ԱԱԾ-Ն ԸՆԴԴԵՄ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱ՞Ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 26-ին Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը դիմել էր կրթության եւ գիտության նախարարությանը՝ ոչ պետական ԲՈՒՀ-երում հայտնաբերված խախտումները վերացնելու եւ հետագայում բացառելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար: Ի՞նչ է պատրաստվում անել Լեւոն Մկրտչյանը, եթե ԱԱԾ-ի զգուշացումից հետո կրկին նման դեպքեր արձանագրվեն:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն պարզել էր, ոչ պետական ԲՈՒՀ-երի երեք ռեկտորներ դասընթացներին չմասնակցած, իսկ առանձին դեպքերում նաեւ ընթացիկ ու ավարտական քննություններին չներկայացած անձանց կեղծ ավարտական դիպլոմներ են տրամադրել, մասնավորապես դիպլոմներ են հատկացվել ՀՀ 2, Իրանի 1, ԱՄՆ 8, ՌԴ 2, Ուզբեկստանի 1, Իսրայելի 1, Վրաստանի 5 քաղաքացիների:
Իհարկե, ԱԱԾ քննչական վարչության կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածի կարգով միջնորդագիր է ուղարկվել ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն՝ ոչ պետական ԲՈՒՀ-երում հայտնաբերված խախտումները վերացնելու եւ հետագայում բացառելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանից փորձեց պարզել, թե ինչ է անելու, եթե ազգային անվտանգության ծառայության զգուշացումից հետո կրկին նմանօրինակ խախտումներ հայտնաբերվեն:
-Պարո՛ն Մկրտչյան, ազգային անվտանգության ծառայությունը, դիմելով նախարարություն, զգուշացրեց, որ բացառեն կեղծ դիպլոմներ տրամադրելու երեւույթները: Ըստ էության ոլորտի քաղաքական պատասխանատուն Դուք եք, ի՞նչ եք անելու, եթե այս զգուշացումից հետո էլի դեպքեր բացահայտվեն:
-Ոչ թե կրկնվի, այլ այս փաստի հիման վրա կոնկրետ հաստատությունների լիցենզիան կվերցնենք, որովհետեւ չի տրված որեւէ մեկին իրավունք խաղալ Հայաստանի հեղինակության հետ:
-Այսինքն՝ նմանօրինակ դեպքերի շարունակության դեպքում Ձեր քայլը լինելու է լիցենզիայից զրկե՞լը:
-Հանձնաժողով կա, կքննենք, կտեսնենք՝ ինչ է, եւ եթե կա նաեւ դատարանի որոշում եւ կոնկրետ փաստեր, ապա այդ բուհը բարոյական իրավունք չունի շարունակել իր գործունեությունը, եւ կհասկանանք՝ ինչ կարող ենք անել:
-Ըստ Ձեզ՝ ԱԱԾ-ի զգուշացումը իրավական գործընթացի հետեւա՞նք էր, թե՞ այս նախազգուշացումը քաղաքական ենթատեքստ ունի: Մի՞գուցե Հանրապետական կուսակցությունից են ՀՅԴ-ին հաղորդագրություն ուղարկում՝ յուրացում, չարաշահում չանեք:
-Չէ՛, ազգային անվտանգության դիմումը տրված է, որ կա քրեական գործ, եւ մենք պետք է սպասենք արդյունքներին:
-Դուք զգուշացման մեջ քաղաքական ենթատեքստ չեք տեսնում, գուցե իշխող կուսակցությունից զգուշացնո՞ւմ են:
-Չէ՛, չէ՛, կոնկրետ հաստատությունները, որոնց անունները հնչեց այդտեղ, ինձ թվում է, որ այդտեղ որեւէ քաղաքական խնդիր չկա:
-Ըստ Ձեզ՝ այն քրեական գործերը, որոնք հարուցվել են եւ դեռ ավելին՝ ազգային անվտանգության ծառայության կողմից քննվում են, միայն Ձեր ղեկավարման օրո՞ք են բացահայտվել, թե՞ նախկինում արված գործողությունների հետեւանք են:
-Գիտեք, համակարգը ինքը մեծ համակարգ է, մենք ունենք 90 հազար ուսանող, 360 հազար աշակերտություն, եւ բնական է, եթե նման չարաշահումները լինում են, ուրեմն լինում են: Այսինքն՝ նախկին, թե այսօրվա խնդիր չէ, խնդիրը ունենք, որ այսօրվա կառավարման համակարգում պետք է լուծենք լուրջ հարցեր: Այսինքն՝ մենք պետք է կարողանանք դպրոցները եւ համալսարանները դնենք միայն կրթական գործընթացներ իրականացնելու եւ քաղաքացի դաստիարակելու խնդրի առաջ: Այդ ընթացքում կարիք ունենք նաեւ շատ համալսարաններին վերադարձնելու իրենց առաքելությանը: Այդ ուռճացած համակարգը, ոչ իրենց պրոֆիլին հատուկ մասնագիտությունների գոյությունը եւ այլն, սրանք, Ձեր ասած, բոլոր ռիսկերը մեծացնում են:
-Ինչպես ցույց տվեց իրավիճակը՝ Երեւանի Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսաիրավագիտական համալսարանի ռեկտոր Լաուրա Մկրտչյանը 2 միլիոնի դիմաց բուհի նախկին ուսանողին իրավաբանական ֆակուլտետի դիպլոմ էր վաճառել: Այս արարքի համար նա դատարանի կողմից տուգանվեց 300 հազար դրամով, իսկ ահա Պրոգրես-համալսարանի ռեկտոր Ռաֆիկ Խաչատրյանը 700-900 դոլարով էր դիպլոմներ վաճառել այլ ուսանողների, ինչի համար դատարանի կողմից տուգանվեց 600 հազար դրամի չափով: Ըստ Ձեզ՝ միայն տուգանելով մենք կկարողանա՞նք ռեկտորների նմանօրինակ դրսեւորումները զսպել:
-Դատարանի տիրույթում է, բայց այն, որ փաստը ապացուցված է, եւ հանցանք կա, մեզ լուրջ մտածել է տալիս լիցենզիոն գործունեության ուղղությամբ, հասկանանք՝ դա ինչքան եզակի երեւույթ է, եւ ինչքան է բուհի պատասխանատվությունը, ըստ դրա կորոշենք:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 
ԻՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ՊՐՈՌԵԿՏՈՐԻՆ
2017 թվականի փետրվարի 7-ին ՀՀ գլխավոր դատախազությունը պաշտոնապես հայտնել էր, որ Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան ՊՈԱԿ-ում ֆինանսական չարաշահումներ են հայտնաբերվել: Իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՊՈԱԿ-ում արձանագրվել է ընդհանուր նյութական միջոցների յուրացում, որը կազմել է մոտ 36 միլիոն 340 հազար 692 դրամ: Նշենք, որ համալսարանի ֆինանսատնտեսական գծով պրոռեկտորը ԱԺ պատգամավոր, ՀՀԿ երիտթեւի ղեկավար Կարեն Ավագյանի եղբայրն է՝ Արթուր Ավագյանը։
Սակայն բացահայտումից կարճ ժամանակ անց բուհի ռեկտոր Գայանե Գասպարյանը պայմանագրի ժամկետը լրանալու պատճառաբանությամբ ազատվեց ռեկտորի պաշտոնից, եւ նրա փոխարեն ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել կրթության եւ գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանը: Ի դեպ, այս գործով նախաքննությունը դեռեւս շարունակվում է, եւ մեզ տեղեկություններ հասան, որ բուհի նախկին ռեկտոր Գայանե Գասպարյանը բացահայտված չարաշահումների գործով որպես վկա հրավիրվել է հարցաքննության:
Ինչով կավարտվի այս աղմկահարույց դեպքը, ժամանակը ցույց կտա:
«Ժողովուրդ»-ը ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանի հետ զրուցեց իր եղբոր ապագայի մասին:
-Պարո՛ն Ավագյան, համալսարանում չարաշահումների բացահայտումից հետո ռեկտորին ազատեցին, հնարավո՞ր է՝ հաջորդը Ձեր եղբայրը լինի, քանի որ նա է ֆինանսական մասով պատասխանատուն:
-Եկեք, պայմանավորվենք, եթե եղբոր մասով հարցեր կան, միշտ տալ եղբորը, հաստատ կգտնեք Ձեր հարցերի պատասխանը: Ինչ վերաբերում է ռեկտորի փոփոխության պատճառներին, ես իրականում տեղյակ չեմ:
-Դուք խոսե՞լ եք նրա հետ, ի՞նչ առնչություն ունի նա յուրացման գործերի հետ, քանի որ կոնկրետ նրա անունը կապվեց բացահայտման հետ:
-Իր անունը շոշափել եք Դուք, եւ ֆինանսական մասով այնտեղ որեւէ կապ եղբոր հետ բացառապես չի եղել: Այն ժամանակ էլ Դուք հարցադրումեր ներկայացրել եք, պատասխանները ստացել եք, բայց Ձեզ այդ պատասխանները չեն բավարարում: Եթե ինչ-որ այլ բան եք ուզում, որ տեղի ունենա, խնդրենք մեր եղբորը՝ այդ ձեւով աշխատի կամ դուրս գա համալսարանից, եթե Ձեր մոտ խնդիր է դարձել, որ նա դուրս գա համալսարանից:
-Փաստ է, որ չարաշահումներից հետո ռեկտորին են աշխատանքից ազատում, բայց ֆինանսական մասով բուհի պատասխանատուն՝ Ձեր եղբայրը, շարունակում է աշխատել: Տեսակետ կա, թե Ձեր միջամտության արդյունք է, որ նա շարունակում է մնալ պաշտոնին:
-Նման տեսակետ հնչում է Ձեզ մոտ, ես ուզում եմ դա անպայման ասել, քանի որ այլ տեղ ես չեմ կարդացել, համենայնդեպս, մինչ օրս նման հրապարակում չի եղել ռեկտորի ազատումնից հետո: Իսկ մնացած մասով քրեական գործ է, պրոցեսներից հետո կհասկանանք՝ ով ինչքանով կապ ուներ այդ բոլոր խնդիրների հետ:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 
ՃԱՆԱՊԱՐՀԻՆ ՉԻ ԿԱՆԳՆԻ
Երեկ Երեւանի առաջին փոխքաղաքապետ Կամո Արեյանը նշել է, որ նարցիսիզմով չեմ տառապում եւ պաշտոնիցս կառչած չեմ: Նրա խոսքով՝ յուրաքանչյուրը պետք է համարի, որ կատարում է ամենակարեւոր եւ պատասխանատու աշխատանքը՝ անկախ նրանից, թե ինչպիսի պաշտոն է զբաղեցնում: «Եթե տեսնեմ, որ ժամանակն է՝ այս պաշտոնը զբաղեցնեն երիտասարդ մասնագետները, նրանց ճանապարհին չեմ կանգնի»,-հավելել է Արեյանը:

 

 

ՀՍՏԱԿ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ըստ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի՝ Հայաստանը պետք է ներմուծման եւ արտահանման հստակ քաղաքականություն ունենա: «Մենք պետք է սահմանենք, թե որ երկրներից կարող ենք մթերք ներկրել, իսկ որ երկրներից՝ ոչ, եւ այս պահանջներին հետեւենք»,-ընդգծել է նա: Ու անհասկանալի է, թե «պետք է սահմանենք»-ը երբ իրականություն կդառնա եւ ում կողմից: Հիշեցնենք, որ ապրիլին Երեւանի մանրածախ առեւտրի կետերում ադրբեջանական խնձորներ էին հայտնաբերվել:

 

 

ՈՒ՞Ր ԵՆ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԴԱՍԱԳՐՔԵՐԸ
«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդան Բոստանջյանը նշել է, որ այժմ դպրոցական դասագրքերին հայացք նետելիս տպավորություն է ստեղծվում, որ այն գրել են հոգեպես ոչ այնքան նորմալ մարդիկ: «Այժմ դասագրքերն ակամա նման մտքի են հանգեցնում: Որտե՞ղ են հին՝ խորհրդային դասագրքերը»,- ասել է Բոստանջյանը:

 

 

ԿՐՃԱՏՈՒՄՆԵՐՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ ԵՆ
Ըստ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի՝ Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կրճատումներն անխուսափելի են: Հիշեցնենք, որ հունիսի սկզբին, ի նշան ազատումների դեմ բողոքի, կոլեկտիվը խափանեց ներկայացումը, եւ հանդիսատեսը չկարողացավ դիտել Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը: Ամիրյանի խոսքով՝ բողոքողների նկատմամբ ներողամտություն չեն ցուցաբերի. նրանց խիստ նկատողություններ են հայտարարվել, իսկ մշակույթի նախարարությունը չի պատրաստվում հրաժարվել կրճատումների մտքից:

 

 

ԱՅՑԵԼԵԼ ԵՆ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի պատվիրակության ներկայացուցիչներն այցելել են Զավեն Կարապետյանին: Կարմիր խաչի երեւանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունու փոխանցմամբ՝ այցելությունը հուլիսի 1-ին է տեղի ունեցել: Հիշեցնենք՝ հունիսի 21-ին Ադրբեջանի զինված ուժերը հայտարարեցին, թե հայ դիվերսանտի են գերեվարել, մինչդեռ հայկական կողմը պնդում է, որ Զավեն Կարապետյանը մտավոր խնդիրներ ունի, մանկատան սան է եղել եւ զինված ուժերի հետ կապ չունի:




Լրահոս