Ադրբեջանական կողմը գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղը, ինչի հետևանքով գյուղը զգալի նյութական վնաս է կրել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Չինարի գյուղի գյուղապետ Սամվել Սաղոյանը:
«Հուլիսի 20-ին հակառակորդի գնդակոծությունից վնասվել են մանկապարտեզի տանիքը ու պատերը, երկու բնակելի տուն, ինչպես նաև վառվել է անասնագոմ, որտեղ եղել է խոտի դեզ՝ շուրջ 3 հազար հակ անասնակեր: Գնդակոծության հետևանքով վառվել է գյուղի ջրաղացը:
12 միլիոն դրամի վնաս է հասցվել մեր համագյուղացուն: Հակառակորդի գործողություններից զոհ կամ վիրավոր չունենք»,- ասաց Սաղոյանը: Նրա խոսքով՝ գյուղի գերեզմանատան մոտակայքում հակառակորդի դիպուկահարները մոտ երկու ժամ փորձել են խոցել մի պատանու, սակայն դա նրանց չի հաջողվել: «Պատանին հասցրել էր ապահով տեղում թաքնվել»,-նշեց գյուղապետը:
Որոշ տեղեկությունների համաձայն հուլիսի 21-ի երեկոյան կրակի տակ է եղել նաև սահմանամերձ Բարեկամավանը: