ԱԺ ընտրությունների օրը ընտրակեղծարարության դիմած անձինք հայտնվել են տխուր իրավիճակում: Մի քանի գործով մեղադրող դատախազները դիմել են վերաքննիչ դատարան՝ ընտրակեղծարարների համար որպես պատիժ պահանջելով ազատազրկումը, եւ որ նրանք պատիժը կրեն քրեակատարողական հիմնարկներում: Գրել էինք, որ ապրիլի 2-ին Արմավիրի մարզի բնակիչ Աշոտ Կաղզվանցյանը 16/3 ընտրատեղամասում կրկնակի քվեարկության էր դիմել: Ըստ Արմավիրում տարածված լուրերի՝ Կաղզվանցյանը ՀՀԿ անդամ է, ԱԺ պատգամավոր Նահապետ Գեւորգյանի՝ Նովոյի կնոջ ազգականը: Այս արարքի համար նա ազատազրկման դատապարտվեց, սակայն դատարանը պայմանականերեն նրա պատիժը չկիրառեց՝ սահմանելով փորձաշրջան մեկ տարի ժամկետով:
Հուլիսի 10-ին մեղադրող դատախազը բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ դատարան՝ պահանջելով, որ ընտրակեղծարարի պատիժը խստացնեն, եւ նա կատարած արարքի համար 2 տարի ազատազրկման մեջ գտնվի: Բացի այդ՝ դատախազի կողմից նման պահանջ է ներկայացվել մեկ այլ ընտրակեղծարարի՝ Վանաձորի բնակիչ Արտյոմ Հովհաննիսյանի դեմ, որպեսզի նա էլ 2 տարի ազատազրկվի ու պատիժը կրի ՔԿՀ-ում: ԱԺ ընտրությունների օրը Հովհաննիսյանն էլ իր հերթին էր փորձել կրկնակի քվեարկություն անել: Ընտրակեղծարարների նկատմամբ իշխանությունների աննախադեպ խիստ պահվածքը, թերեւս, պատահական չէ:
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ նրանք այսպես փորձում են միջազգային հանրության, մասնավորապես, ԵՄ-ի մոտ ցույց տալ, թե հետամուտ են ընտրակեղծարարներին խիստ պատժի արժանացնելու հարցում եւ որ անողոք են նման հանցագործություն կատարողների նկատմամբ: Իսկ պատճառը տարբեր ծրագրերով ԵՄ-ից գումարների ակնկալիքն է, հատկապես վերջերս ՀՀ-ում ԵՄ դեսպան Սվիտալսկու քննադատություններից հետո: