«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արագածոտնի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ նշանակված Լալա Ղազարյանի որդու պաշտոնն իջեցրել են։ Եղիշե Աբելյանը, ով հարկայինում եւս հայտնի էր որպես «սոցապի Լալայի տղա», Գորիսի հարկային տեսչության պետից դարձել է պետի տեղակալ։
Նա հարկայինի հնաբնակ աշխատակիցներից է, ով տարբեր տեսչություններում եղել է տեղակալ, շնորհիվ հարմարվելու ունակության՝ կարողացել է աշխատել հարկայինի բոլոր պետերի հետ։ Իսկ Գորիս տեղափոխվելուց առաջ աշխատում էր Սեւանի հարկային տեսչությունում։
Հիշեցնենք, որ Լալա Ղազարյանը, ով աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց եւ երեխաների հարցերի վարչության պետն էր եւ այդ պաշտոնից ազատվեց 2014թ․ աղմկոտ պատմության արդյունքում, հետագայում նշանակվեց Արագածոտնի մարզում՝ շնորհիվ դաշնակցական մարզպետի։