Նոր վարկ ՝ անորոշ ապագայով. պետական պարտքը վաղուց ի վեր գերազանցել է 6 մլրդ դոլարի սահմանագիծը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանը ՌԴ-ի հետ քննարկում է ռազմական նոր վարկ ստանալու հարցը. այդ մասին հայտարարել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: «Նոր բանակցություններ այս պահին, այսպես ասեմ՝ տարբեր քննարկումներ ունենում ենք: Բայց որեւիցե բան ֆորմալ դեռեւս չունենք: Նախնական պայմանավորվածություն բարձր մակարդակի ժամանակին եղել է, որ Ռուսաստանի հետ ներքին գներով մեզ ռազմամթերք մատակարարվի: Որպես ստրատեգիկ մեր գործընկեր համաձայնել էր, որ ներքին գներով դա մատակարարվի, եւ այդ շրջանակներում է բանակցությունները տարվում»,- ասել է նա` առանց մանրամասնելու, թե ինչ գումարի մասին է խոսքը:

Նախ նկատենք, որ Հայաստանի պետական պարտքը վաղուց ի վեր գերազանցել է 6 մլրդ դոլարի սահմանագիծը. այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ այն կազմել է 6 մլրդ 140 մլն դոլար: Ու թեեւ իշխանությունները դեռ չեն բացահայտում նոր ռուսական վարկի չափը, բայց դժվար չէ ենթադրել` բավական կլորիկ գումար է լինելու: Անշուշտ, հանուն զինված ուժերի, արժի գնալ նման զոհողությունների. ի վերջո, բանակը նոր զինատեսակներով սպառազինելը պետության կարեւորագույն խնդիրներից մեկն է:

Բայց նախարարի հայտարարությունը հիշեցրեց ոչ վաղ անցյալում սպառազինություն գնելու համար ռուսական 200 մլն դոլարի հայտնի վարկի պատմությունը: Եթե հիշում եք՝ 2015թ. հունիսին ստորագրվեց այդ փաստաթուղթը, բայց տեւական ժամանակ այն չէր իրագործվում, եւ միայն հաջորդ տարի իրականացվեցին զենքի մատակարարումները, այն էլ գործընթացն արագացնելու համար առիթ հանդիսացավ ապրիլյան չարաբաստիկ քառօրյա պատերազմը: Հիմա չի բացառվում, որ նոր վարկային համաձայնագրի ոչ միայն քննարկումները, այլեւ դրա իրագործումը եւս տեւեն տարիներ»:

Առավել մանրամասը՝ թերթի այսօրվա համարում




Լրահոս