Մեր հասարակությունում կան հոգեկան խնդիրներ ունեցող անձինք, ովքեր հասարակության համար լուրջ վտանգ են ներկայացնում: Բայց շարունակում են ազատ շրջել փողոցներով: Օրեր առաջ մահացավ «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի գիտական ղեկավար, հոգեբան Ռուբեն Պողոսյանը: 70-ամյա հոգեբանին հենց իր աշխատասենյակում թուղթ կտրելու դանակով դանակահարել էր 34-ամյա Հրանտ Համբարձումյանը, որը հոգեբանի այցելուն էր:
«Ժողովուրդ»-ը բազմաթիվ անգամ անդրադարձել է հոգեկան խնդիրներ ունեցող անձանց հարցերին, որոնք վտանգավոր են դարձել ոչ միայն իրենց հարազատների, այլեւ հասարակության համար: Բազմաթիվ են այն դեպքերը, երբ հոգեկան խնդիրներ ունեցող անձանց կողմից սպանվել են իրենց հարազատները: Օրինակ՝ 2015 թվականին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում եղբայրը կացնահարել էր եղբորը: Նմանօրինակ մի դեպք էր տեղի ունեցել Սյունիքի մարզում. կինը կացնահարել էր ամուսնուն, իսկ ավելի ուշ բացահայտվել էր, որ վերջիններս հոգեկան խնդիրներ ունեին եւ հաշվառված էին եղել հոգեբուժարաններում: Ահա, անցած տարվա ապրիլի 15-ին էլ 32-ամյա Հովհաննես Մուրադյանն էր ուսուցողական նռնակ նետել ՀՀ երկրորդ նախագահի տան ուղղությամբ, որից հետո պարզ դարձավ, որ նա հաշվառված Է Ավանի հոգեբուժարանում: Այս տարվա մայիսին Գեղարքունիքի մարզի Ծովասար գյուղում հոգեկան խնդիրներ ունեցող տղամարդը, բանալիներով հարվածներ հասցնելով, սպանել էր իր կնոջը: Նույն մարզի Մարտունի քաղաքում այս տարվա հունիսի 18-ին հայտնաբերվել էր 1945 թվականին ծնված Գրետա Սահակյանի դին` մալուխով խեղդամահ արված: Ապա հայտնի էր դարձել, որ որդին հոգեկան խնդիրներ ունի, նույնիսկ այն աստիճան, որ չի հիշում կամ պատկերացնում, թե ինչպես է խեղդամահ արել հարազատ մորը:
Ու պարզվում է, որ ավելի շատ պաշտպանության կարիք ունեն հենց այն բժիշկները, հոգեբույժները, ովքեր անմիջապես աշխատում են նման առողջական խնդիրներով տառապող անձանց հետ:
Ակնհայտ է, որ այս մարդիկ լիարժեք բուժում չեն ստանում, եւ ինչպես առողջապահության նախարարությունը, այնպես էլ իրավապահները բարձրաձայնումներին ականջալուր չեն, ինչի արդյունքում քաղաքացին մեր երկրում ապահովագրված չէ այսպիսի մարդկանց ոտնձգությունից:
Հիշեցնենք, որ անցած տարի այս մասով ՀՀ ոստիկանությունը սկսեց աշխատել առողջապահության նախարարության հետ: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ոստիկանությունը ներկայացրել է իր առաջարկությունները: Ըստ այդմ, երբ հոգեկան անառողջ վիճակի մեջ գտնվող եւ հասարակական կարգը խախտող անձին ոստիկանությունը ներկայացրել է բժշկական հետազոտման, հիմնականում նա չի հոսպիտալացվել: Քանի որ գործող օրենքի 15 հոդվածի 4-րդ մասը շատ սահմանափակ հնարավորություններ էր տալիս նման անձանց հոսպիտալացնելու համար: Եւ ահա այս համագործակցության արդյունքում, նոր օրենքի 14-րդ հոդվածում փոփոխություններ են կատարվել, եւ եթե բժիշկները պարզեն, որ նա վտանգ է ներկայացնում, արդեն կարող են հոսպիտալացնել: Երկրորդ փոփոխությունը, որը ոստիկանությունն առաջարկել է, այն է, որ բոլոր այն դեպքերում, երբ հոգեբույժը կպարզի, որ նա վտանգ է ներկայացնում եւ հոսպիտալացնելու համար դիմել է դատարան, ապա մինչեւ դատարանի որոշումը այդ անձինք ազատության մեջ չմնան: Այսինքն՝ մինչեւ դատարանի որոշում կայացնելը անձը կարող է պահվել հոգեբուժական հիվանդանոցում: Ստացվում է, որ ոստիկանության խնդիրը միայն նման անձանց բժշկին ներկայացնելն է, ուրիշ ոչինչ: Իսկ երբ բժիշկները չեն հոսպիտալացնում եւ նշում են, որ նրանք վտանգ չեն ներկայացնում հանրության համար, ապա այս դեպքում պատասխանատվություն կրում են միայն բժիշկները:
Այստեղ հարկ ենք համարում հիշեցնել, որ դեռեւս անցած տարի ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը գրավոր դիմել էր առողջապահության նախարարությանը եւ պահանջել, որ հոգեկան խանգարումով տառապող հիվանդների նկատմամբ շարունակական հսկողություն ու բուժում իրականացվի: ՔԿ նախագահի պնդմամբ` մի շարք ծանր հանցագործություններ կատարվել են հենց հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձանց կողմից:
Ի դեպ, «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն` արտահիվանդանոցային հոգեբուժական օգնությունը ներառում է հոգեկան խանգարումով տառապող հիվանդների հայտնաբերում, հաշվառում ու շարունակական հսկողություն, կամ հոգեբուժական փորձաքննություն, կամ բուժում, կամ սոցիալական վերականգնում արտահիվանդանոցային պայմաններում: Իսկ ահա 2010 թվականի ապրիլի 1-ի թիվ 350-Ն ՀՀ կառավարության որոշման հավելվածով հաստատված արտահիվանդանոցային եւ հիվանդանոցային հոգեբուժական բժշկական օգնության տրամադրման կարգը մանրամասնում է արտահիվանդանոցային հոգեբուժական օգնության գործընթացը` հատուկ ուշադրություն դարձնելով նաեւ հսկողական մեխանիզմներին:
Այս ամենի արդյունքում հարց է առաջանում` արդյո՞ք նրանց նկատմամբ շարունակական հսկողություն եւ բուժում իրականացվել է, թե՞ ոչ: Չէ՞ որ հենց անհրաժեշտ հսկողություն չստանալու արդյունքում է, որ հոգեկան խնդիրներ ունեցող հիվանդները կատարում են ծանր հանցագործություններ:
Իսկ ինչ է ձեռնարկում այս ուղղությամբ առողջապահության նախարարությունը: Այս հարցին ի պատասխան՝ ԱՆ-ից փոխանցեցին, որ հոգեբուժական օգնության մասին ամբողջ օրենքը փոփոխվում է: Այն ընթացքի մեջ է:
Չնայած քաղաքացիների այս ահազանգին՝ գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ հոգեկան խնդիրներով տառապող հիվանդները մեր հանրության անդամ են, եւ մենք պարտավոր ենք նրանց բոլոր հոգսերը հոգալ: «Վտանգը միշտ կարող է լինել, բայց դա չի նշանակում, որ հասարակությունը պետք է իրենց տանի ու կոնցսլագերում պահի: Կոչեր կան, որոնք ինձ համար շատ խորթ են ու անընդունելի: Իհարկե, շատ ցավալի դեպք է, բայց դա չի նշանակում, որ հիվանդները չարք են, եւ ինչ-որ մի տեղ պետք է վերաբերմունքը փոխել իրենց նկատմամբ: Մենք պետք է խտրականության դեմ պայքարենք»,- նկատեց Թորոսյանը, ով օրեր առաջ սեփական դիմումի համաձայն ազատվել է Նուբարաշենի հոգեբուժարանի տնօրենի պաշտոնից: Զրույցի ավարտին նա հիշեց, որ խորհրդային տարիներին համապատասխան մասնագետների կողմից բակային, տնային այցեր են կատարվել: «Բայց այդ ակտիվությունը դիտվում էր որպես մարդու իրավունքների ոտնահարում: Ես երբեւիցե չեմ ուզում, որ մենք վերադառնանք խորհրդային տարիների ակտիվ հայտնաբերման մեթոդներին: Հիմա հոգեկան խնդիրներով տառապող անձի տուն ոչ ոք չի կարող գնալ` առանց իր ցանկության»,- լրացրեց գլխավոր հոգեբույժը:
Ի դեպ, հոգեկան հիվանդությամբ տառապող մարդիկ չունեն համապատասխան փաստաթուղթ այն մասին, որ իրենք հասարակության համար վտանգ են ներկայացնում: Եւ միայն դատարանն է իրավասու անձին ոչ հոժարակամ հոսպիտալացնել: Իսկ թե որ հիվանդի դեպքում ինչքան ժամանակ հարկավոր կլինի դատարանին` որոշելու` այդ անձը պետք է մեկուսանա՞ հասարակությունից, թե՞ ոչ, անհայտ է: Ու ամենեւին բացառված չէ, որ մինչեւ դատարանի որոշումը, հիվանդը կարող է իր ձեռքով սպանել հարազատ երեխաներին կամ ծնողներին:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ