Քոբուլեթիում Սև ծովի ափին փրկարարները ջրից դուրս են բերել երկու զբոսաշրջիկի, ովքեր ուժեղ ալիքների պատճառով չեն կարողացել լողալ դեպի ափ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես տեղեկացրել են «Նովոստի Գռուզիա» գործակալությանը, Վրաստանի Ներքին գործերի նախարարության աղետների կառավարման գործակալությունից, զբոսաշրջիկները, որոնց օգնություն է ցուցաբերվել, եղել են Հայաստանի քաղաքացիներ: Այսօր Սև ծովի ափին արձանագրվել է հինգ բալ ուժգնությամբ փոթորիկ:
Վրաստանի ՆԳՆ-ի տեղեկություններով, այսօրվա ընթացքում խորտակվելուց փրկվել է շուրջ 100 մարդ: «Ափամերձ բոլոր անցակետերում տեղադրվել է կարմիր դրոշ. դա նշանակում է, որ ծովում լողալը խստորեն արգելվում է: Բացի այդ, բոլոր 135 փրկարարները շրջում և անձամբ են զգուշացնում հանգստացողներին զերծ մնալ ծովում լողալուց»,- ասել են Վրաստանի ՆԳՆ-ի աղետների կառավարման գործակալությունում: