Հուլիսի 17-ից 18-ը ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն այցելեց Իրանի Գոլեսթան նահանգ, որտեղ հանդիպումներ ունեցավ նահանգապետ Հասան Սադեղլուի, տնտեսության և բնական պաշարների գծով փոխնահանգապետ Մահմուդ Ռաբիի, նահանգի վարչական կենտրոն Գորգանի քաղաքապետ Հոսեյն Սադեղլուի և մի շարք այլ պաշտոնյաների հետ:
Գորգանի Առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատում Արտաշես Թումանյանը հանդիպեց նահանգի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում դեսպանի կողմից ներկայացվեցին Հայաստանի տնտեսության առանձնահատկությունները, գործող առևտրային ռեժիմները, գործարար միջավայրի վիճակը, հայ և իրանցի տնտեսվարողների միջև համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններն ու հայ-իրանական հարաբերություններին վերաբերող մի շարք այլ հարցեր:
Իրանցի ձեռնարկատերերին տրամադրվեց անհրաժեշտ տեղեկատվություն Հայաստանում գործարար և ներդրումային միջավայրի, ազատ տնտեսական գոտիների, օտարեկրյա ներդրումների պաշտպանության և խրախուսման, հարկային և բանկային համակարգի, տրանսպորտային, էներգետիկ և այլ ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաև կառավարության կողմից գերակա հայտարարված տնտեսության ճյուղերի մասին:
Քննարկվեց նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և Գորգան քաղաքի գյուղատնտեսության և բնական ռեսուրսների համալսարանի միջև համագործակցություն սկսելու հնարավորությունը:
Հայկական և իրանական կողմերը միակարծիք էին, որ գյուղատնտեսության և գյուղմթերքների վերամշակման, զբոսաշրջության, ՏՏ, դեղագործության ու դեղաբույսերի արտադրության ոլորտներում առկա են համագործակցության մեծ հնարավորություններ: Այցի շրջանակներում դեսպան Թումանյանն այցելեց նաև Գոլեսթան նահանգի մի շարք ձեռնարկություններ:
Այցի ավարտին դեսպան Թումանյանը եղավ նաև Գորգանի հարևանությամբ գտնվող Հայ նահատակած հուշակոթողում, որտեղ հանդիպեց հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ծանոթացավ համայնքի խնդիրներին և խոսեց Հայաստան-Իրան հարաբերություններին առնչվող մի շարք հարցերի մասին: