Տարոն Մարգարյանը մնացել է 2 դրամի հույսին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել` տեղեկացնելով, որ SMS հաղորդագրությամբ ավտոկայանատեղի վճարի դեպքում, բացառապես այդ ծառայության համար, սահմանվում է 2 ՀՀ դրամ արտոնյալ վճար։ «Ինչպես գիտեք, Երևան քաղաքում ավտոկայանատեղի վճարի համար SMS հաղորդագրության միջոցով գանձվող գումարի հնարավոր փոփոխությունը մտահոգություն էր առաջացրել Երևանի քաղաքապետարանի, ՀՀ տարածքում ծառայություն մատուցող բջջային օպերատորների և գործընթացին առնչվող կողմերի շրջանում։ Խնդրի կարգավորման ուղղությամբ քննարկումներ մեկնարկեցին գործընթացի մասնակիցների, մասնագիտական խմբերի ու կառույցների միջև՝ փոխգործակցության միջոցով հնարավոր լուծումներ գտնելու համար։ Համատեղ աշխատանքների արդյունքում ուրախ ենք արձանագրել, որ կողմերի պատրաստակամության շնորհիվ հնարավոր եղավ արդյունավետ լուծում գտնել… Ուրախ ենք արձանագրել, որ համայնք-մասնավոր համագործակցությունը շարունակում է դրական փոփոխություններ արձանագրել »,- ասված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:

Ավտոկայանատեղիների վարձավճարների թանկացման պատմությունն ահա նման «երջանիկ» ավարտ ունեցավ. մեքենան մեկ օր կայանելու համար նախատեսված յուրաքանչյուր 500 դրամին զուգահեռ 124.6 դրամ միջնորդավճարի փոխարեն վարորդները հիմա կմուծեն ընդամենը 2 դրամ, ինչը մարդկանց գրպանի վրա որեւէ ազդեցություն չի թողնի, եւ այս ամենի համար դեռ ազգովի պետք է շնորհակալություն հայտնենք պարոն Տարոն Մարգարյանին:

Միայն թե, մինչ Երեւանի քաղաքապետարանը ճախրում է երջանկության յոթերորդ երկնքում` «ուրախությամբ տեղեկացնելով» խնդրի լուծման մասին, շտապենք հիասթափեցնել. իրականում հարցին ըստ էության որեւէ լուծում չի տրվել, եւ օգոստոսի 1-ից միեւնույն է, այդ ծառայության համար նախատեսված միջնորդավճարները գանձվելու են վարորդների միջոցներից: Պարզապես, նախատեսված 124.6 դրամի փոխարեն Տարոն Մարգարյանի ղեկավարած կառույցը վարորդների գրպանից ընդամենը 2 դրամ է տանելու` աննկատ, մաս-մաս:

Մեկ հիշեցում եւս. քանի դեռ վճարովի ավտոկայանատեղիների բիզնեսով զբաղվող «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերությունը մասնավոր էր, ինքն էր վճարում այդ միջնորդավճարը, դեռ ավելին` այս ՍՊԸ-ն ընդգրկված էր Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում: Նույնկերպ կարող էր շարունակել նաեւ Երեւանի քաղաքապետարանը, որին հիմա պատկանում է ընկերությունը, առավել եւս, երբ 2-ական դրամն այնքան էլ մեծ բեռ չէ այդ կառույցի համար: Բայց ոչ, Տարոն Մարգարյանի ղեկավարած կառույցը, ինչպես իշխանության մյուս մարմինները, փորձում է հնարավոր բոլոր մեթոդներով հարստահարել վարորդներին եւ թեկուզ 2-ական դրամով, բայց` նրանց հաշվին ապահովել իրենց եկամուտները:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս