Հայաստանի տնտեսական մեկուսացումը շարունակվում է. Թուրքիան և Ադրբեջանն այս նպատակով մի քանի հարյուր միլիոն դոլար են ծախսել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին երեկ իրականացրել է առաջին ուղեւորափոխադրումը: Այսպիսով, Ադրբեջանն ու Թուրքիան Վրաստանի տարածքով կարող են անմիջական կապ հաստատել` շրջանցելով Հայաստանը: Սա նշանակում է, որ էլ ավելի կխորանա Հայաստանի մեկուսացումը, քանի որ հետեւողականորեն դուրս ենք մնում տարածաշրջանային ծրագրերից: Ճիշտ նույն կերպ, ինչպես ժամանակին Հայաստանը շրջանցեց Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, Նաբուկո եւ Տրասեկա ծրագրերը:

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցման մասին առաջին անգամ հայտարարվեց 2007 թվականին, իսկ արդեն 2008-ից սկսվեցին շինարարական աշխատանքները: Ծրագիրը բավական ծախսատար էր. սկզբում հայտարարվեց, թե երկաթգծի կառուցումը կարժենա մոտ 420 մլն դոլար, սակայն վերջնարդյունքում ծախսված գումարը գերազանցեց 600 մլն դոլարը: Մինչդեռ, այս ամենի փոխարեն հնարավոր էր շահագործել Գյումրի-Կարս երկաթուղին, եւ տարածաշրջանի չորս երկրները հնարավորություն կունենային այսպես համագործակցել: Սա չեղավ մեկ պարզ պատճառով. Ղարաբաղյան խնդիրը շարունակում է մնալ չլուծված, եւ հարեւան երկրներից Ադրբեջանն ու Թուրքիան այսօր ջանք ու եռանդ չեն խնայում Հայաստանի շրջափակումը խորացնելու համար:

Իսկ ի՞նչ են անում Հայաստանի իշխանությունները առկա վտանգները չեզոքացնելու համար. եթե հաշվի չառնենք մերկապարանոց հայտարարությունները, ապա` գործնականում ոչինչ: Սկզբում իշխանությունները փորձում էին հանգստացնել, թե այդ երկաթուղու կառուցումը ձախողված ծրագիր է, երբեք իրականություն չի դառնա: Որոշ ժամանակ անց, սակայն, փորձեին խոսել որպես այլընտրանք Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման մասին: Հիշում եք դեռ 2008թ. աշնանը Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարությունը, երբ ազդարարեց, որ շուտով կմեկնարկեն Իրան-Հայաստան երկաթուղում շինարարական աշխատանքները: Մինչեւ հիմա երկաթուղին չի կառուցվել, եւ կարելի է ասել, որ այդ ծրագիրը դե ֆակտո դադարեցված է. անգամ հեռավոր ապագայում դժվար, թե այս ուղղությամբ որեւէ քայլ արիվի:

Իշխանությունները խոսում էին վրաց-աբխազական երկաթուղու վերագործարկման, ու դրանից օգտվելու մասին: Բայց այստեղ էլ հեռավոր ապագայում որեւէ առաջընթաց սպասել չի կարելի, քանի որ երկաթուղու վերագործարկումը կախված է ռուս-վրացական հարաբերություններից, իսկ դրանք հեռու են կարգավորվելու հեռանկարից:
Արդեն այս տարվա հունվարին ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հայտարարեց, թե Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցումից հետո Երեւանը բանակցություններ է սկսելու՝ նպատակ ունենալով հասնել ՀՀ-ի եւ Թուրքիայի միջեւ երկաթուղային փոխադրումների իրականացմանը: Միայն թե, ակնհայտ է, որ այս հարցում իշխանությունները դատապարտված են ձախողման, քանի որ պարզ է` երեք կողմերից երկուսը պարզապես տորպեդահարելու են այս գործընթացը. գոնե Ադրբեջանի եւ Թուրքիայի համար երկաթուղու կառուցումը նաեւ Հայաստանի մեկուսացումը խորացնելու նպատակ ունի, եւ որեւէ գնով չեն նահանջի այդ նպատակից: Այլապես, հարյուրավոր միլիոն դոլարներ ծախսելու փոխարեն կշահագործեին Գյումրի-Կարս երկաթգիծը:
Այնպես որ, Հայաստանը դեռ երկար է շարունակելու զգալ Արցախյան հիմնախնդրի կարգավորված չլինելու հետեւանքները:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս