Հայաստանի քանի՞ պաշտոնյա կհամարձակվի հավասարը հավասարի հետ խոսել ռուսների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպական միության քաղաքական օրակարգը առնվազն առաջիկա երկու տարում անքակտելիորեն կապված է լինելու բրիտանական ճգնաժամի հետ: ԵՄ-ն լքելու մասին Միացյալ Թագավորության որոշումը սկիզբ դրեց քաղաքական մի ծանր գործընթացի ինչպես միության, այնպես էլ թագավորության համար: Երկու կազմավորումներն էլ, փաստորեն, հարաբերությունների խորացման ու համագործակցության փոխարեն ստիպված են ուժերը վատնել հարաբերությունների նոր մակարդակի մշակման տանջալից գործընթացի վրա:

ԵՄ-ից դուրս գալու ՄԹ-ի որոշումը ավելի քան մեկ տարի է, ինչ վերածվել է բրիտանական քաղաքականության առօրյայի: Միացյալ Թագավորության արտաքին գործերի քարտուղար Բորիս Ջոնսոնը օրերս բավականին կոպիտ էր արտահայտվել ԵՄ-ի հետ բանակցությունների առթիվ` նկատելով, որ եթե ԵՄ պաշտոնյաները ակնկալում են, որ «ապահարզանի» համար ՄԹ-ը վճարելու է, ապա ավելի լավ է գնան «սուլելու»:

Նման արհամարհական ձեւակերպմանը Բրքեզիթի հարցերով ԵՄ բանակցող Միշել Բերնիերը արձագանքել է, որ առանց սուլելու էլ ժամանակը սպառվում է: ԵՄ պաշտոնյան բավականին քաղաքավարի ձեւով արձագանքել է բրիտանական գոռոզությանը` հուշելով, որ նորմալ բանակցային գործընթացով առաջին հերթին ՄԹ-ը պիտի շահագրռված լինի: Այդ առումով ուշագրավ էր առաջին ռաունդը, երբ բրիտանական պատվիրակությունը ժամանեց Բրյուսել բանակցություններ վարելու, ինչը տեւեց մեկ ժամից էլ պակաս: Բրիտանացի վերլուծաբանների ուշադրությունը գրավել էր այն հանգամանքը, որ ՄԹ-ի պատվիրակության ղեկավար, Բրեքզիթի քարտուղար Դեյվիդ Դեվիսը Բրյուսել էր եկել 98 հոգանոց պատվիրակությամբ:

Եվ նման պատկառելի ներկայացուցչությունը հազիվ թե մեկ ժամում ինչ-որ արդյունք արձանագրեր: Ավելին` բրիտանական պարբերականները ծաղրում են բանակցությունների ընթացքը` ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ ԵՄ բանակցողները ներկայացել էին փաստաթղթերի հաստափոր տրցակով, մինչդեռ բրիտանացիները` ձեռնունայն:
Ակնհայտորեն, բանակցային գործընթացը առայժմ հաջողությամբ չի պսակվում: Խնդիրն ավելի է բարդացել ՄԹ-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների պատճառով, քանզի վարչապետ Մեյը նկատելիորեն թուլացել է խորհրդարանում եւ նրա յուրաքանչյուր որոշում կարող է լուրջ բարդությունների հանդիպել այդտեղ:

Ավելին` նույնիսկ կառավարության ներսում հստակություն չկա, ինչն էլ ավելի է խորանում` պայմանավորված Մեյի հեղինակազրկված դրությամբ: Մինչ արտահերթ ընտրությունները վարչապետը համեմատաբար ազդեցիկ դիրքերում էր գտնվում, սակայն այժմ նրա խոսքը այլեւս նախկին նշանակությունն ունենալ չի կարող: Մեյն ու իր մերձավոր շրջապատը քանիցս արտահայտվել են «կոշտ բրեքզիթի» օգտին` պնդելով, որ ԵՄ-ից բաժանվելը հարաբերությունները կարգավորող նոր պայմանագրով չի կարող կաշկանդիչ լինել եւ ստիպել անհարկի զիջումների գնալ:

Այսօր Մեյի թիմը ի վիճակի չէ օգտվել նախկին կոպտությունը պահպանելու ռեսուրսներից, միաժամանակ այլ տարբերակ էլ չի գտնում: ԵՄ-ի հետ նոր պայմանագրի նախապայմանը դուրս գալու տույժերի վճարումն է` ավելի քան 60 մլրդ եվրո: Ակնհայտորեն, Մեյի կառավարությունը ոչ կարող է կոշտ քաղաքականություն վարել, ոչ էլ իր բնույթով ի վիճակի է ցավոտ փոխզիջումների գնալ: Եվ ահա այժմ այնպիսի տպավորություն է, որ Մեյի կառավարությունը պարզապես չգիտի ինչ անել: «Կոշտ բրեքզիթի» համար ռեսուրսներ չկան ճիշտ այնպես, ինչպես ծրագիր չկա «փափուկ բրեքզիթի» համար:

Կարծում ենք` այս իրավիճակում Մեյը ստիպված պիտի լինի ընտրել «փափուկ բրեքզիթի» եւ պաշտոնանկության միջեւ: ՄԹ-ի խորհրդարանում թեպետ պահպանողականները որոշակիորեն մեծամասնություն են կազմում, սակայն «կոշտ բրեքզիթի» կողմնակիցները բավականին քիչ են: Ինչպես նախկին վարչապետ, նույնպես պահպանողական Դեյվիդ Քեմերոնը հրաժարական տվեց` պատճառաբանելով, որ ինքը չի հավատում ԵՄ-ն լքելու որոշման իմաստությանն ու անկարող է թագավորությունն առաջնորդել նման պատասխանատու գործում, նույն կերպ թերեւս կվարվի նաեւ Մեյը: Ակնկալելի է, որ մինչեւ այս տարվա վերջ Միացյալ Թագավորությունը կունենա նոր վարչապետ, որը կլինի կամ փոխզիջումային պահպանողականներից մեկը, կամ էլ լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Քորբինը:

ԵՄ-ն լքելու Միացյալ Թագավորության քայլը իսկական դաս է տնտեսական որեւէ միության մեջ ներառված, սակայն լքելու տրամադրություններ ունեցող ցանկացած պետության համար: 2013թ. սեպտեմբերի 3-ի Սերժ Սարգսյանի` բացառապես ինքնանպատակ որոշման արդյունքում Հայաստանը հայտնվել է ԵԱՏՄ-ի մեջ: Այդ օրվանից ցայսօր հայաստանյան քաղաքական շրջանակները հաճախ են խոսում միությունը լքելու անհրաժեշտության մասին` հղում անելով դրա մատուցած քաղաքական աղետին եւ տնտեսական անորոշություններին:

Մի կողմ թողնելով այսօր նման որոշման կայացման քաղաքական նպատակահարմարությունը, Ռուսաստանի անխուսափելիորեն թշնամական արձագանքը եւ հատկապես` ՀՀ իշխանությունների կամազրկությունն այս հարցում` հարկ է նկատել, որ ԵԱՏՄ-ն լքելը բավականին ծախսատար է լինելու մեզ համար այնպես, ինչպես ԵՄ-ից բաժանվելը` ՄԹ-ի համար: Ըստ ԵԱՏՄ պայմանագրի 118-րդ հոդվածի` միությունից դուրս գալու իրավունք ունի յուրաքանչյուր անդամ, սակայն պետք է կատարի պայմանագրով նախատեսված իր ֆինանսական պարտավորությունները:

Ինչպես ԵՄ-ի դեպքում, ԵԱՏՄ-ից դուրս գալը նույնպես անդամ-պետություններին չի ազատում ֆինանսական պարտավորությունների կատարումից: Նախատեսվում է, որ միությունը լքելու գործընթացը պիտի ավարտվի 12 ամսում: Ակնհայտ է, որ եթե ՄԹ-ը կարող է իրեն թույլ տալ լքել ԵՄ-ն` հաշվի առնելով իր աշխարհագրական դիրքն ու տնտեսական հզորությունը, ապա Հայաստանը հազիվ թե նման շքեղության հնարավորություն ունենա: Ի վերջո, բրիտանացիները նույնիսկ կարող են հրապարակավ ծաղրել ԵՄ պաշտոնյաներին, իսկ Հայաստանի քանի՞ պաշտոնյա կհամարձակվի հավասարը հավասարի հետ խոսել ռուսների հետ:




Լրահոս