ՖՈՏՈ. Ռուսական կողմի պատասխանը հնչել է վաղուց. Սերժ Սարգսյանը հիշողության խնդիրներ ունի՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեեւ Սերժ Սարգսյանը ջանացել էր վերջին հարցազրույցի, գոնե արցախյան հիմնախնդրին առնչվող մասը լինի անթերի, միեւնույն է, չստացվեց: Հարցին, թե Ռուսաստանն Ադրբեջանին զենք վաճառելը մեկնաբանել է, թե սա բիզնես է, արվում է հակամարտող երկրների միջեւ հավասարակշռությունն ապահովելու համար, եւ արդյո՞ք ռուսական կողմի նման դիրքորոշումն այդ երկրի հետ հարաբերությունների վերանայման հիմք չեն, Սերժ Սարգսյանը հակադարձել էր. «Ես երբեւէ չեմ լսել ռուսական կողմի պատասխանը, գոնե հրապարակավ: Եթե մի ռուս քաղաքական գործիչ կամ վերլուծաբան կամ նույնիսկ ինչ-որ պաշտոնյա ինչ-որ բաներ է ասում, դա չի նշանակում ռուսական կողմի պատասխանն է: Ռուսական կողմը կարող է պատասխանել նախագահի շուրթերով, ԱԳ նախարարի շուրթերով… անպայման պետք է պաշտոնական պատասխան լինի, որ ասենք ռուսական կողմի պատասխան»:

Մինչ Սերժ Սարգսյանը պնդում է, թե ինքը գոնե հրապարակավ չի լսել ռուսական կողմի պատասխանը, հիշեցնենք 2016թ. օգոստոսի 10-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ ասուլիսից հատվածներ: Այդ ժամանակ հարց էր հնչել ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին, եւ ՌԴ նախագահ Պուտինն ասել էր. «Սպառազինությունների ժամանակակից շուկայում յուրաքանչյուր երկիր կարող է գործնականում գնել ցանկացած զենք: Եւ ասենք այնպիսի երկիր, ինչպիսին Ադրբեջանն է`նավթարդյունահանող, գրեթե 10 մլն բնակչությամբ, արագ զարգացող տնտեսությամբ եւ ոսկու բավական մեծ պաշարներով, իհարկե ի վիճակի է ցանկացած տեղից գնել սպառազինություն: Հասկանո՞ւմ եք: Ցանկացած տեղից: Բայց ես չէի ցանկանա ուշադրություն հրավիրել գործի ռազմական կողմին: Եթե մենք ցանկանում ենք լուծել հիմնախնդիրը /խոսքը ԼՂ խնդրի մասին է,-խմբ/, ապա այն պետք է լուծվի խաղաղ միջոցներով»:

Հետաքրքիր է` ՌԴ նախագահի հնչեցրած այս խոսքերն ինչ են, եթե ոչ ռուսական կողմի պաշտոնական դիրքորոշում: Ընդ որում, այս հայտարարությունները Պուտինն արել է հենց Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսում: Այնպես որ, հետաքրքիր է` Սերժ Սարգսյանը չի՞ լսել իր ներկայությամբ հնչած հայարարությունները, թե չի հիշում արդեն: Երկու դեպքում էլ սիրուն չստացվեց:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս