Արդեն 6 մլրդ դոլարի սահմանագիծն անցած պետական պարտքը մտահոգիչ չէ՞. Կառավարությունը խոստովանում է, որ խախտվել է օրենքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանությունները փորձում են արտաքուստ ցույց տալ, թե արդեն 6 մլրդ դոլարի սահմանագիծն անցած պետական պարտքը մտահոգիչ չէ. հիշում եք այս թեմայով եւ վարչապետ Կարեն Կարապետյանի, եւ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի, եւ տնտեսական ոլորտի մյուս պատասխանատուների բազմիցս հնչեցրած հայտարարությունները: Միայն թե, վերջերս ընդունված «ՀՀ կառավարության պարտքի կառավարման 2018-2020թթ. ռազմավարական ծրագրում» հանդիպում ենք հետաքրքիր արձանագրումների այն մասին, որ պետական պարտքը գերազանցել է օրենքով նախատեսված չափը: Եւ այսպես, ըստ այդ փաստաթղթի. «ՀՀ կառավարության պարտք/նախորդ տարվա ՀՆԱ ցուցանիշը 2016թ. տարեվերջին կազմել է 52.2%` առաջին անգամ գերազանցելով «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքով սահմանված հարկաբյուջետային սահմանափակում նախատեսող 50% շեմը: Արդյունքում, 2017թ. ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը ծրագրավորվել է՝ հաշվի առնելով «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքով սահմանված հարկաբյուջետային սահմանափակումը (եթե ՀՀ կառավարության պարտքի հարաբերակցությունը գերազանցում է նախորդ տարվա ՀՆԱ-ի 50%-ը, ապա առաջիկա տարվա ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը չպետք է գերազանցի նախորդ 3 տարիների անվանական ՀՆԱ-ների միջին ցուցանիշի 3%-ը)»:

Այս ընթացքում եւ մասնագետները, եւ մամուլը բազմիցս ահազանգել են պետական պարտքի ահռելի չափերի մասին, հիմա նույնի մասին խոսում են իշխանությունները: Միայն թե, նկատենք`մինչեւ տարեվերջ պետական պարտքը դեռ էլի է ավելանալու, իսկ դա նշանակում է, որ էլ ավելի է մեծանալու օրենքով նախանշված սահմանափակման հետ անհամապատասխանությունը: Իշխանություններն, իհարկե, կարող են արդարանալ, թե այս ամենին զուգահեռ իրենք ապահովելու են տնտեսական աճ, եւ արդյունքում պետական պարտքի ռիսկերը կնվազեցվեն: Միայն թե, աճի մասին խոստումները կանխատեսումների ժանրից են, իսկ կանխատեսումները միշտ չէ, որ իրականանում են. օրերս Սերժ Սարգսյանն ինքն էր հայտարարել. «Մենք գործ ունենք մարդկանց, պրոցեսների հետ, մենք չենք կարող կանխատեսել բոլոր պրոցեսները: Այսօր մենք և շատ-շատ հզոր երկրները ունակ չենք միջազգային տնտեսական իրավիճակների մասին ունենալ ստույգ տեղեկություններ, դրա համար ասում ենք՝ կանխատեսումներ»:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս