ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուկրաինան առգրավել է հայկական «Սիգարոնի» արտադրանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՍՊՍ Սիգարոն» ընկերությունը արդեն երկու ամիս է, ինչ ուկրաինական իշխանությունների ապօրինությունների պատճառով վնասներ է կրում: Բանն այն է, որ ընկերությունը փորձել է Ուկրաինայով ծխախոտ արտահանել դեպի Լեհաստան, սակայն Օդեսայում հանդիպել է բազմաթիվ խոչընդոտների: Նշենք, որ ուկրաինական լրատվամիջոցները նույնպես անդրադարձել են այս խնդրին եւ հայտարարել, թե բռնագրավվել է առանց ակցիզային սիգարետներ`17 մլն ուկրաինական գրիվնայի չափով:

Բայց ընկերության ներկայացուցիչները հայտարարեցին, որ այս տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:

Ընկերության հանրային կապերի պատասխանատու Նվեր Սարգսյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ այսօր շատ բարդ է Հայաստանից Եվրոպա ծխախոտ արտահանել.

«Արտահանել ենք Լեհաստան, բայց Ուկրաինայի տարածքում բազմաթիվ խոչընդոտներով այդ ապրանքը առգրավել է»:

Իսկ ահա «ՍՊՍ Սիգարոն» ընկերության կոմերցիոն տնօրեն Ահարոն Թադեւոսյանը նկատեց, որ անհասականելի պայմաններում է իրենց բեռն առգրավվել:

«Չթողեցին մենք բեռը Ուկրաինայից արտահանենք դեպի Լեհաստան, եւ շաբաթներ շարունակ ձգձգվում է: Նույնիսկ լեհական կողմը միջամտեց, նամակներ ուղարկվեցին` եթե չեք թողնում, ապա թողեք գոնե բեռը հետ գնա Հայաստան բովանդակությամբ:

Մեր հարեւան գործընկեր պետությունում պետական չինովնիկները առանց որեւիցե պատճառաբանության, անհիմն կերպով առգրավել են մեր արտադրանքը եւ հիմա մենք այն ոչ մի կերպ չենք կարողանում հետ ստանալ»,- ներկայացրեց ընկերության կոմերցիոն տնօրենը:

Ապա տեղեկացրեց, որ ընկերության իրավաբանն այս պահին Օդեսայում հանդիպումներ է իրականացնում ե′ւ դատական համակարգի ե′ւ հայկական համայնքի հետ:

Նշենք, որ ընկերությունն այս խնդրի շուրջ երեկ նամակ է ուղարկել Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանին:

Հ. Գ. Ի դեպ, ուկրաինական լրատվամիջոցներով հայտարարություններ են տարածվել նաեւ, որ իբր առգրավված արտադրանքը 840 հազար տուփ է եղել: Սակայն ընկերության կոմերցիոն տնօրենը հայտարարեց, որ իրենց արտադրանքը կազմել է ընդամենը 126 հազար տուփ: Եթե ոչնչացվի արտադրանքը, ապա ընկերությունը կկրի ավելի քան 70 հազար դոլարի վնաս:

Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս