ԻՆԸ ՏԱՐՎԱ ՄԵՋ՝ 7,9 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԻ ԱՐՏԱՀՈՍՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ Սերժ Սարգսյանը զբաղված է նախագահի լիազորությունների ավարտից հետո իր իշխանության վերարտադրության հարցը կարգավորելով, իսկ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ զանազան շոուներով, Հայաստանից գնալով ավելանում է կապիտալի արտահոսքը: Խոսքն, ի դեպ, գումարների օրինական արտահոսքի մասին է, որն ամրագրված է նաեւ պաշտոնական վիճակագրությամբ:

Եւ այսպես՝ 2017թ. մայիս ամսվա մեջ Հայաստանից դուրս է բերվել 86 մլն 901 հազար դոլար. սա այս տարվա ընթացքում գրանցված ամենամեծ ցուցանիշն է. հունվարին կապիտալի արտահոսքը 42.6 մլն դոլար էր, ապրիլին այն հասել էր 86.2 մլն դոլարի: Իսկ, ընդհանրապես, տարվա հունվար-մայիս ամիսներին Հայաստանից դուրս է բերվել 356 մլն 683 հազար դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 42,6 մլն-ով:
Հատկանշական է փաստը, որ կապիտալի արտահոսքը վերջին տարիներին գնալով միայն ավելացել է, ընդ որում, հիմնական աճն արձանագրվել է համապետական ընտրություններից, քաղաքական ցնցումներից հետո, երբ իշխանությունները պյուռոսյան հաղթանակ տարան` մարդկանց մեջ հետեւողականորեն մարելով ընտրությունների միջոցով փոփոխություններ անելու հույսը:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ Հայաստանում կապիտալի ամենամեծ արտահոսքը գրանցվել է 2008թ. ընթացքում, երբ, հիշում եք, նախագահական ընտրությունների կեղծիքների արդյունքում մարտի 1-ի 10 զոհերի արյան գնով Սերժ Սարգսյանը հայտնվեց նախագահի աթոռին: Արյունալի այդ իրադարձություններն անդառնալի հարված հասցրին ոչ միայն Հայաստանի միջազգային հեղինակությանը, այլեւ բացասական լուրջ ազդեցություն ունեցան բարոյահոգեբանական վիճակի վրա: Պատահական չէր, որ 2008թ. ընթացքում Հայաստանից կապիտալի արտահոսքի ծավալներն ամենամեծն են նորանկախ պետության պատմության ընթացքում:
Ըստ այդմ, Հայաստանից 2008թ. դուրս էր բերվել 1 մլրդ 124 մլն 466 հազար դոլար: Արդեն 2009թ. կապիտալի արտահոսքը կազմել է 752 մլն 370 հազար դոլար, 2010-ին՝ 731 մլն 555 հազար դոլար, 2011-ին այս ցուցանիշն ավելացել է կտրուկ՝ 823 մլն 547 հազար դոլար, 2012-ին՝ 856 մլն 519 հազար դոլար: 2013թ. թեեւ մի փոքր նվազեցին կապիտալի արտահոսքի ծավալները, բայց, միեւնույն է, շեղումն աննշան էր. 2013թ.Հայաստանից դուրս է բերվել 852 մլն 151 հազար դոլար, 2014թ. տեմպերն ավելացան՝ 902 մլն 819 հազար դոլար, 2015թ. կապիտալի արտահոսքը կազմել է 760 մլն 992 հազար, իսկ 2016թ. ընթացքում՝ 816 մլն 982 հազար դոլար: Եթե սրան ավելացնենք նաեւ այս տարվա ընթացքում Հայաստանից հանված 356 մլն 683 հազար դոլարը, կստացվի՝ Սերժ Սարգսյանի նախագահության այս 9 տարիների ընթացքում մեր երկրից կապիտալի արտահոսքը կազմել է 7 մլրդ 978 մլն 84 հազար դոլար:
Համեմատության համար նշենք, որ Հայաստանի պետական բյուջեն մոտ 2.9 մլրդ դոլար է: Այսինքն՝ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում Հայաստանից տարեկան դուրս է բերվել բյուջեի 1/3-ից մի փոքր քիչ գումար:
Եթե այս ամենին գումարենք տարիներ առաջ Global Financial Integrity կազմակերպության զեկույցը, ըստ որի՝ 2003-2012 թվականներին Հայաստանից ապօրինի արտահանվել է 7.5 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով գումար, ապա պատկերը միանգամայն պարզ է դառնում: Ընդ որում, ըստ այդ զեկույցի՝ Հայաստանից միայն 1,167 մլրդ դոլար ապօրինի դուրս էր բերվել 2011թ., երբ նույն տարում օրինական ճանապարհով դուրս բերված գումարն ավելացել էր 100 մլն դոլարով:
Տնտեսագետների պնդմամբ՝ կապիտալի՝ նման արտահոսքը խոսում է երկրի նկատմամբ վստահության մակարդակի մասին, այսինքն՝ մարդիկ Հայաստանը չեն համարում ապահով երկիր ու գերադասում են իրենց գումարները հանել այստեղից: Պատահական չէ, որ այս ամենին զուգահեռ՝ Հայաստանում գնալով նվազում են օտարերկրյա ներդրումները, ավելին՝ հիմնական տնտեսական գործընկեր երկրները ներդրումները նվազեցնելուց բացի՝ պարզապես Հայաստանից դուրս են հանում իրենց կապիտալը: Ասվածի վառ օրինակ է ՌԴ-ն, որը 2016թ. ընթացքում ոչ միայն ներդրումները չէր ավելացրել, այլեւ Հայաստանից հանել էր իր կապիտալը՝ 26.2 մլրդ դրամ կամ 54.7 մլն դոլարի չափով:
Բայց այս ողջ պատմության մեջ ուշագրավ է մեկ այլ հանգամանք. Հայաստանի իշխանությունները որեւէ հոդաբաշխ մեկնաբանություն չեն տվել կապիտալի արտահոսքի ծավալների աճի մասին, որեւէ մեկը չի բացատրել, թե ինչու է այդ ցուցանիշը գնալով միայն ավելանում: Հավանաբար, նման բաների ժամանակ չկա. զբաղված են ներիշխանական վերադասավորումներով:
Հ.Գ. Ի դեպ, այս ընթացքում արտասահմանյան կապիտալի արտահոսք է սկսվել նաեւ ՌԴ-ում, եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը կատարվածը մեկնաբանել է անկայունությամբ ու կոնյուկտուրային գործընթացներով: Այսինքն՝ գոնե ինչ-որ բացատրություն այդ երկրում տրվել է տխուր իրավիճակին:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

ՔԹԻՑ ԵՆ ԲԵՐԵԼՈՒ
Երեկ հայտնի դարձավ, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն 80 մլն դոլարի չափով վարկ է վերցրել «Ասիական զարգացման բանկից»: Նշված գումարով ՀԷՑ-ը մտադիր է բարելավել Հայաստանում էլեկտրաէներգիայի բաշխումը եւ նպաստել էներգետիկ անկախության եւ արդյունավետության բարձրացմանը: Սակայն ընկերության կողմից վարկ վերցնելը լուրջ մտահոգությունների առիթ է դարձել ոչ միայն մասնագետների, այլեւ ՀՀ քաղաքացիների մոտ: Մարդիկ համոզված են, որ ՀԷՑ-ն այս վարկը մարելու է մեր` սպառողներիս հաշվին: Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատեց, որ ընկերության նախկին տնօրենը հենց այդպես էր վարվում: «Գումարներ էր վերցնում, հետո դրանց սպասարկման ծախսերը մտցնում էր էլէներգիայի սակագնի մեջ ու դիմում էր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ու համոզում, որ ինքը ներդրումներ կատարելու համար վարկ է վերցրել: Բայց իրականում դա տնտեսագիտորեն ընդունելի չէ, այդպիսի ներդրումներ չեն անում: Ամենայն հավանականությամբ իրենք սեփական ֆինանսական միջոցներ չունեն եւ որոշել են այս ճանապարհով գնալ: Ես չեմ կարծում, որ այդ վարկը ցածր տոկոսադրույքով է, բայց հույս ունենանք, որ դա չի ազդի էլէներգիայի սակագնի վրա»,- հույս հայտնեց տնտեսագետը:

 

 

ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՏԵՂԱՓՈԽԵՑԻՆ
Կաշառքի գործով կալանավորված, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից տեղափոխել են «Վարդաշեն» ՔԿՀ:
Բանն այն է, որ դատարանի նախագահն առողջական խնդիրներ ունի, եւ նրան ձերբակալելուց անմիջապես հետո տեղափոխել էին դատապարտյաների հիվանդանոց: Հիշեցնենք, որ հունիսի 6-ին ձերբակալվեցին Գեղարքունիքի մարզային դատախազության դատախազ Սեւակ Շհոյանը, մարզի դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանը եւ նույն դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանը, վերջիններիս մեղադրանք է առաջադրվել դատական ակտեր կայացնելու համար քաղաքացիներից կաշառք վերցնելու համար:
Նշենք, որ դատավորի ու դատախազի դեմ մինչ օրս որեւէ մեկը ցուցմունք չի տվել, իսկ աղմկահարույց այս գործը բացահայտվել էր իրավապահների կողմից գաղտնալսումների հետեւանքով:

 

 
ՊԼԱՆԱՅԻՆ ԴԻՏԱՐԿՈՒՄ
Այսօր ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում կանցկացնի Մարտունու շրջանի ուղղությամբ՝ Աշաղի Վեյսալի բնակավայրի հյուսիս-արեւելքում: «Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցելու դիտարկման անցկացմանը եւ ապահովելու ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը»,- նշվում է ԼՂՀ արտգործնախարարության հաղորդագրությունում:

 

 

«ԵԼՔ»-Ի ՆԱԽԱՀԱՅՐԸ
Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ նա է «Ելք» դաշինքի նախահայրն ու հիմնադիրը: ArmLur.am-ը դիմեց «Ելք» դաշինքի խմբակցության ավագանու անդամ Ալեն Սիմոնյանին` հասկանալու համար՝ իրականում ինչ մասնակցություն է նա ունեցել դաշինքի հիմնադրման հարցում: «Նախաձեռնությունն իր կողմից է եղել, բայց ի սկզբանե իրենք դուրս են եկել, չեն ստորագրել եւ չեն միացել: Նա «Ելք» դաշինքի նախահայրը չի եղել, պարզապես առաջարկել է լայն ֆորմատով հանդիպել եւ քննարկել, որի արդյունքում էլ որոշվել է: Առաջին հանդիպումից մենք՝ երեքս ասել ենք, որ նախապայման չունենք, իսկ իրենք լռել են: Այդ իսկ պատճառով նա դուրս է մնացել: Ամեն դեպքում կարող է ասել, որ հիմքերում եղել է»,- ասաց նա:

 

 

 

ԿԱՇԱՌՔ ԲԱԺԱՆԵԼՈՒ 90 ԴԵՊՔ
«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻ) երեկ հրապարակած զեկույցում պնդում է, թե անցած խորհրդարանական ընտրությունների արդյունքների ձեւավորման մեջ հիմնական դերը խաղացել է բաժանվող ընտրակաշառքը: Ամփոփելով նախընտրական շրջանի դիտարկումները՝ հակակոռուպցիոն կենտրոնի մասնագետներն արձանագրել են կաշառք բաժանելու 90 դեպք: Կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի խոսքով՝ ընտրակաշառք բաժանել են գրեթե բոլոր քաղաքական ուժերը: Նրա շեշտադրմամբ՝ վարչական ռեսուրսի չարաշահումն այս ընտրություններում եւս ընդգծված դեր է ունեցել: Վարուժան Հոկտանյանը ընդդիմադիրներին կոչ է անում լինել ակտիվ եւ 2022թ. ընտրություններին նախապատրաստվել հենց այսօրվանից:

 

 

ԲԱՐԴ ԿԼԻՆԻ
Ըստ տնտեսագետ Կառլեն Խաչատրյանի՝ 2017թ. կառավարության ծրագրով կանխատեսվող տնտեսական 5 տոկոս աճը բավական բարձր ցուցանիշ է՝ հաշվի առնելով վերջին 2-3 տարվա տնտեսական աճի դինամիկան: «Որոշակի վերապահումներ կան 5 տոկոս տնտեսական աճի հետ կապված: Ապահովել տարեկան 5 տոկոս տնտեսական աճ բավական բարդ կլինի: Կարծում եմ՝ կառավարությունն էլ հասկանում է, որ իր առջեւ բարդ խնդիր է դրել»,-նշել է Կ. Խաչատրյանը:




Լրահոս