Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմի՝ վերջին օրերի խախտումները, երբ կրկին կիրառվեցին ծանր զինատեսակներ, եւ եղան մարդկային զոհեր, իրենց վրա են բեւեռել միջազգային հանրության ուշադրությունը: Ու հիմա ԵԱՀԿ ՄԽ համանախագահները փորձում են հակամարտող կողմերին կրկին բանակցային սեղան վերադարձնել: Մասնավորապես համանախագահները նախօրեին տարածած հայտարարությամբ փաստել են, որ բռնությունը ծնում է բռնություն, եւ որ խնդրի լուծման միակ ուղին բանակցային սեղան վերադառնալն է: Երեկ էլ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան է խոսել ԼՂ խնդրի մասին՝ կոչ անելով դադարեցնել բռնություններն ու մեջբերել բանակցային գործընթացը վերսկսելու անհրաժեշտության մասին ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունը:
Այս ամենին երեկ հետեւել է ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի արձագանքն առ այն, որ իրենք պատրաստ են բանակցությունների եւ չեն հրաժարվի ԱԳ նախարարների՝ հուլիսին նախատեսված հանդիպումից: «Հայաստանը երբեք չի հրաժարվել հանդիպումներից` թե՛ ամենաբարձր մակարդակով, թե՛ ԱԳ նախարարների մակարդակով: Ինչպես մի քանի օր առաջ ասացի, բացառված չէ, որ ԱԳ նախարարների մակարդակով հանդիպում լինի հուլիսին»,- ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Ադրբեջանի ԱԳ նախարարի խոսնակն էլ ասել է, թե Բաքուն չի պլանավորում չեղարկել նախարարների հանդիպումը, եւ հավելել. «Ադրբեջանը բանակցություններին չի մասնակցում հանուն իմիտացիայի։ Մեր դիրքորոշումը հստակ է՝ մենք ցանկանում ենք բովանդակալից բանակցություններ»:
Հետաքրքիր է, որ եթե իրապես նպատակը բանակցություններն են, էլ ինչ իմաստ ունեն տարատեսակ զինտեխնիկայի գործադրումները: Իրականում բանակցող կողմերից մեկը՝ Ադրբեջանը, ձեւացնում է, թե կողմ է խնդրի կարգավորմանը, բայց գործնականում այդպես էլ ոչինչ չի անում կարգավորման, խաղաղ բանակցությունների համար: Նրանք մինչ օրս ոչ միայն շարունակում են հրադադարի ռեժիմի խախտումները, այլեւ խուսափում Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում նախագահների մակարդակով ստանձնած պարտավորությունների կատարումից՝ սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրումից: Ու այստեղ մեծ բացթողում ունեն միջազգային կառույցները, որոնք պետք է պարտադրեն հետաքննող մեխանիզմների տեղադրումը:
Կառավարությունը երեկվա նիստում հաստատեց 2018-2020թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը: Ըստ այդ փաստաթղթի՝ նախորդ տարվա 0.2 տոկոս աճից հետո այս տարվա համար, օրինակ, կառավարությունը նախատեսում է տնտեսական աճը հասցնել 3.3 տոկոսի, 2018-ին՝ 4.7 տոկոսի, 2019-ին՝ 5.4 տոկոսի, 2020-ին՝ 5.7 տոկոսի: Նկատենք, որ աճի նման տեմպերով Հայաստանը լուրջ մարտահրավեր է նետել ամբողջ աշխարհին, քանի որ զարգացած ու զարգացող երկրներից միայն Չինաստանն է, որ վերջին տարիներին ամենամյա 6.5 տոկոս աճ է գրանցել ու առաջիկայում եւս պահպանելու է նույն տեմպերը: Իսկ ահա ԵՄ երկրներում աճը հազիվ 1.8 տոկոս կարող է լինել, ԱՄՆ-ում՝ 1.5-ից ոչ ավելի, իսկ ՌԴ-ում՝ հազիվ 1.4 տոկոս: Կարճ ասած, մենք ենք ու Չինաստանը, եւ այսպես շարունակվելու դեպքում իրոք կարող ենք ցնցել աշխարհը: Ափսոս միայն, որ բացարձակ թվային արտահայտությամբ՝ Հայաստանում կանխատեսվող աճը այնքան էլ մեծ չէ, եւ իրականում այդ աճը դեռ չի ապահովում լուրջ զարգացում:
ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին՝ նշելով, թե Հայաստանի ամենամեծ սխալը Արցախին բանակցային գործընթացից դուրս թողնելն է եղել: «Ամենավառ սխալը, որն արվել է եւ վառ է իմ հիշողությունում, Լեռնային Ղարաբաղի դուրս մնալն է բանակցային գործընթացից: Դա տարբեր պատճառներով, իմ կարծիքով՝ ավելի շատ ոչ թե ներքին, այլ արտաքին ազդակներից ելնելով, իր ժամանակին արել է իմ կողմից շատ հարգված Ռոբերտ Քոչարյանը: Դա սխալ էր, որը շատ դժվար է ուղղել, եւ մինչ այժմ դա չի էլ հաջողվել»,- ասել է նա: Ինչ վերաբերում է վերջին օրերին շփման գծում լարվածությանն ու հրադադարի ռեժիմի խախտումներին, Զատուլինն ասել է, թե Ադրբեջանը նման քայլերով եւ լարվածությամբ փորձում է ուշադրություն գրավել Ղարաբաղյան կոնֆլիկտի անլուծելի մնալու վրա:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Աշոտ Մարգարյանի հրաժարականի դիմումը որքան էլ անսպասելի էր, միաժամանակ սպասված բոլոր նրանց համար, ովքեր տեղյակ են ներիշխանական ինտրիգներին: Հիշեցնենք, որ երիտասարդ Մարգարյանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հրահանգով այդ նախարարություն էր «գործուղվել» մեկ գլխավոր առաքելությամբ. քանդել սոցապում առկա կոռուպցիոն որջը եւ բարեփոխումներ սկսել: «Ժողովուրդ»-ը նախկինում գրել էր, որ փոխնախարարի աշխատանքը դուր չի գալիս նախարար Արտեմ Ասատրյանին, եւ նա հնարավոր բոլոր միջոցներով փորձում էր կասեցնել փոխնախարարի գործունեությունը եւ իր մամուլի քարտուղարի միջոցով ստացավ Սերժ Սարգսյանի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվական կենտրոն» ՊՈԱԿ-ի «քոմենթների» օգնությունը: Ու այդ հարձակումներից պարզ էր, որ բարեփոխումներ մեր երկրում պետք չեն. խարդավանքներ հյուսելն ու թալանելն է առաջին պլանում: Հենց այդ պատճառով էլ Մարգարյանը հրաժարական տվեց, իսկ կասկածահարույց գործունեություն ծավալող նախարար Ասատրյանը շարունակում է պաշտոնավարելը: Սա վարչապետ Կ. Կարապետյանի պարտությունն էր:
ՕԴԻՑ ԿԱԽՎԱԾ
«Սասնա ծռերի» ու Ժիրայր Սէֆիլյանի դատավարությունները տխուր եզրակացությունների տեղիք են տալիս՝ կասկածի տակ դնելով դատական գործընթացի օբյեկտիվությունն ու անաչառությունը: Ու եթե անգամ այս գործերի հիմքում իրավական որոշ հիմնավորումներ կան, ապա երկու գործերով դատավորներն էլ իրենց պահվածքով զրոյին են հավասարեցնում այդ ամենը: Մինչդեռ, հիշեցնենք, նախորդ տարվա ամռանը, երբ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերի» խմբի անդամները որոշեցին հանձնվել իրավապահներին, Սերժ Սարգսյանը խոսել էր կատարվածի մասին՝ ասելով. «Առաջին հերթին պետք է իրականացվի մանրազնին հետաքննություն, համակողմանի եւ անաչառ քննություն, բաց դատավարություն: Յուրաքանչյուր ոք պետք է պատասխան տա իր արարքների համար միայն ու միայն օրենքի առաջ: Որեւէ այլ դրսեւորում չի լինելու, անձնական վրեժխնդրության բոլոր փորձերը կասեցվելու են օրենքի ուժով»: Այս օրերին տեղի ունեցողը, սակայն, վկայում է հակառակի մասին. Սերժ Սարգսյանի տված հավաստիացումները չեն գործում, եւ երկու գործով էլ ոչ թե արդարադատություն է իրականացվում, այլ այդ ամենը քաղաքական վրեժխնդրության փորձեր են:
Թեեւ Սերժ Սարգսյանը խոստանում էր անաչառ քննություն, ավելի խստացվեցին «Սասնա ծռերի» անդամներից չորսի մեղադրանքը՝ նրանց վերագրելով նաեւ ՊՊԾ գնդի տարածքում եղած բանկոմատից մոտ 14 մլն դրամ հափշտակությունը: Այս պատմության մեջ տարօրինակն այն է, որ հափշտակված 14 մլն դրամն այդպես էլ չի հայտնաբերվել, պաշտոնական հաղորդագրություն եղավ այն մասին, որ խմբի անդամներից Արթուր Սողոմոնյանի կոշիկի մեջից 300 հազար դրամ է հայտնաբերվել եւ վերջ: Այս օրերին դատարանում տեղի ունեցող իրադարձություններն էլ հուշում են, որ իշխանությունները նախապատրաստվում են դռնփակ դատավարության: Պատահական չեն դատարան մտնելիս փաստաբաններին խուզարկելու, այդպես իրավիճակը սադրելու փորձերը, մյուս կողմից՝ դատավորներն էլ իրենց հերթին են փորձում լարվածություն մտցնել: Այնպես որ, հօդս կցնդեն բաց դատավարություն իրականացնելու մասին խոստումները:
Եւ վերջապես, ամենակոպիտ կերպով անտեսվում է «Սասնա ծռերի» անդամների նկատմամբ անձնական վրեժխնդրության բոլոր փորձերն օրենքով կասեցնելու Սերժ Սարգսյանի հրահանգը: Ինչպես հայտնի է՝ դատարանի՝ կալանավորներին պահելու համար հատկացված հատուկ վայրում ոստիկանները գազանաբար բռնություն են կիրառել ամբաստանյալներից չորսի նկատմամբ: Չնայած կցկտուր հերքումներին՝ իրավապահներն այդպես էլ հիմնավոր փաստարկ չեն ներկայացրել դատավարությունից հետո «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին խոշտանգելու ահազանգերի վերաբերյալ: Փոխարենը արգելվել են բռնության ենթարկվածների հետ կալանավայրերում մշտադիտարկում իրականացնող խմբի տեսակցությունները, ինչն էլ ավելի է հիմնավորում խոշտանգումների մասին ահազանգերը: