Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ գրությամբ դիմել է Հայաստանի վարչապետին: Հայ առաքելական եկեղեցին նոր հողատարածք կստանա Հայաստանի կառավարությունից: Իսկ կառավարությունը պատրաստվում է եկեղեցուն անհատույց իրավունքով տրամադրել գյւողատնտեսության նախարարության «Երկրագործության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին պատկանող մոտ 5 հա-ից 1.4 հա-ը:
Armlur.am-ը տեղեկացավ, որ Կաթողիկոսը պատրաստվում է կառուցել 1 ՄՎտ հզորությամբ արեւային ֆոտովոլտային կայան եւ դրա շրջակայքում հիմնել զբոսայգի:
Նշենք, որ Կաթողիկոսի նախընտրած տարածքը գտնվում է Էջմիածին քաղաքի Սուրբ Գայանե վանքի հարեւանությամբ եւ կազմում է 1.4 հա: Այս հողատարածքը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խնդրում է իրեն տալ անհատույց սեփականության իրավունքով: Բայց քննարկվող այս հողամասը հանդիսանում է պետական սեփականություն եւ ընդգրկված է ՀՀ գյուղատնտեսության նախարարության ենթակայության «Երկրագործության եւ բույսերի պաշտպանության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի:
Արդյունքում կառավարության կողմից մշակվել է որոշման նախագիծ, որով առաջարկվում է Էջմիածին քաղաքի Իսի-Լե-Մուլինո փողոցի 1 հասցեում գտնվող 1,4 հա պետական սեփականություն հանդիսացող հողամասը հետ վերցնել ԳՆ-ի «Երկրագործության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից եւ անհատույց սեփականության իրավունքով հանձնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն: