Սերժ Սարգսյանը «քարտ-բլանշ» տվեց կառավարությանը՝ արդարացնելու ձախողումները. տնտեսական աճը սկսել է դանդաղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության` հինգշաբթի օրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը որեւէ անդրադարձ չարեց այս տարվա առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական վիճակի ցուցանիշներին: Մինչդեռ հետաքրքիր կլիներ լսել նրա մեկնաբանությունները թեկուզ այն պատճառով, որ դատելով ԱՎԾ հրապարակումից՝ տնտեսական աճի տեմպերը վերջին ամիսներին սկսել են դանդաղել:

Ճիշտ է՝ ի վերջո կիսամյակի ավարտին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 6.1 տոկոս ցուցանիշ, որից իշխանությունները պետք է հպարտանային: Սակայն այդպես չեղավ, քանի որ վիճակագրական ցուցանիշներն ավելի մանրամասն ուսումնասիրելիս ակնհայտ է դառնում տեմպերի նվազումը: Ըստ ԱՎԾ հրապարակման՝ եթե ապրիլի համեմատ՝ մայիսին 11.2 տոկոս աճ էր եղել, ապա հունիսի աճը, նախորդ ամսվա համեմատ, կազմել է 9.1 տոկոս: Այսինքն` նկատելի են աճի տեմպերի նվազում: Արդյունաբերական արտադրանքի աճը հունվար-հունիսին կազմել է 12.4 տոկոս: Բայց ամսական կտրվածքով երեւում է, որ մայիսի համեմատ՝ հունիսին այս ոլորտում անգամ անկում է գրանցվել` 3.4 տոկոսի չափով: Կիսամյակային կտրվածքով անկում է գրանցվել գյուղատնտեսության ոլորտում` 1.4 տոկոսով, չնայած հունիսին գյուղատնտեսական արտադրանքն ավելացել է մի քանի անգամ: Շարունակում են նվազել շինարարության ծավալները` 10 տոկոսով, չնայած այստեղ էլ նախորդ ամսվա համեմատ՝ հունիսին աճ է եղել: Ընդ որում, տնտեսության մեջ նման վայրիվերումներ էին եղել նաեւ այս տարվա ապրիլին:

Միաժամանակ սկսել են դանդաղել պետբյուջեի հարկային եկամուտների գանձման տեմպերը: Թեեւ ընդհանուր առմամբ հունվար-հունիս ամիսներին հավաքված հարկերի գումարը տարեկան կտրվածքով ավելացել է 7,3 տոկոսով, սակայն ցուցանիշը հնարավոր է եղել ապահովել տարվա առաջին ամիսների «շնորհիվ», քանի որ հունիսից գործընթացը հակառակ ուղղությամբ է սկսել ընթանալ: Ըստ պաշտոնական մեկնաբանության՝ դանդաղման պատճառները կապակցված են մի շարք հիմնական հարկերից հավաքված գումարի կրճատման հետ։ Ու հիմա այս ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ տնտեսության մեջ սկսել են խնդիրներ առաջ գալ, դեռեւս ոչ ցցուն, դեռեւս ոչ կտրուկ, բայց արդեն իսկ նշմարելի:

Սոցիալ-տնտեսական ցուցանիշների մեջ, սակայն, առավել ուշագրավ է արտաքին առեւտրաշրջանառության ոլորտում տեղի ունեցողը: Ինչպես հիշում եք՝ իշխանությունները նպատակադրվել են տարեկան 5 տնտեսական աճից բացի՝ լուրջ բեկում արձանագրել արտաքին առեւտրաշրջանառության ոլորտում. Սերժ Սարգսյանն ԱԺ ուղերձում հայտարարել էր. «Արտահանման խթանման եւ մրցունակության բարձրացման հետեւանքով առաջիկա 5 տարիների ընթացքում ապրանքների եւ ծառայությունների արտահանումը պետք է կազմի մինչեւ ՀՆԱ 40-45 տոկոսը, այնուհետեւ նույն միտումը պահպանելով՝ այն 2040 թվականին պետք է հասնի մինչեւ ՀՆԱ 50-55 տոկոսը»: Այնուհետեւ կառավարությունն իր ծրագրում ամրագրել էր. «Արտահանման վրա հիմնված աճի ապահովման համատեքստում ՀՀ կառավարությունը թիրախավորում է ապրանքների եւ ծառայությունների արտահանման հարաբերակցությունը՝ ՀՆԱ-ի նկատմամբ հասցնելով 40-45 տոկոսի»:

Նկատենք, որ ե՛ւ Սերժ Սարգսյանը, ե՛ւ Կարեն Կարապետյանի կառավարությունները իրենց խոստման մեջ փորձել են խորամանկության դիմել` «նպատակադրվելով» ավելացնել ոչ թե ապրանքների, այլ ապրանքների ու ծառայությունների արտահանումը: Այս դեպքում որոշ ժամանակ անց հնարավոր կլինի հասնել նախանշված սահմանագծին՝ հաշվի առնելով ծառայությունների` զբոսաշրջության եւ ՏՏ ոլորտի ծառայությունների արտահանման ծավալները: Բայց սա դեռ չի նշանակում, որ էապես կավելանա ապրանքների արտահանումը, դեռ ավելին` այն կգերազանցի ներկրմանը՝ կրճատելով արտաքին առեւտրաշրջանառության բացասական հաշվեկշիռը:

Բանն այն է, որ արտաքին առեւտրաշրջանառության բացասական հաշվեկշիռը շարունակում է խորանալ. հունվար-հունիս ամիսներին արտահանման ոլորտում գրանցվել է 21 տոկոս, իսկ ներկրման ոլորտում 25.8 տոկոս աճ: Այսինքն՝ այս կիսամյակում ներկրման ոլորտի աճի ծավալները միեւնույն է՝ գերազանցել են արտահանման ծավալներին: Բացարձակ թվերով հետեւյալ պատկերն է. առաջին կիսամյակի ընթացքում արտահանվել է 993.9 մլն դոլարի եւ ներկրվել 1 մլրդ 821.2 մլրդ դոլարի ապրանք: Այսինքն` ներկրման ծավալները մոտ երկու անգամ գերազանցել են արտահանմանը, եւ արդյունքում առեւտրի բացասական հաշվեկշիռը կազմել է 827.3 մլն դոլար:

Հ.Գ. Մեծ հաշվով կարեւոր չէ` ինչ ցուցանիշներ է խոստացել կառավարությունը եւ արդյո՞ք կկարողանա ապահովել դրանք: Սերժ Սարգսյանը վերջերս իր հարցազրույցով «քարտ-բլանշ» տվեց կառավարությանը՝ արդարացնելու ձախողումները. «Մենք գործ ունենք մարդկանց, պրոցեսների հետ, մենք չենք կարող կանխատեսել բոլոր պրոցեսները: Այսօր մենք եւ շատ-շատ հզոր երկրները ունակ չենք միջազգային տնտեսական իրավիճակների մասին ունենալ ստույգ տեղեկություններ, դրա համար ասում ենք՝ կանխատեսումներ: Յուրաքանչյուր հաշվարկ հիմնվում է ենթադրվող պրոցեսների ու թվերի վրա»,- ասել էր Ս. Սարգսյանը եւ հավելել, որ կառավարությունն իր ծրագրերում ոչ թե խոստացել է համապատասխան տվյալներ ապահովել, այլ «նպատակադրվել է»: Այնպես որ, իշխանությունները նպատակադրվել են, բայց գործ ունենք պրոցեսների հետ, որոնք կարող է՝ ի չիք դարձնեն նպատակադրումները:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս