Այսօր՝ հուլիսի 21-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը ներկա է գտնվել Դդմաշեն համայնքի հիմնանրոգված մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությունը:
Կարեն Բոթոյանը նշել է, որ 22 տարվա դադարից հետո գործող մանկապարտեզ ունենալը շատ կարևոր նշանակություն ունի համայնքի հետագա զարգացումն ապահովելու գործում և շնորհավորել է դդմաշենցիներին այդ կապակցությամբ։
Այնուհետև Դդմաշեն համայնքի ղեկավար Ավետիս Ավետիսյանի ուղեկցությամբ մարզպետը շրջել է 100 սանի համար նախատեսված երկհարկանի մանկապարտեզում և գոհունակություն հայտնել որակյալ շինարարական աշխատանքների և հարմարավետ ու ճաշակով կահավորման համար:
Մարզպետին զեկուցվել է, որ պետական բյուջեի, Տարածքային Զարգացման Հիմնադրամի և համայնքային բյուջեի միջոցներով վերակառուցված մանկապարտեզը կարող է ընդունել նաև հարևան համայնքերի երեխաների և եթե դիմումները շատ լինեն, ապա խմբերի քանակը կարող է ավելացվել։
Մանկապարտեզը գործելու է շուրջտարին, անվճար հիմունքներով:
Միջոցառման ավարտից հետո Կարեն Բոթոյանը շրջայց կատարեց Դդմաշեն համայնքում, եղավ բժշկական ամբուլատորիայում և համայնքային գրադարանում։ Մարզպետը զրուցեց վերոնշյալ հաստատությունների աշխատակիցների հետ, ծանոթացավ վերջիններիս կողմից բարձրացված հարցերին։