ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հարաբերությունները համաշխարհային առաջնորդների հետ լրագրողների, քաղաքական վերլուծաբանների եւ թերեւս հոգեբանների համակ ուշադրության ներքո են: Այդ շարքում առանձնանում են նրա հարաբերությունները Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որը Թրամփի պես նոր ընտրված նախագահ է, եւ որին նույնպես ընդունված է համարել քաղաքական դասական ընտրախավից մեկուսացած մեկը: Ավելին՝ ԱՄՆ նախագահի արտերկրյա առաջին ուղեւորության ժամանակ հենց Մակրոնն էր, որ կասեցրեց ձեռքսեղմումների թրամփյան հաղթարշավը:
ԱՄՆ նախագահ Թրամփը մի բացասական սովորություն ունի, երբ սեղմում է որեւէ պաշտոնյայի ձեռքը, այն քաշում է դեպի իրեն առանձնակի կոպտությամբ՝ ցուցադրելու իր առավելությունը դիմացինի նկատմամբ: Արդյունքում՝ համաշխարհային առաջնորդները սկսեցին առանձնահատուկ կերպով պատրաստվել նրա հետ ձեռքսեղմումներին: Ֆրանսիայի նորընտիր նախագահն այդ առումով լիովին անակնկալ մատուցեց Թրամփին՝ նույն կերպ վարվելով վերջինիս հետ: Ավելին՝ երբ Թրամփը ԱՄՆ-ն դուրս բերեց Փարիզի կլիմայի համաձայնագրից, Մակրոնն առաջինն էր համաշխարհային առաջնորդներից, որը անգլերենով դիմեց իր երկրի քաղաքացիներին ու մոլորակի բնակիչներին՝ հանձն առնելով դառնալ համաձայնագրի գործադրման առաջամարտիկը: Թրամփի ու Մակրոնի հարաբերություններում դեր է խաղում նաեւ նրանց միջեւ տարիքային մեծ տարբերությունը: Այդպես Թրամփը, հիմնվելով նաեւ ԱՄՆ նախագահի իր կարգավիճակի վրա, ձգտում է ամեն քայլափոխի ցուցադրել իր առավելությունը Մակրոնի հանդեպ, վերջինս էլ նման իրավիճակներում ելնում է հումորի ու կատակի դիրքերից, ինչի վառ վկայություններն են տասնյակ նկարներն ու տեսագրությունները Համբուրգում կայացած Մեծ քսանյակի գագաթնաժողովից:
Եվ ահա ԱՄՆ նախագահը հինգշաբթի օրը ժամանել է Փարիզ՝ երկօրյա աշխատանքային այցով: Առհասարակ, ԱՄՆ-Ֆրանսիա հարաբերությունները միշտ չէ, որ նորմալ գործակցային են եղել եւ այդպիսին, ըստ էության, դարձել են կոնկրետ նախագահների օրոք ինչ-որ կարճ ժամանակահատվածով: Օրինակ՝ Սարկոզիի օրոք հարաբերությունները ավելին էին, քան քաղաքական ներդաշնակությունը, մինչդեռ Օլանդի շրջանում դրանց մակարդակն ակնհայտորեն նվազել էր: Այժմ հարաբերությունները պիտի կառուցվեն ոչ միայն երկու պետությունների աշխարհաքաղաքական շահերով ու ներհասարակական դրությամբ պայմանավորված, այլ նաեւ երկու նախագահների անձնական համակրանքներով:
Հայտնի փաստ է, որ Թրամփը ֆրանսիական ընտրությունների նախօրյակին բացեիբաց իր աջակցությունն էր հռչակել Մակրոնի մրցակցի օգտին, սակայն հետո պնդել էր, որ իրականում իր համակրանքը հենց Մակրոնի կողմն է եղել: Այդ պնդումների արժանահավատության տարածմանն էին միտված նաեւ Թրամփի գլխավոր խորհրդական, ԱՄՆ-ում բավականին հակասական ընկալում ունեցող Սթիվ Բենոնի մեկնաբանությունները, որոնց համաձայն՝ Մակրոնն ու Թրամփը շատ ավելի նման են միմյանց, քան կարելի է պատկերացնել: Բենոնի կարծիքով՝ Մակրոնը կենտրոնամետ գործիչ է, որը «գլոբալիստի» համարում ունենալով հանդերձ՝ իր քաղաքական տեքստերում անընդհատ շեշտել է ազգայինի կարեւորությունը:
Մինչդեռ ֆրանսիացի մասնագետներն այնքան էլ համակարծիք չեն այս բնորոշումների հետ: Ըստ այդ մեկնաբանության՝ Մակրոնի մոտեցումները բացառապես հիմված են Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ֆրանսիական փորձի վրա, երբ ֆրանսիացիները հաճախ են հիասթափվել ամերիկյան հանձնառության նահանջներիից՝ ձեւավորելով վերջինիս նկատմամբ թերահավատություն: Այսօր առնվազն երկու հարթակներում Մակրոնն ու Թրամփը ունեն տրամագծորեն հակառակ կարծիք, որ լրջորեն սահմանազատում է նախագահների աշխարհաքաղաքական ընկալումը: Խոսքը վերաբերում է ինչպես Փարիզի համաձայնագրին, այնպես էլ ՆԱՏՕ-ի հանդեպ երկու գործիչների վերաբերմունքին:
Ի տարբերություն Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյի՝ Մակրոնը չշտապեց Միացյալ Նահանգներ՝ հանդիպելու ԱՄՆ նախագահին: Ստացվում է, որ Թրամփն ինքն է գալիս Մակրոնին այցի, թեկուզեւ վերջինիս հրավերով: Մակրոնին ընտրությունից հետո այցելել էր նաեւ ՌԴ նախագահ Պուտինը, ում ֆրանսիացին հասցրել էր հրապարակայնորեն կշտամբել ու խայտառակ քննադատության ենթարկել ռուսական պաշտոնական քարոզչությունը:
Ի դեպ, Պուտինը չէր համարձակվել արձագանքել ասուլիսի ժամանակ, եւ միայն նրա խոսնակն էր հետագայում հայտնել, որ համաձայն չեն Մակրոնի բնորոշումներին: Ստացվում է, որ Ֆրանսիայի նախագահը շահեկան դիրքում է միջուկային երկու գերտերությունների ղեկավարների հետ հարաբերություններում իր թելադրած պայմաններով: Եվ պատահական չէ, որ ավելի վաղ ստացած լինելով Միացյալ Թագավորություն այցելելու հրավերը` Թրամփը, այնուամենայնիվ, նախընտրեց Փարիզը: Սա նշանակում է, որ առնվազն առաջիկա հինգ տարիներին Ֆրանսիան է լինելու եվրոպական քաղաքականության ուժային հիմնական կենտրոնը, իսկ Մակրոնը` ԱՄՆ նախագահի ու ԵՄ-ի կապավորը:
Հաշվի առնելով Թրամփի հակասական խառնվածքը` եվրոպացիների համար Մակրոնը չափազանց հարմար կերպար է միջնորդ լինելու համար, որը առավել եւս արդեն գտել է Թրամփի հետ հարաբերվելու բանալին: Նման դասավորության պայմաններում Թրամփի այցը Փարիզ խիստ կարեւորվում է, մասնավորապես Եվրոպա-ԱՄՆ միասնական քաղաքականության մշակման առումով:
Թրամփը աստիճանաբար ներգրավվում է քաղաքական գործընթացներում, համենայն դեպս այլեւս ժամանակ չունի ամերիկյան հեռուստաշոուներին հետեւելու, ինչը իսկապես դրական ազդակ է: Եթե Մակրոնին հաջողվի համոզել Թրամփին փոխել մոտեցումը կլիմայի պայմանագրի շուրջ կամ ձեւակերպել արեւմտյան միասնական տեսլական Մերձավոր Արեւելքի ճգնաժամի հաղթահարման գործում, մեծ ծառայություն մատուցած կլինի աշխարհակարգի կայունության պահպանմանը: Եթե նույնիսկ Թրամփը չհամաձայնի Եվրոպայի հետ հորիզոնական հարաբերություններին, Մակրոնը կրկին դրսեւորվում է որպես Եվրոպայի առաջնորդ, քանի որ երկկողմ հարաբերությունների համատեքստում Թրամփն առաջինը այցելել է Փարիզ:
Ն. Հովսեփյան