«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Պատվաստումների թեման բազմաթիվ ծնողների համար ամենացավոտներից է: Նրանք շարունակ կասկածում են` արժե՞ արդյոք տարբեր հիվանդությունների դեմ պատվաստել երեխային, արդյոք պատվաստանյութն անվտա՞նգ է եւ այլն:
Առողջապահության նախարարությունն առիթի դեպքում պնդում է, որ պատվաստումն անհրաժեշտ է, որ դրանից խուսափելը կնշանակի երեխային անպաշտպան դարձնել վարակիչ հիվանդությունների դեմ: Նաեւ վստահորեն երաշխավորում է պատվաստանյութի անվտանգությունը:
Ոչ քիչ դեպքերում դժգոհություններ են լինում նաեւ բուժաշխատողներից: Ծնողները բողոքում են, որ պատվաստվելուց առաջ երեխան չի զննվել, չի ենթարկվել այս կամ այն լաբորատոր-գործիքային հետազոտության եւ այլն, թեպետ դրանց մի մասի կարիքն իրականում չի էլ լինում: Իսկ բժիշկները ոչ միշտ են հարկ համարում ծնողների հետ խոսել, նրանց պարզաբանել իրենց քայլերն ու գործողությունները:
Ուրեմն` երեխաներին պատվաստվելու տանելուց առաջ ինչ պետք է իմանան ծնողները, որպեսզի ե´ւ թույլ չտան բժշկին թերանալ, ե´ւ նրան չմեղադրեն այնպիսի հետազոտություններ չկատարելու մեջ, որոնց կարիքը չկա:
Շատ հաճախ ծնողները հրաժարվում են պատվաստումից, երբ երեխան հազում է կամ ունի որեւէ այլ թեթեւ հիվանդություն։ Այս մոտեցումը սխալ է։ Իմիջիայլոց, նման իրավիճակում նույնիսկ որոշ բուժաշխատողներ իրենք են հետաձգում երեխայի պատվաստումները։
Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության` թեթեւ հիվանդությունների ժամանակ պատվաստելն անվտանգ է եւ նույնիսկ անհրաժեշտ։ Կան ավելի ծանր հիվանդագին վիճակներ, ինչպես օրինակ՝ օրգանների փոխպատվաստումը, որի դեպքում, մինչ հետագա բուժման պլանավորումը, պատվաստումների իրականացումը նույնիսկ խիստ անհրաժեշտ է համարվում: Եթե երեխայի մոտ նկատվում է ոչ բարձր ջերմություն, թեթեւ փորլուծություն եւ երեխայի մոտ չկա սուր վիճակ, դարձյալ նա կարող է պատվաստվել։
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության` հակացուցումները միքանիսն են.
ա. Եթե պատվաստանյութի նախորդ դեղաչափից երեխայի մոտ եղել է շատ ծանր ալերգիկ կամ անաֆիլակտիկ ռեակցիա (հիմնական նշաններն են՝ եղնջացան, դժվարացած շնչառություն, ճնշման անկում) երեխայի պատվաստումը չի կատարվում տվյալ կոնկրետ պատվաստանյութով,
բ. Եթե երեխայի մոտ առկա է ծանր իմունային անբավարարություն (օրինակ՝ ՁԻԱՀ, չարորակ նորագոյացություններ, իմունիտետը ճնշող դեղամիջոցների եւ ճառագայթային բուժման կիրառում): Թեթեւ եւ միջին իմունային անբավարարության դեպքում նույնիսկ պատվաստումները ցուցում են՝ հետագայում իմունային անբավարարության խորացման պայմաններում երեխային վարակիչ հիվանդությունների ծանր ելքից ապահովագրելու համար:
գ. Եթե երեխայի մոտ առկա են հակացուցումներ կոնկրետ պատվաստանյութերի նկատմամբ (օրինակ՝ զարգացող նյարդաբանական վիճակների դեպքում չի կատարվում կապույտ հազի բաղադրիչ պարունակող պատվաստանյութ, իսկ հեպատիտ Բ-ի եւ տուբերկուլոզի դեմ պատվաստում չի կատարվում 1700 գրամից ցածր քաշ ունեցող նորածիններին)։
Բոլոր դեպքերում երեխայի առողջական վիճակը եւ հակացուցումների առկայությունը գնահատվում է պոլիկլինիկայում` տեղամասային բժշկի, իսկ անհրաժեշտության դեպքում այս նպատակով կազմավորված մասնագիտական հանձնաժողովի կողմից։
Արդյոք անհրաժե՞շտ է պատվաստումից առաջ հետազոտել երեխային
Պատվաստումներից առաջ բժշկի կողմից պետք է իրականացվի պատվաստվողի զննում (պարտադիր ջերմաչափում, կոկորդի զննում, թոքերի լսում, հարց ու պատասխան` պարզելու` արդյոք երեխայի մոտ նկատվո՞ւմ է ախորժակի անկում, թուլություն), գնահատվում է ընդհանուր առողջական վիճակը եւ կատարվում է գրանցում բժշկական քարտում: Պատվաստումից առաջ լրացուցիչ լաբորատոր-գործիքային հետազոտությունների անհրաժեշտություն չկա, եթե բժշկի կողմից երեխայի վիճակը գնահատվում է «պրակտիկ առողջ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում