթի սերվիս»-ը մասնավոր էր, ինքն էր վճարում այդ միջնորդավճարներն ու ԱԱՀ-ն:




Լրահոս