Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
«Հարգելի՛ պարոն Սահակյան,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Պետական կառավարման մարմինների ժողովրդավարական և սահուն ձևավորման ընթացքը վկայում է Արցախի ժողովրդի ազատ ապրելու օգտին կատարած ընտրության անշրջելի բնույթը: Դա մարդու հիմնարար իրավունքները և ազատություններն անշեղորեն իրագործելու ուղին է: Այդ ճանապարհին Արցախի աննկուն և քաջարի ժողովրդի ստեղծած հանրապետությանն ապագայում ևս սատարելու և աջակցելու են Հայաստանի պետական բոլոր կառույցները և աշխարհասփյուռ ողջ հայությունը:
Վստահ եմ, որ Դուք շարունակելու եք Ձեր ազնիվ ծառայությունը մատուցել Արցախին՝ հանուն մեր ընդհանուր առաջընթացի և բարօրության: Խաղաղասեր և հերոսական մեր ժողորվրդի արշալույսները թող մշտապես խաղաղ լինեն»,- ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում: