Չնայած ասում են` գյումրեցիները սիրում են «գլուխ գովել», սակայն Գյումրիի նախկին քաղաքապետ, այժմ` «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդան Ղուկասյանը խորհրդարանի պաշտոնական կայքում իր կենսագրությունը ներկայացնելիս չափազանց համեստ է գտնվել եւ չի ներառել կարեւորագույն դրվագները, այս տարիներին վաստակած գիտական կոչումներն ու տիտղոսները:
Խոսքն ամենեւին էլ Վարդան Ղուկասյանի նախկին կուսակցական գործունեության մասին չէ. բոլորը գիտեն, որ Գյումրիի քաղաքապետի պաշտոնում աշխատելու տարիներին Ղուկասյանը եղել է ՀՀԿ-ական` ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավարը: Գյումրիում լավ են հիշում, որ հեռավոր 90-ականների սկզբներին նա իշխանության ստեղծած «կոոպերատիվ դաշնակցության»` Հայաստանի հայ հեղափոխական դաշնակցության անդամ էր (կոոպերատիվ ՀՅԴ-ն ստեղծվել էր որպես ՀՅԴ-ի հակակշիռ, բայց որոշ ժամանակ անց փակվեց):
ArmLur.am-ը, ուսումնասիրելով Վարդան Ղուկասյանի կենսագրության նախկինում հրապարակված տարբերակները, պարզել է, որ նա ոչ միայն բուռն հայրենանվեր գործունեություն է ծավալել, այլեւ վաստակել է գիտական մի շարք պատվավոր կոչումներ եւ տիտղոսներ:
Եւ այսպես, 1988թ. Ղուկասյանը մասնակցել է արցախյան ազատագրական շարժմանը, աջակցել մարտնչող ազատամարտիկներին, այնուհետեւ 1990-1992թթ. ստեղծելով «Վասն Հայրենյաց» հայրենասիրական կազմակերպությունը` ակտիվ մասնակցություն է ունեցել զորակոչի կազմակերպման աշխատանքներին` ցույց տալով ֆինանսական աջակցություն: Ավելին, Վարդան Ղուկասյանը Հայաստանի անկախացումից հետո` 1992թ. երեք օր աշխատել է Մոսկովյան շրջխորհրդի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում, բայց չհանդուրժելով ղեկավարների աշխատաոճը՝ հրաժարվել է պաշտոնից եւ զբաղվել ֆերմերային գործունեությամբ:
Համաձայնվեք` փառահեռ կենսագրություն: Նույնքան փառահեղ է նաեւ նրա գիտական գործունեությունը, որի մասին ԱԺ կայքում չկա եւ ոչ մի խոսք:
ArmLur.am-ը պարզեց, որ դեռ 2004թ. Ղուկասյանին շնորհվել է Բնական և հասարակական գիտությունների ակադեմիայի հայաստանյան բաժանմունքի պրոֆեսորի պատվավոր կոչում: Իսկ 2009թ. ընտրվել է «Բնության և հասարակության մասին միջազգային ակադեմիայի» Հայկական մասնաճյուղի իսկական անդամ, նրան շնորհվել է ակադեմիկոսի կոչում: Արդեն 2010թ. «ՍԱՆԱՆՈՐ» կառավարման և քաղաքականության գիտահետազոտական ինստիտուտի որակավորող հանձնաժողովի որոշմամբ ճանաչվել է տնտեսական կառավարման և քաղաքականության բնագավառներում լավագույնը և շնորհվել է «ՍԱՆԱՆՈՐ» կառավարման և քաղաքականության գիտահետազոտական ինստիտուտի «Պատվավոր դոկտորի» կոչում:
2009թ. նա արժանացել է «Հայ-կազակական բարեկամության համագործակցության միջազգային միավորում» կազմակերպության պատվավոր ատամանի, կազակական զորքերի գնդապետի կոչմանը, եւ վերջապես, 2010-ին` պատվավոր ատամանի, կազակական զորքերի գեներալ մայորի կոչման:
Բայց ահա ԱԺ կայքում Ղուկասյանի ներկայացրած կենսագրության մեջ այդպես էլ որեւէ բառ չկա այս մասին: Եվ խորհրդարանի նրա գործընկերները չգիտեն, որ հանձին Ղուկասյանի, գործ ունեն պատվավոր պրոֆեսորի, պատվավոր ակադեմիկոսի, պատվավոր դոկտորի եւ վերջապես, կազակական պատվավոր ատամանի ու գեներալ մայորի հետ:
Հ.Գ. Փաստորեն, այս ԱԺ-ում չորս գեներալ կա` Մանվել Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը, Ֆելիքս Ցոլակյանն ու կազակական գեներալ-մայոր Վարդան Ղուկասյանը: