ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԱՐԱԾՆ ԱՆՄԻՏ ՔԱՅԼ ԷՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 4-ին ադրբեջանական կողմը ղարաբաղա-ադրբեջանական սահմանի հարավային ուղղությամբ կիրառել է ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներ: ՀՀ պաշտպանության նախարարությունն իր հաղորդագրության մեջ ընդգծեց, որ նախորդ տարվա ապրիլյան սրացումներից հետո սա առաջին դեպքն է, երբ ադրբեջանական զինուժը կիրառում է նման զինատեսակ: Ավելի ուշ հայկական կողմը մեկ այլ հաղորդագրությամբ էլ հայտնեց, որ դիմել է պատասխան գործողությունների:

Արդյոք Ադրբեջանը նոր տեխնիկա կիրառելով եւ սպառազինություն ձեռք բերելով փորձում է ակնարկել, որ առջեւում նոր սրացումներ եւ միգուցե ապրիլյան դեպքերի կրկնություններ են սպասվում: Այս եւ այլ հարցերի պատասխանները «Ժողովուրդը» փորձել է ստանալ ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինից:
-Պարո՛ն Զատուլին, Ադրբեջանը նոր տեխնիկա է կիրառել սահմանին, իսկ մինչ այդ էլ սպառազինության հերթական խմբաքանակն էր ստացել: Արդյո՞ք այս քայլերն իրենց մեջ ազդակներ են պարունակում:
-Ադրբեջանը նման քայլերով եւ լարվածությամբ փորձում է ուշադրություն գրավել Ղարաբաղյան կոնֆլիկտի անլուծելի մնալու վրա: Նրանք ցանկանում են գրավել թրամփների կամ նրա նմանների ուշադրությունն այդ գործընթացի վրա: Ահա թե ինչ կարող է դա նշանակել: Եթե Դուք ակնարկում եք, որ դա կարող է պատերազմի կամ դրա նման որեւէ բանի սկիզբ լինել, ապա ես չեմ կարծում: Ես այդպես եմ մտածում միայն նրա համար, որ այս պահի դրությամբ այդ ամենի համար քարտ-բլանշ տրված չէ: Այդպիսի քարտ-բլանշ ոչ ոք ադրբեջանական կողմին չի տա: Նրանք փնտրում են նման թույլտվություն, փնտրում են ազատություն, սակայն դեռ չեն ստանա: Ոչ ոք իր վրա պատասխանատվություն չի վերցրել, որպեսզի փակի իր աչքերը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում ընթացող գործողությունների վրա: Դրանք միայն պրովակացիաներ են, որոնք կարող են լինել թույլ, կամ մի քիչ ուժեղ, կամ ավելի ուժեղ:
-Օրեր առաջ նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կարծիք հայտնեց, որ մոտ ժամանակներս պատերազմ չի լինի, Դուք եւս այդ կարծիքին եք: Այդ դեպքում ինչո՞ւ է սահմանին մշտապես նման իրավիճակ տիրում:
-Դրա համար ակնհայտ պատճառներ կան: Ադրբեջանն ունի իր պատկերացումներն այն մասին, թե ինչպես պետք է լուծվի ղարաբաղյան հակամարտության հարցը: Նա փորձում է ստիպել, որ այլ երկրները, համանախագահները եւ վերջապես Հայաստանը համաձայնեն: Սակայն Ադրբեջանը չի կարողանում այդ ամենին հասնել խաղաղ բանակցությունների միջոցով եւ այդ պատճառով փորձում է այլ քայլերի դիմել՝ այդ թվում օգտագործելով նոր գնված տեխնիկան եւ տարբեր չափերի հրադադարի ռեժիմի խախտումներ թույլ տալով: Նա այդպիսի քայլ արեց հենց 2016 թվականի ապրիլին: Իսկ թե ինչու է Ադրբեջանը հիմա իրեն այդպես պահում, կրկին ակնհայտ է, քանի որ բավարարված չէ այդ իրավիճակով, քանի որ, ինչպես ինքն է պնդում, կորցրել է իր տարածքների մի մասը:
-Պատերազմ չեք կանխատեսում միայն հիմա՞, թե՞ նաեւ մոտ ապագայում:
-Տարօրինակ կլինի, եթե առհասարակ պատերազմը բացառող հայտարարություններ արվեն: Պետք չէ ասել՝ մի՛ անհանգստացեք, պատերազմ ոչ մի դեպքում չի լինի, կարող եք հանգիստ զբաղվել ինչով կարող եք, բայց ոչ պատերազմին պատրաստվելով: Լեռնային Ղարաբաղի պատրաստվածությունը եւ ունակությունը ռեւանշի հասնելու ծրագրերի հիմնական խոչընդոտն է: Եվ այդ պատճառով Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը պետք է միշտ ուշադիր լինեն՝ չնայած տարբեր տեսակի կանխատեսումների: Դուք գիտեք, որ կանխատեսումները ոչ միշտ են ճիշտ լինում, եւ այդ սխալմունքի գինը կարող է շատ թանկ լինել: Եթե ես նույնիսկ ասեմ՝ ոչինչ չի լինի, մի՛ անհանգստացեք, ինձ ոչ ոք չի հավատա, իսկ ես չեմ ցանկանում, որ ինձ անլուրջ վերաբերվեն: Սակայն ամերիկյան նոր իշխանությունների դեպքում Ադրբեջանը չի դիմի լայնամասշտաբ գործողությունների, դա անմիտ կլինի:
-Իսկ ի՞նչ քայլերի է պետք դիմել: Օրինակ՝ մեզ մոտ տեսակետ կա, թե պետք է նախահարձակ լինել եւ Ադրբեջանին կապիտուլյացիայի պայմանագիր պարտադրել:
-Հայաստանի պարագայում նախահարձակ լինելն ուղղակի անմտություն կլինի, քանի որ այդ դեպքում իր բոլոր դաշնակիցներին Հայաստանը վատ դրության մեջ կդնի: Նրանք այդ դեպքում իրենց վրա պետք է վերցնեին Հայաստանի նման պահվածքի բացատրությունը, քանի որ մինչ այդ ասվում էր, որ Հայաստանը կողմ է ստատուս-քվոյի պահպանմանը, հարցի խաղաղ կարգավորմանը: Իհարկե, Հայաստանն անմիտ քայլեր արել է նախկինում, բայց ոչ այդպիսի:
-Ո՞ր քայլերի մասին է խոսքը:
-Դուք գիտեք, որ սխալները հանցագործությունից վատն են: Ամենավառ սխալը, որն արվել է եւ վառ է իմ հիշողությունում, Լեռնային Ղարաբաղի դուրս մնալն է բանակցային գործընթացից: Դա տարբեր պատճառներով, իմ կարծիքով՝ ավելի շատ ոչ թե ներքին, այլ արտաքին ազդակներից ելնելով, իր ժամանակին արել է իմ կողմից շատ հարգված Ռոբերտ Քոչարյանը: Դա սխալ էր, որը շատ դժվար է ուղղել, եւ մինչ այժմ դա չի էլ հաջողվել: Իսկ առաջինը հարձակվելը դա ոչ թե սխալ կլինի, այլ ողբերգություն:

 

 

 

 

«ԾԱՌՈՒԿՅԱՆ» ԵՎ «ԵԼՔ» ԴԱՇԻՆՔՆԵՐԸ ԴԱՐՁԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ

Կարեն Կարապետյանի կառավարության ծրագրին դեմ քվեարկելը «Ծառուկյան» եւ «Ելք» դաշինքները ընդդիմադիր են «դարձել» «Ժառանգություն» կուսակցության համար: Չնայած ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններից հետո «Ժառանգության» եւ «Ելք»-ի հեռակա բանավեճերին ու մեղադրանքներին՝ այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած կուսակցությունը մտափոխվել է:

Համենայնդեպս, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ ներկայացնում է կուսակցության պաշտոնական դիրքորոշումը, հայտարարեց, թե այդ երկու խմբակցություններն ընդդիմադիր են, քանի որ դեմ են քվեարկել կառավարության ծրագրին:
-Պարո՛ն Մարտիրոսյան, օրեր առաջ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, թե ինքն է եղել «Ելք» դաշինքի հիմնադիրն ու նախահայրը, սակայն վերջիններս հերքում են՝ նույնիսկ ասելով, թե միգուցե վատ երազ է տեսել:
-Եթե պարոն Հովհաննիսյանը ցանկանա երբեւիցե փակագծեր բացել, ինքը դա շատ հանգիստ կարող է անել: Նա իր հարցազրույցում էլ նշեց, որ եթե դրա կարիքը լինի, կանի դա: Ես ինքս եղել եմ այդ ամբողջ պրոցեսում, այն ամենը, ինչ մենք գիտենք, ավելի լավ է մնա մեր մեջ: Ես դեմ եմ, որ ինչ-որ փակագծեր են բացում, դրա համար կարծում եմ՝ ճիշտ է` ամեն մեկը շարունակի իր գործունեությամբ զբաղվել:
-Բոլորն են հիշում, որ ընտրություններից հետո միմյանց հասցեին մեղադրանքներ հնչեցրիք: Շատերը նույնիսկ բարձրաձայնեցին, թե «Ժառանգությունը» նախանձում է «Ելք» դաշինքին:
-«Ժառանգությանը» որեւէ մեկը չի կարող մեղադրանքներ հնչեցնել, քանի որ չի եղել մի քաղաքական գործընթաց, որն իշխանափոխությանն է միտված եղել, եւ «Ժառանգությունը» հետ քաշված է եղել: Չի եղել մի քաղաքական պրոցես, որ մենք չաջակցենք, եթե մենք չգլխավորենք: Դրա համար ոչ ոք չի կարող մեղադրել, առավել եւս «Ժառանգությունը» երբեւէ գործարքների չի գնացել: Ինչի՞ համար նախանձենք «Ելք»-ին, որ խորհրդարան են անցե՞լ: Մենք որ խորհրդարան էինք անցել, իրենք դեռեւս չէին ստեղծվել, եւ խորհրդարանում ինչ-որ էքստրաօրդինար վիճակ չկա: Համենայնդեպս, խորհրդարանից ո՛չ հարստացել եմ, ո՛չ իմ առողջությունն ավելի ամրապնդվել է:
-«Ելք»-ին ընդդիմություն համարո՞ւմ եք:
-Քանի որ ես այս պահին կուսակցության համար եմ պատասխանատու, ներկայացնեմ պաշտոնական տեսակետը, որ մենք «Ելք» դաշինքին տեսնում ենք ընդդիմություն, դրա համար էլ նախանձելու բան չկա: Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, որ լավ են աշխատում: Նա ասել է՝ նրանք, ովքեր կառավարության ծրագրին դեմ են քվեարկում, ընդդիմություն են: Ընդդիմություն է նաեւ «Ծառուկյան» դաշինքը, դրա համար պետք չէ խոսել նախանձի մասին: «Ժառանգությունը» նեղ, անձնական հարցերով չի զբաղվել, այլապես կարող էր հանգիստ խորհրդարանում լինել:
-Այդ դեպքում ընտրություններից հետո ինչո՞ւ էիք այլ կերպ արտահայտվում, ի՞նչ փոխվեց:
-Ես կրկնում եմ կուսակցության պաշտոնական տեսակետը. կառավարությանը դեմ քվեարկած խմբակցությունները մեզ համար ընդդիմություն են:

Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

 

 

 

ԿՄԵԿՆԵՆ ԱՐՑԱԽ
Երեքշաբթի` հուլիսի 11-ին, ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահները մեկնելու են Արցախի Հանրապետություն: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այցը նախապես պլանավորված է եղել եւ կապ չունի հուլիսի 4-ից սկսված սահմանային լարվածության հետ: Մեր տեղեկություններով՝ այցը նպատակ ունի զարգացնելու ՀՀ նոր խորհրդարանի եւ Արցախի Հանրապետության միջեւ հարաբերությունները` նաեւ միջազգային հարթակներում հանդես գալու համար: Այցի ընթացքում անշուշտ անդրադարձ կկատարվի նաեւ վերջին օրերի սահմանային լարվածությանը:

 

 

ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության տարածքային բաժնի պետ Արամայիս Ավետիսյանի գործը հասավ ՀՀ վերաքննիչ դատարան: Մեղադրող դատախազը պահանջում է, որ բաժնի պետը մնա կալանքի տակ: Հիշեցնենք, որ դեռեւս 2016 թվականի դեկտեմբերի 8-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից կալանավորվել էր Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության տարածքային բաժնի պետ Արամայիս Ավետիսյանը: Նա մեղադրվում էր խարդախության մեջ: Նա դատարանում հայտարարել էր, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչում, որից հետո Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նրան դատապարտեց 1 տարի, 6 ամիս, 5 օր ժամկետով պայմանականորեն ազատազրկման: Բայց պարզվում է՝ քաղաքապետարանի աշխատակցի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Մեղադրող դատախազ Ա. Չախոյանը դիմել է ՀՀ վերաքննիչ դատարան եւ պահանջում է, որ Արամայիս Ավետիսյանի նկատմամբ ՀՀ քր. օր-ի 70-րդ հոդվածի կիրառումը վերացվի, եւ բաժնի պետ Արամայիս Ավետիսյանը մնա կալանքի տակ:

 

 

 

ՄԵԿՆԵԼ ՈՒ ՉԵՆ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ
Այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով՝ Հայաստանից ինքնաթիռով մեկնել եւ չի վերադարձել 7543 ուղեւոր: «Ժողովուրդ»-ը ՀՀ քաղաքացիական ավիացիայի վարչությունից տեղեկացավ, որ «Զվարթնոց» օդանավակայանից հունվար-հունիս ամիսներին մեկնել է 532 հազար 580, ժամանել՝ 526 հազար 254 ուղեւոր: Իսկ ահա «Շիրակ» օդանավակայանից այս տարվա վեց ամիսներին մեկնել է 18 հազար 195, վերադարձել` 16 հազար 978 ուղեւոր: Նկատենք, որ սա ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պաշտոնական վիճակագրությունն է, որտեղ ներկայացված է Հայաստանի երկու օդանավակայաններից` «Զվարթնոցից» եւ «Շիրակից» ուղեւորների մեկնման եւ ժամանման տվյալները: Իսկ ինքնաթիռով մեկնած եւ չվերադարձածների թիվը չի կարելի ասել, որ ամբողջությամբ արտացոլում է արտագաղթի պատկերը: Իհարկե, չվերադարձածների մի մասը հենց արտագաղթածներն են, բայց մյուս կողմից էլ հայտնի է, որ դեպի Ռուսաստան արտագաղթողները հիմնականում նախընտրում են ցամաքային ճանապարհը, քանի որ այդպես տոմսն էժան է:




Լրահոս