Մի շարք մթերքների խոշոր ներկրող եւ պահածոների արտադրությամբ զբաղվող «Արտաշատի պահածոների գործարան» բաց բաժնետիրական ընկերությունը, այլ կերպ ասած`«Արտֆուդ»-ը տեւական ժամանակ է, ինչ չի կարողանում մասնակցել պետական գնումների գործընթացին: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ընկերությունը հայտնվել է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցանկում:
Ի դեպ, նշենք, որ ընկերությանը պետական գնումների գործընթացին չի թույլատրվել մասնակցել այս տարվա հունիսի 5-ից մինչեւ դեկտեմբերի 5-ը:
Իսկ գնումների գործընթացին մասնակցելու պայմաններին չբավարարվելու իրավական հիմքը հետեւյալն է` «Գնումների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «բ» ենթակետը: Այն է`գնման գործընթացի շրջանակում ընկերությունը ներկայացրել է կեղծ տվյալ:
Այս թեմայի շուրջ ArmLur.am-ը մեկնաբանություն ստանալու նպատակով դիմեց նաեւ «Արտֆուդ» ըկերություն, որտեղից ի պատասխան մեր հարցմանը փոխանցեցին. «Ես իրավասու չեմ ձեր պատասխան տալու, տնօրենն այստեղ չէ գործուղման է մեկնել, երբ վերադառնա կքննարկենք իր հետ ու ձեզ կպատասխանենք»:
«Արտֆուդ» ընկերությունը, նույն ինքը Արտաշատի պահածոների գործարանը, Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի բիզնեսն է: Այս ընկերությունում Հովիկ Աբրահամյանի որդու` ԱԺ պատգամավոր Արգամ Աբրահամյանի գործընկերը ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի որդին է` Վաչագան Կարապետյանը: Նրանք ընկերությունում ունեն հավասարաչափ բաժնեմասեր:
Ասել է թե` Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին եւ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին պատկանող ընկերությունը փորձել է կեղծ տվյալներ ներկայացնել: Բայց հետաքրքիր է`եթե ընկերության սեփականատերերը լինեին գործող պաշտոնյաներ արդյոք այս ամենը կբացահայտվեր, թե այնուամենայնիվ աչք կփակեին:
Հատկանշանականն այն է, որ այս ընկերությունը հայտնվել է ցանկում նրանց պաշտոնանկությունից ամիսներ անց: Եւս մեկ վկայություն այն մասին, որ Հայաստանում միայն գործող պաշտոնյաներին պատկանող ընկերություններն են ունենում արտոնյալ դիրք:
Հ.Գ. Պատրաստ ենք հրապարակել նաեւ ընկերության պատասխանը:
Մանրամասները` ArmLur.am-ի
Սյունէ Համբարձումյան