«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Գրեթե միշտ սկանդալների կենտրոնում գտնվող՝ Արարատի նախկին ՀՅԴ-ական մարզպետ Արամայիս Գրիգորյանի ունեցվածքին չափ ու սահման չկա: Վերջինս, 2017 թվականին ստանձնելով Արարատի մարզպետի պաշտոնը, հայտարարագրել է առանձնատուն, որին կից առկա է հողամաս և տնտեսական այլ շինություններ: Նա ունի երկու բնակարան՝ բազմաբնակարան շենքում, մեկ հողամաս, այգիներ, հասարակական և արտադրական նշանակության շինություններ:
Գրիգորյանն ունի LEXUS ԼՏ 600 HL, VAZ 2121, MITSUBISHI PAJERO IO 2.0 մակնիշների մարդատար երեք ավտոմեքենա և ZIL MMZ-45021 մակնիշի բեռնատար մեքենա: Գրիգորյանի կանխիկ դրամական միջոցները կազմում են 776 հազար ԱՄՆ դոլար, 300 հազար ռուսական ռուբլի և 961 մլն ՀՀ դրամ:
Գրիգորյանի տարեկան եկամուտը 77 մլն դրամ է, որից 30 մլն-ը երկու տարբեր շահաբաժիններից ստացված, 41 մլն-ն այլ եկամուտ, իսկ մնացածը գոյացել է աշխատավարձից: Նշենք, որ Գրիգորյանն առաջին անգամ 2013 թվականին ստանձնելով մարզպետի պաշտոնը, իսկ 2014-ին բնապահպանության նախարարի՝ ևս ունեցել է նշյալ շարժական և անշարժ գույքերը, աճման կարգով փոփոխության են ենթարկվել միայն դրամական միջոցները:
Հավանաբար, Գրիգորյանն իր անծայրածիր կարողությունը հետ է գցել այն տարիներին, երբ զբաղեցնում էր «Ավշարի» գինու գործարանի տնօրենի և «Արաքս» ՍՊԸ-ի փոխտնօրենի պաշտոնները»:
Առավել մանրամասը՝ թերթի այսօրվա համարում