Տավուշից մեծ հոսքով արտագաղթում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 20-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը այցելել է Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեպար, Բաղանիս, Ոսկեվան եւ Կոթի գյուղեր: Այդ այցի ժամանակ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից կատարվել են փաստահավաք աշխատանքներ գյուղերի խաղաղ բնակիչների, այդ թվում երեխաների, կանանց եւ տարեցների կյանքի համար վտանգավոր գնդակոծությունների մասին: Գյուղերում հանդիպումների ժամանակ բնակիչները Արման Թաթոյանին ներկայացրել են իրենց համայնքներին հուզող խնդիրներ:

Ոսկեպարի բնակիչները Արման Թաթոյանին հայտնել են, որ գյուղում պետք է ստեղծվեր ԱԻՆ արագ արձագանքման ուժերի ջոկատ, որն այդպես էլ չի ստեղծվել: Ոսկեպարցիները ՄԻՊ-ին հայտնել են, որ սահմանամերձ գյուղի բնակիչները մեծ հույսեր էին կապում այդ ջոկատի ստեղծման հետ, որպեսզի դրանում ընդգրկվեին: Այդ կերպ կկանխվեր Ոսկեպարից երիտասարդների արտագաղթը:

Նկատենք, որ Հայաստանի անկախացումից հետո Ոսկեպարից մեծ արտագաղթ է եղել Ռուսաստան, հատկապես Բելգորոդի մարզի Ստարի Օսկոլ քաղաք, որին ոսկեպարցիները կատակով Նովի Ոսկեպար են կոչում: Արման Թաթոյանը խոստացել է այդ հարցով զբաղվել: ՄԻՊ-ի այցից գրեթե մեկ ամիս է անցել, Ոսկեպարում նշված ջոկատը չի ստեղծվել, իսկ սահմանամերձ գյուղից երիտասարդների արտագաղթը շարունակվելու է:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս