«Սասնա Ծռեր»-ի հետ բոլոր պայմանավորվածությունները կատարվել են. Գառնիկ Իսագուլյանը` իրենց ուղղված մեղադրանքների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեկ տարի առաջ՝ հուլիսի 17-ին, «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները գրավեցին ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը: Այդ օրվա գործողությունների արդյունքում զոհվեցին ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը, Գագիկ Մկրտչյանն ու Յուրի Տեփանոսյանը։ Հենց այդ օրը 5 ոստիկան պատանդ վերցվեցին, այդ թվում Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ու ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը: Խմբավորման անդամները հանձնվեցին հուլիսի 31-ին` երկար բանակցություններից հետո: Այդ ամբողջ ընթացքում իշխանությունների անունից նրանց հետ բանակցություններ էր անցկացնում Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը:
«Ժողովուրդը» մեկ տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների շուրջ զրուցել է ՀՀ-ում ԱՀ ներկայացուցչության խորհրդական Գառնիկ Իսագուլյանի հետ, ով այդ ամբողջ ընթացքում հեռակա կերպով իրադարձությունների մասնակից էր:

-«Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՊՊԾ գնդի գրավումից անցել է մեկ տարի: Ի՞նչ ունեինք այն ժամանակ եւ ի՞նչ ունենք այժմ:

-Ունեցանք շատ վատ միջադեպ, երբ զինված մի խումբ Երեւանում գրավել էր ՊՊԾ գունդը եւ, ցավոք սրտի, այդ ընթացքում ունեինք մեկ ոստիկան զոհված: Այն ժամանակ շատ ծանր իրավիճակ էր, այսօր մենք նման իրավիճակ չունենք, կարեւորը դա է:

-Դասեր կարողացա՞նք քաղել տեղի ունեցածից:

-Կարեւոր է, որ մենք որեւէ պարագայում չփորձենք երկրի ներսում դիմել զինված հեղաշրջման, դա ամենակարեւորն է: Ըստ էության, երիտասարդների նպատակը զինված հեղաշրջումն էր, դա անթույլատրելի է մեր տարածաշրջանում եւ մեր երկրի համար, քանի որ այն խառը իրավիճակը, որ այդ ժամանակ կարող էր տիրել Հայաստանում, անդառնալի հետեւանքներ կունենար ոչ միայն Հայաստանի վրա, այլեւ այդ ընթացքում մենք կարող էինք նաեւ կորցնել Արցախը: Թվում է, թե տղաներն Արցախի եւ այլ խնդիրների համար էին նման քայլի դիմել, բայց ամեն պարագայում պետք է լավ մտածել` հասկանալու համար այն խնդիրները, որ դրել ենք մեր առջեւ, լուծելո՞ւ ենք, թե՞ երկիրը կանգնեցնելու ենք շատ ավելի ծանր վիճակի առաջ: Ես կարծում եմ՝ մեծագույն ողբերգություն կլիներ, եթե համապատասխան ղեկավարությունը չգտնվեր իր բարձրության վրա եւ չկանխեին այդ ամենը, ընդ որում, առանց տղաներից զոհերի, սակայն ունեցանք ոստիկանների կորուստներ, եւ դա պետք է դաս լինի բոլորի համար:

-Իսկ իշխանություններն ի՞նչ դասեր են քաղել մեկ տարի առաջ տեղի ունեցած դեպքերից:

-Այն խնդիրներին, որ իբրեւ թե ուղղված էր այդ դեպքը, արդյոք ինչ-որ նպատակ դրե՞լ էր իր առջեւ: Եթե իշխանափոխություն, ապա ինչի՞ գնով` երկու հայկական պետականությունների կորստի գնո՞վ: Իշխանափոխությունը չի կարող ինքնանպատակ լինել: Ես գնում եմ ամեն ինչի մենակ նրա համար, որ իշխանափոխությո՞ւն անեմ, երբ դրանից ամիսներ առաջ քառօրյա պատերազմն էր եղել: Շատ կարեւոր էր մեր միասնականությունը, եւ այդ ընթացքում մենք գնում ենք արկածախնդրության` առանց մտածելու այն հետեւանքների մասին, որ կարող է ունենալ պետականությունը: Իշխանություններն ի՞նչ դասեր պետք է քաղեին. դրանից հետո եղել են ընտրություններ, թող այդ ժամանակ կարողանային միավորվել, ձեւավորել ընդդիմադիր դաշտ եւ այն խնդիրները, որ չէին կարողանում լուծել այսօրվա իշխանությունները, փորձեին լուծել իրենք: Եթե դու գնում ես մի գործունեության, որտեղ ամեն ինչ բաժանել են լավերի եւ վատերի, ես չեմ կարծում, որ այդ պարագայում կարող ենք դրական արդյունքներ ունենալ. նրանք մարդկանց մի քանի խմբերի են բաժանել, ինչը լավ արդյունքի չէր կարող բերել:

-Դուք Վիտալի Բալասանյանի եւ խմբավորման անդամների միջեւ բանակցությունների ժամանակ մշտապես ակտիվ եւ տեղեկացված եք եղել: Խմբավորման անդամների հանձնվելուց հետո նշվում էր, թե պայմանավորվածությունները չեն կատարվել, իսկ Բալասանյանի պաշտոնն էլ տղաների հանձնվելու գնով եղավ: Ի՞նչ կասեք այդ մասին:

-Այդ թեմաներով խոսում են մարդիկ, ովքեր բացարձակ տեղյակ չեն ո՛չ բանակցությունների ընթացքից, ո՛չ էլ այն պայմանավորվածություններից, որոնք եղել են: Ես կարող եմ ասել հետեւյալը. բոլոր պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել, դրանք կատարվել են 100 տոկոսով: Ինքը գործողությունը երեք փուլ է անցել. առաջին փուլի համար հստակ պայմանավորածություն կար. այսօր զենքը վայր եք դնում, վաղը տեղի է ունենում սա՛, սա՛, սա՛: Դա տեղի չի ունեցել, իսկ երկրորդ փուլում միանգամայն այլ պայմանավորվածություններ են եղել, որոնք եւս չեն կատարվել: Երրորդ փուլում իշխանություններն արդեն շատ հստակ հարցադրում են արել. կա՛մ այսօր զենքերը վայր եք դնում, կա՛մ այսօր մտնում ենք, եւ ինչ զոհեր կլինեն, ձեր պատասխանատվության ներքո է: Եվ այդ ուլտիմատումի տակ էլ զենքերը վայր են դրել: Այդ ժամանակ ոչ մի պայմանավորվածություն չի եղել, այլ հստակ հարց է եղել դրված` առանց որեւէ նախապայմանի: Լրագրողների պարագայում հստակ պայմանավորվածություն կար, սակայն դրանք չկատարվեցին, ով պետք է պատասխանատվություն կրի:

Դրանք երեք տարբեր փուլեր են եղել, եւ այդ ընթացքում իշխանությունների կողմից բոլոր պայմանավորվածությունները կատարվել են: Այն իրավիճակը, որ ամեն ինչ եղավ առանց զոհերի, ցույց է տալիս, որ որպես միջնորդ Վիտալի Բալասանյանը շատ ճիշտ էր ընտրված: Հիմա չեն կարող ասել, թե մենք երրորդ փուլում զենքերը վայր ենք դրել, սակայն դուք պայմանավորվածությունները չեք կատարում, եթե այդպես է, առաջին փուլում վայր դնեիք, եւ այդքան բաները չէր լինի: Ուժայիններն իրենց շատ լավ են դրսեւորել այդ օրերին, ինչի մասին եւս չենք ցանկանում բարձրաձայնել: Պայմանավորվածությունների մասին էլ մարդիկ են խոսում, ովքեր երեւի այդ օրերին բացարձակ տեղյակ չեն եղել եւ նույնիսկ Հայաստանում էլ չեն եղել:




Լրահոս