ՖՈՏՈ. Այսօր Ջեյ Լոյի ծննդյան օրն է. ովքեր են նրա կյանքի ամենահայտնի տղամարդիկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1969 թվականի հուլիսի 29-ին է ծնվել ամերիկացի հանրահայտ երգչուհի, երգահան, դերասանուհի, պրոդյուսեր Ջենիֆեր Լոպեսը:

Ջենիֆեր Լոպեսը համարվում է ամենաաշխատասեր աստղերից մեկը: Նա նկարահանվում է ֆիլմերում, ֆոտոշարքերում, հաճախ հայտնվում է տարբեր ամենահայտնի ամսագրերի շապիկներին:

Ջենիֆեր Լոպեսը ծնվել էպուերտորիկացի էմիգրանտների ընտանիքում: Երկու մեծ քույրերի հետ միասին Ջենիֆերը դաստիարակվել է կաթոլիկ հոգով:Ծնողները բավականին խիստ էին, քանի որ այն թաղամասը,որտեղ նրանք ապրում էին, հայտնի էր իր վատ համբավով, հանցագործ մասսայով:

«Այն ժամանակ տխրում էի, երբ սահմանափակում էին իմ շփումը տարեկիցներիս հետ, երբ սահմանափակում էին դրսում խաղիս ժամանակը, բայց հիմա անչափ շնորհակալ եմ, չգիտեմ ‘ ինչ կարող էր լինել ինձ հետ, եթե ծնողներս ատամներով չպաշտպանեին ինձ ու հեռու չտանեին ամեն տեսակ փողոցային հավաքներից և ծանոթություններից»:

Ընտանիքի ֆինանսական վիճակը բավականին ծանր էր, և Ջենիֆերի մանկությունն այնքան էլ հարթ ու ապահով չի անցել: Սակայն Լոպեսի ծնողներն արել են ամեն ինչ, որպեսզի բավարարեն աղջիկների կարիքները: Երկար ժամանակ ծնողները գումար էին հավաքում, որպեսզի Ջենիֆերին ուղարկեն կաթոլիկ դպրոց: Իսկ նրա ժամանակը օգտակար կերպով տնօրինելու համար մայրը` Գվադելուպեն, Ջենիֆերին տանում է պարի դպրոց, որտեղ վերջինս բալետ և ֆլամենկո էր սովորում:

Կարճ ժամանակում նրա տաղանդը գնահատում են բոլոր ուսուցիչները: 2 տարի անց նա արդեն մասնակցում էր քաղաքային միջոցառումներին: Իսկ 14 տարեկանում Ջենիֆերը սկսեց հաճախել երգի դասընթացների և սիրով մասնակցել բոլոր դպրոցական միջոցառումներին: Սակայն ծնողների համար Ջենիֆերի երգն ու պարը միայն հոբբի էին և ոչ մասնագիտություն: Նրանք ցանկանում էին, որ Ջենին ընդունվի Իրավաբանական քոլեջ և մասնագիտանա իրավաբանության մեջ:

Դրա համար էլ աղջիկը ստիպված եղավ թողնել երգչուհի դառնալու երազանքն ու իրականացնել ծնողների երազանքը: 17տարեկանում Ջենիֆեր Լոպեսը սկսում է աշխատել իրավաբանական ընկերությունում, որտեղ էլ շատ պատահաբար Լոպեսի աչքով է ընկնում պատի վրայի հայտարարությունը, որ Մանհեթենի պարի դպրոցն ընդունելություն է կազմակերպել: Հենց այդտեղ էլ Ջենիֆերն ընդունվում է: Եվ այսպես, ցերեկը նա աշխատում էր,իսկ երեկոյան և գիշերը՝ պարում: «Ամբողջ օրը երազում էի, թե երբ է գալու գիշերը, որ մտնեմ պարահրապարակ, լիցքաթափվեմ, երջանիկ զգամ ինձ»:

Ծնողների հորդորով Ջենիֆերն ընդունվում է նաև քոլեջ: Հենց առաջին կիսամյակից հետո Լոպեսը վերջնականապես որոշում է դառնալ պարուհի և լքում է քոլեջը: Ծնողներն իհարկե չեն ընդունում Ջենիի որոշումը, և նա ստիպված էր հեռանալ տնից:

15 տարեկան էր Ջենին, երբ սկսում է ընկերություն անել մեխանիկ Դեւիդ Կրուզի հետ: Տնից հեռանալը վերագրում են նաև այս սիրավեպին, որին կտրականապես դեմ էին Ջենիի ծնողները:

«Մտնելով հասուն աշխարհ’ առաջին դժվարությունը, որն ինձ պատահեց, բնակարան չունենալն էր: Ես չգիտեի՝ ինչ անել, ումից խնդրել ինձ իր հարկի տակ վերցնել»: Ջենիֆեր Լոպեսի համար տուն է դառնում պարի սրահը, որտեղ նա պարապում էր: Ջենիֆերը սկսում է նկարահանվել էժանագին տեսահոլովակներում, որտեղ պարելու համար ստանում էր ընդամենը 20 դոլար:

«Ամեն օրս սկսվում էր լսումներով, քասթինգներով: Այնքան սովորական էր ինձ համար, որ թվում էր, թե երբ ինչ-որ տեղ ինձ աշխատանքի վերցնեն, մյուս օրն առավոտյան ես միևնույն է գնալու եմ լսումների և քասթինգների»,- պատմում է Լոպեսը:

Լատինաամերիկյան ծագման համար Ջենիֆերին ոչ մի տեղ չէին վերցնում: Այսպես ձգձգվում են 8 ամիսներ, և Ջենիֆերը հուսահատվում է’ կարծելով,որ հաջողությունն իր համար չէ: Եվ այսպես մինչև 19 տարեկանը, երբ հաջողությունը պարզապես թակեց այս գեղեցկուհու դուռը: Նրան վերցրին որպես պարուհի մյուզիքլներում: Առաջարկեցին նաև մասնակցել «Բրոդվեի ոսկե մյուզիքլները» հյուրախաղին: 9 ամիս անց նա արդեն հյուրախաղերի էր Ճապոնիայում: «Դուք պատկերացնո՞ւմ եք’ ես ինձ հաջողակ էի զգում, կյանքում առաջին անգամ ես հասկացա, որ երջանիկ եմ, որ կյանքը ժպտում է ինձ»:

Ջենիֆերին հրավիրում են պարելու բավականին հայտնի աստղեր, ինչպես օրինակ Ջանեթ Ջեքսոնն է:

Ջենիֆերի և Դեւիդի հարաբերությունները տևում են 10 տարի, որից հետո Դեւիդը լքում է Լոպեսին’ չհանդուրժելով նրա օր օրի հայտնի դառնալը: «Նա ավելի ընտանեկան մարդ էր: Երազում էր հանգիստ կյանքի, երեխաների, ընտանիքի մասին: Նրա համար չէին ճոխ երեկույթները, կարմիր գորգերը: Եվ արդյունքում նա լքեց ինձ»,- խոստովանում է Լոպեսը:

Ջենիֆերին առաջարկում են վարել մի քանի հեռուստատեսային շոուներ, որոնք սակայն ճանաչում չբերեցին նրան: «Ես այլևս չէի ուզում հեռուստատեսություն, ես ուզում էի կինո, մեծ էկրան, ուզում էի երկարատև նկարահանումներ և արդյունքում ճանաչվածություն, փառք»:

Ջենիֆերի կարիերան գնալով նոր բարձունքներ էր խոստանում: Շուտով նա հայտնվեց Հոլիվուդում: «Կենդանի գույն» շոուից հետո նրան հրավիրում են քաստինգի’«Կենդանի աշխարհում» ֆիլմի պարուհիներից մեկի դերի համար: Մրցակցությունը մեծ էր, սակայն ընտրվում է հենց Ջենիֆերը: «Ամեն ինչ շատ լավ էր, բացի նրանից, որ ես ընկերներ չունեի: Անձնական կյանքի համար ժամանակ չունեի: Ես միայնակ էի, և դա տխուր էր»:

Այս հեռուստասերիալից հետո Ջենիֆերը խաղում է ևս մի քանիսում և վերջնականապես որոշում հրաժարվել հեռուստատեսությունից 1993թ.:
Ռեժիսորները ծափերով ընդունեցին նրա որոշումը և հրավիրեցին խաղալու մի քանի ֆիլմերում, որոնք սկիզբ դարձան Ջենիֆերի կինոկարիերայի համար:

«Իմ գլոբալ հաջողությունները, ճանաչումը, փառքը սկսվեցին «Սելենա» ֆիլմից»,- ասում է Ջենիֆեր Լոպեսը:

Իսկապես որ, առաջին անգամ Ջենիֆերը հնարավորություն ստացավ խաղալու գլխավոր դեր: Բայց այն ստանալու համար նա ստիպված եղավ անցնել շատ բարդ ու լարված լսումներ: 20 հազար դիմողներից ընտրվեց հենց Ջենիֆեր Լոպեսը: Իսկ ֆիլմում իր դերասանական տաղանդը ցուցադրելու համար Ջենիֆերն արժանացավ 1 միլիոն դոլարի: Ջենիֆեր Լոպեսը դարձավ ամենաթանկ վարձատրվող լատինաամերիկացի դերասանուհին Հոլիվուդի ողջ պատմության մեջ:

«Սելենա-ն նշանավորվեց Ջենիֆերի կյանքում ոչ միայն նշանավոր մրցանակներով, այլև անձնական կյանքի փոփոխություններով: Դեռ ֆիլմի նկարահանումների ժամանակ Ջենիֆերը հանդիպում էր Մայամիից մի մատուցողի’ Օջանի Նոայի հետ:

Հարաբերություններն այնքան էին խորացել, որ ֆիլմի պատվին կազմակերպված երեկույթի ժամանակ Ջենիի սիրելին վերցնում է բարձրախոսը և ամուսնության առաջարկություն անում Ջենիֆերին հենց պարահրապարակում: 1997-ի սկզբին զույգն ամուսնանում է: Սակայն մեկ տարի անց անակնկալ կերպով Ջենիֆերը հայտարարում է իրենց բաժանության մասին, որը շոկի մեջ է գցում նաև իր ամուսնուն: Ամուսնալուծությունից մեկ տարի չանցած, Ջենիֆերը թողարկում է իր առաջին ալբոմը` ռեփեր Փի-Դիդդի օգնությամբ: Գործնական կապերը հետզհետե վերածվում են բուռն ու կրքոտ հարաբերությունների: Իսկ Ջենիֆերի նախկին ամուսինը ամեն կերպ փորձում է գցել երգչուհու, դերասանուհու համբավը` սպառնալով երկրպագուներին ցույց տալ տեսանյութ, որտեղ Ջենիֆերը ամբողջովին մերկ է:

Փի-Դիդիի հետ հարաբերությունները նույնպես երկար չեն տևում, քանի որ Լոպեսը պարզապես հոգնել էր նրա’ օրենքի հետ ունեցած խնդիրներից և դավաճանություններից: «Ես կարծես դեպի ինձ եմ ձգում վատ տղաների,- ծիծաղելով պատմում է Ջենին,-միայն այն մտքից, որ 10 տարուց ես նստելու եմ երեխաներիս հետ տանը միայնակ, իսկ նրանց հայրը թափառելու է չգիտես որտեղ, ես որոշեցի բաժանվել նրանից»:

2001-ին Ջենիֆերը հայտարարում է, որ ամուսնանում է երկրորդ անգամ: Այս անգամ նրա ընտրյալը Կրիս Ջադն էր: Աթլետիկ կազմվածքով այս երիտասարդը գերում է Լոպեսին հենց իր տեսահոլովակի նկարահանման ժամանակ, որտեղ Կրիսը պարում էր:

Սեպտեմբերին զույգը շքեղ հարսանիք կազմակերպեց, Ջենիֆերը կրեց հարսանեկան զգեստ, հրավիրվեցին շուրջ 200 հյուրեր, և զույգի հարաբերություններն օրինականացվեցին: Ջենիֆերը միշտ էլ աչքի է ընկել իր առատաձեռնությամբ դեպի տղամարդիկ: Այս անգամ Ջենին իր ամուսնուն է նվիրում շքեղ առանձնատուն Լոս Անջելեսում: Ամուսնությունից մեկ ամիս հետո Կրիսը հայտարարեց, որ այլևս չի զբաղվելու պարով:

«Մինչ ես առավոտից երեկո ձայնագրվում էի ստուդիաներում, նկարահանվում էի ֆիլմերում, Կրիսն այդ ամբողջ ընթացքում տանը վայելում էր իմ ստեղծած միլիոններն ու անխնա ծախսում դրանք: Ես դեմ չեմ ընտանիք պահելուն, բայց իմ կողքին չպետք է ձրիակեր ապրի, նա պետք է զգա, որ տղամարդ է և պարտավորվածություններ ունի»,- ամուսնալուծությունից 2 ամիս անց հարցազրույցներից մեկում ասում Լոպեսը: Հարսանիքից 8 ամիս անց զույգը բաժանվում է, և միայն այդ ժամանակ է հիշում Ջենիֆերը, որ չի կնքել ամուսնական պայմանագիր: Խորամանկ Կրիսը կարողանում է 18 միլիոն դոլար կորզել Ջենիֆերից: Սա իսկական դաս էր վերջինիս համար:

Ջենիֆերի կարիերան օր օրի ավելի էր աճում, համաշխարհային համբավ ձեռք բերած դերասնաուհին, երգչուհին մասնակցում էր բոլոր հեղինակավոր մրցանակաբաշխություններին, իսկ նրան ուզեկցող յուրաքանչյուր երիտասարդ հայտնվում էր ամսագրերի շապիկներին: «Իմ կողքին եղել են բոլոր կրքոտ տղամարդիկ: Ես չեմ սիրում միայնակ մնալ, դա ինձ համար չէ»: Իսկապես որ միայնությունը Ջենիֆերի համար չէ: Ջենիֆերը հարաբերությունների մեջ էր գրեթե իր բոլոր խաղընկերների հետ’ Ուեսլի Սնայպս, Բեն Աֆլեկ և այլք: Վերջինիս հետ հարաբերությունները բավականին լուրջ էին, իսկ մամուլը այս զույգին անվանում էր Բենիֆեր: 2002-ին նրանք նշանադրվում են և նույնիսկ հայտարարում ամուսնության օրը: Սակայն արարողությունից մի քանի օր առաջ նրանք չեղյալ են համարում հարսանիքը: Բաժանության պատճառն այդպես էլ գաղտնի մնաց լրատվամիջոցների համար:


«Իմ ու Բենի հարաբերությունները հիանալի էին, բայց ես տանել չէի կարողանում նրա խաղամոլությունը: Եվ ամեն ինչի պատճառը դարձավ հենց դա, որից նա չէր կարողանում հրաժարվել ոչ մի կերպ»,- ավելի ուշ ասում է Լոպեսը:
Կարիերայում անընդհատ աճ, իսկ անձնական կյանքում՝ իրար ետևից ձախողումներ: Սակայն այդ ամենը չեն հուսահատեցնում Ջենիֆերին, նրա հանդիպումները, նորանոր ծանոթությունները, սիրային պատմությունները շարունակվում են: Այս անգամ Լոպեսը որոշում է թաքցնել բոլորից իր ամուսնությունը: Իսկ նրա 3-րդ ամուսինը դարձավ լատինաամերիկյան բեմի ամենավառ ներկայացուցիչը’ Մարկ Էնթոնին:

Նրանք ամուսնացան առանց որևէ աղմուկի, առանց զլմ-ներին տեղյակ պահելու: Անգամ հյուրերը չգիտեին, որ գնում են հարսանիքի, նրանք հրավիրված էին պարզապես փակ երեկույթի: Իսկ սրահում նրանց անակնկալ էր սպասվում. Ջենիֆեր Լոպեսը՝ սպիտակ հարսանեկան զգեստով, և թևանցուկ արած Մարկ Էնթոնիին:

Նրանց անհամահունչ արտաքինը աչք է ծակում: Հյուրերից մեկը նույնիսկ հյուրասրահում ծիծաղում է և ասում,որ Ջենիֆերը հավանաբար ջերմում է, եթե որոշել է նրա հետ ամուսնանալ: Ցածրահասակ, ոչնչով աչքի չնկնող մի տղամարդ, որի կողքին մեգաաստղ, շքեղ, սեքսուալ Ջենիֆեր Լոպեսն է: Սակայն այս խոսակցություններն անհետացան, երբ օր օրի մամուլն ու մարդիկ զգում էին, թե ինչքան կապված են նրանք միմյանց: «Երրորդ ամուսնուս կողքին ես վերջապես կարողացա ձեռք բերել կայուն ընտանեկան երջանկություն»,- ասում է Ջենիֆերը:

7 տարի շարունակ նրանք համարվում էին Հոլիվուդի ամենասիրված, ամենաերջանիկ զույգը: Բոլոր հարցազրույցների ժամանակ Ջենիֆերը կրկնում էր. «Ես գտել եմ իմ ամբողջ կյանքի սիրուն: Մարկն ինձ համար տղամարդու իդեալ է»: Ջենիֆերը զույգ փոքրիկներ է պարգևում ամուսնուն: Փոխվում է նրա կյանքը: «Ես R’nB երգչուհուց, ազատ կյանք վարող երես առած աղջնակից դարձա հասուն լեդի, հոգատար մայր և կին: Եվ դա ինձ դուր է գալիս, այս կյանքն իսկապես ինձ համար է»: Թվում էր՝ ամեն ինչ հիանալի է, բոլորը հավատում էին, որ այս զույգն անկրկնելի է, բայց արի ու տես… Այս ամենից հետո նրանց բաժանության մասին լուրը պայթյունի պես ընդունվեց:

7 տարի համատեղ կյանքից հետո ամուսնալուծության պատճառները երկուսն էլ թողեցին առանց մեկնաբանելու: Սակայն ամենատարածված վարկածն այն է, որ Մարկը պարզապես հոգնել էր կրելուց «միստր Լոպես» մականունը:

Բոլորի համար շոկային, իսկ Ջենիֆերի համար նոր կյանքի սկիզբ են բոլոր ամուսնալուծությունները: Ջենիֆերը երբեք չի թողնում, որ երկրպագուները ձանձրանան: Իր նորանոր հարաբերություններով, այս անգամ Կասպեր Սմարթի հետ, Ջենիֆերը զբաղեցնում է ամսագրերի շապիկները:

Երիտասարդ պարող Կասպերն ու Ջենիֆերը դեռևս չեն ուզում օրինականացնել հարաբերությունները, սակայն… «Սպասեք նորությունների իմ կյանքում: Չեմ ուզում շտապել, բայց ես կարծես նորից գտել եմ իմ տղամարդուն»,-լավատեսորեն հայտնում է Ջենիֆերը:

«Միակ բանը, որի պակասը ամբողջ կյանքիս ընթացքում չեմ ունեցել, տղամարդիկ են»,- ասում է Լոպեսը:




Լրահոս