ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և պաշտոնատար այլ անձինք Ծաղկաձորի օլիմպիական գլխավոր մարզահամալիրի մարզադաշտում դիտել են ՀՀ Նախագահի մրցանակի համար արդեն տասնչորսերորդ տարին անընդմեջ անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի 2017թ. եզրափակիչ փուլի մրցումները:
«Լավագույն մարզական ընտանիք-2017» մրցույթն անցկացվել է երեք փուլերով, չորս տարիքային խմբերով՝ 6 մրցաձևերում: Մրցույթի 1-ին փուլին Երևան քաղաքից, Արցախից և Հայաստանի Հանրապետության մարզերից մասնակցել է 1516 ընտանիք կամ 4548 մարդ: Եզրափակիչ փուլ է անցել նախնական փուլերը հաջողությամբ հաղթահարած 144 ընտանիք: Մրցույթի եզրափակիչ փուլում այս տարի մասնակցել է նաև հաշմանդամություն ունեցող 23 ընտանիք՝ Հանրապետության մարզերից, Երևան քաղաքից և Արցախից:
Հանրապետության Նախագահը շնորհավորել է մրցույթի հաղթողներին, հանձնել վկայագրեր, դրամական պարգևներ և հուշանվերներ, նաև գավաթներ՝ Երևանի, Արցախի և Հանրապետության մարզերի պատվիրակություններին: Եզրափակիչ փուլ անցած 144 ընտանիքի և հաշմանդամություն ունեցող 23 ընտանիքի բոլոր երեխաները Նախագահի կողմից ստացել են խրախուսական նվերներ:
Նախագահ Սերժ Սարգսյանը ողջունել է «Մարզական ընտանիք» մրցույթի բոլոր մասնակիցներին և հաղթողներին, մաղթել նոր հաջողություններ:
Ընդհանուր թիմային հաշվարկով Երևանի թիմը գրավել է առաջին տեղը` արժանանալով ՀՀ Նախագահի գավաթին, որը Նախագահ Սերժ Սարգսյանը հանձնել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
Շնորհավորելով երևանյան պատվիրակության անդամներին փայլուն հաղթանակի և արդեն վեցերորդ տարին անընդմեջ մրցույթում Երևանը լավագույնս ներկայացնելու համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը միշտ լինելու է մարզասեր ընտանիքների կողքին ու անելու է հնարավորը բնակչության շրջանում առողջ ապրելակերպի խթանմանը նպաստելու, ինչպես նաև ֆիզիկական դաստիարակության կարևորության գաղափարն ամրապնդելու նպատակով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն