Ս.թ. հուլիսի 7-8-ին Գերմանիայի Համբուրգ քաղաքում կկայանա աշխարհի 20 առաջատար պետությունների առաջնորդների գագաթնաժողովը: Դրա շրջանակներում նախատեսվում է նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը, որը կայանում է երկու երկրների միջեւ հարաբերությունների բարդ պայմաններում:
Հարաբերությունների խճճվածությունը թերեւս պայմանավորված է տիրապետող անորոշությամբ, երբ կառավարող շրջանակները ձգտում են գործակցության, մինչդեռ մեծ աշխարհաքաղաքական շահերը հակասության մեջ են միմյանց հետ: Դոնալդ Թրամփը եւ Վլադիմիր Պուտինը երբեք միմյանց չեն հանդիպել, համենայն դեպս այդպես են պնդում երկուսն էլ: Դա, սակայն, չի խանգարել նախագահների՝ միմյանց հանդեպ դրական վերաբերմունք ունենալուն: Դեռ նախընտրական շրջանում Թրամփը բազմիցս քննադատում էր Օբամային ու Քլինթոնին՝ Պուտինին ներկայացնելով ավելի խելացի ու միջազգային հարաբերությունների վարպետ: Թեպետ Թրամփի այդօրինակ վարքագիծը բխում էր նախընտրական արշավի տրամաբանությունից եւ մրցակիցներին բացասական լույսի ներքո քննադատելու հաշվարկից, սակայն դա չխանգարեց Թրամփին նախագահական լիազորությունները ստանձնելուց հետո էլ ակնածանք տածել Պուտինի հանդեպ: Ամերիկյան լրատվամիջոցները մինչ օրս հիշատակում են Թրամփի եւ ՌԴ ԱԳ նախարար Լավրովի անչափ ջերմ հանդիպումը՝ որպես փաստ ներկայացնելով ՌԴ նկատմամբ Թրամփի դրական տրամադրվածության հարցում: Պուտինի մասին Թրամփը կարծես երբեք բացասաբար չի արտահայտվել՝ մշտապես շեշտելով, որ ՌԴ նախագահը առաջ է տարել ռուսական շահերը:
Դրան հակառակ՝ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը բազմիցս հայտարարել է, որ Պուտինը բռնապետ է ու ժողովրդավարության թշնամի: ԱՄՆ փոխնախագահի նման կոշտ գնահատականները Թրամփի մեղմության ֆոնին, սակայն, բնավ պատահականություն չեն: Ամերիկյան էլիտան փորձում է խաղարկել «մտրակի ու բլիթի» իր բազմամյա քաղաքականությունը: Առայժմ տպավորություն է, որ Թրամփը հաջողում է Պուտինի հետ հարաբերությունների կառուցման հարցում՝ միաժամանակ նրա համար բարդ խնդիրներ առաջադրելով Սիրիայում, Ուկրաինայում եւ այլուր: Ստացվում է, որ Թրամփը, Պուտինին գովաբանելով հանդերձ, գիտակցում է ամերիկյան աշխարհաքաղաքական շահերի խորությունը: Հակառակ կարծիքն էլ գոյություն ունի, ըստ որի՝ Թրամփը ՌԴ-ի հետ հարաբերությունների հստակ տեսլական, որպես այդպիսին, չունի եւ հարկադրված է հընթացս որոշումներ կայացնել ու գործողություններ իրականացնել: Այս մոտեցումը է՛լ ավելի է արժեւորվում, երբ Թրամփը հստակ հակադրության մեջ է մտնում ամերիկյան շահերին գրեթե միշտ սատարող եվրոպական դաշնակիցների հետ: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ՆԱՏՕ-ի ապագայի շուրջ բանավեճերին, որոնց ընթացքում Թրամփը բազմիցս քննադատել է իր դաշնակիցներին՝ կառույցի առաջ ֆինանսական պարտավորությունները չկատարելու համար: Դա էլ շղթայաբար բերել է հակադրությունների այլ բնագավառներում՝ տնտեսության, առեւտրի եւ այլն: Բնական է, որ եթե ԱՄՆ-ի հարաբերությունները լարվում են եվրոպական տերությունների հետ, դրանից պետք է շահած դուրս գան Ռուսաստանն ու անձամբ Պուտինը: Պատահական չէ, որ այսօր եվրոպական տերությունները քննարկում են միասնական զինված ուժեր ստեղծելու հարցը: Դրան վերջին օրերին գումարվեց նաեւ նոր միջուկային տեխնոլոգիաների զարգացման ու զենքի այդ տեսակով պաշտպանության կազմակերպման հարցերի օրակարգ թափանցումը: Եվրոպացիները հասկանում են, որ եթե Թրամփը, առանց իրենցից որեւէ մեկի կարծիքը հաշվի առնելու, ԱՄՆ-ն դուրս է բերում Փարիզի՝ գլոբալ տաքացման դեմ պայքարի համաձայնագրից, ապա նույն կերպ անկանխատեսելի նա կարող է լինել նաեւ ՆԱՏՕ-ի հետ հարցերում: Միաժամանակ Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հայտարարեց ԱՄՆ նվիրվածությունը կազմակերպության 5-րդ հոդվածի նկատմամբ, ըստ որի՝ անդամ պետություններից որեւէ մեկի նկատմամբ ռազմական ագրեսիան վերաբերում է բոլորին հավասարապես:
Այսինքն՝ սա մեսիջ էր Պուտինին, որ չփորձի սպառնալ ՆԱՏՕ-ի անդամ ցանկացած պետության, քանզի այդ դեպքում հարկադրված կլինի բախվել բոլորի համատեղ դիմադրությանը: Եվ ահա ամերիկյան վերլուծաբանները Պուտին-Թրամփ հանդիպումից առաջ մեծապես կարեւորում են, որ Պուտինը գիտակցի ՆԱՏՕ-ի ներսում միասնականության առկայության հանգամանքը: Առայժմ, սակայն, այդպես էլ հստակ չէ, թե կոնկրետ ինչի շուրջ են խոսելու նախագահները: Եվ այն հանգամանքը, որ Սպիտակ տունը համառորեն հրաժարվում է հրապարակել նախագահների հանդիպման օրակարգն ու դրանում ներառված հարցերի ցանկը, պարզապես նոր անորոշություն է ստեղծում: Հատկանշական է, որ անգամ հստակ չէ, թե արդյո՞ք նախագահները մամուլի ասուլիս կունան կամ առնվազն ձեռքսեղմումը կիրականացնեն տեսախցիկների առաջ:
Վերլուծաբանները կարծում են, որ Թրամփը հանդիպման ժամանակ խոսելու է ինչ-որ պահի ազդեցությամբ, ինչը դժվարին կացություն կարող է ստեղծել ամերիկյան դիվանագետների համար: Իրավիճակը ամերիկյան կողմի համար անորոշությունից զատ՝ բարդացել է ստարտային պայմանների պատճառով: Թրամփը Պուտինին հանդիպում է՝ երկրի ներսում թույլ դիրքեր ունենալով: ԱՄՆ Սենատը այսօր քննարկում է նրա ու ռուսական շրջանակների հետ կապերի հարցը, եւ եթե նման կապեր կան, Թրամփը դժվարությամբ է կարողանալու այս զրույցից հետո առաջ տանել Պուտինի հետ միասնական քաղաքականությունը: Իսկ եթե գաղտնի կապերի մասին տեղեկությունները կեղծ են, ապա Թրամփը, պետության ներսում ուժեղ դիրքեր չունենալով, կաշկանդվելու է Պուտինի առաջ լուրջ պահանջներ դնելիս: ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնին Մոսկվա ուղարկելիս Թրամփը մինչ այդ հասցրեց Պուտինի համար նոր գլխացավանք ստեղծել Սիրիայում՝ շեշտակիորեն ուժեղացնելով ու կարծրացնելով ամերիկյան դիրքերը:
Իսկ այսժամ, թվում է, Պուտինն ավելի շահեկան վիճակում է բարդ բանակցություններից առաջ, եթե, իհարկե, պատահաբար մի նոր ճգնաժամ չբախի Կրեմլի դռները:
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ԴԵՌ ՔՆՆԱՐԿՈ՞ՒՄ ԵՆ
2016թ. սեպտեմբերի 14-ից Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածը վերանորոգման պատճառով փակ է: Բագրատաշենի մաքսակետով Հայաստան բեռներ ներկրող խոշոր բեռնատարները Երեւան են հասնում Նոյեմբերյանով, Բաղանիս-Ոսկեպար ճանապարհով, ինչի հետեւանքով այդ ճանապարհի ծանրաբեռնվածությունը մի քանի անգամ աճել է:
Հիշեցնենք, որ միջպետական ավտոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածը պարբերաբար գնդակոծվում է ադրբեջանական զինուժի կողմից: Այդ գնդակոծությունների ժամանակ ավտոմեքենաները երթեւեկում են սահմանագոտին շրջանցող, Հարսնաքարով ձգվող, այսպես ասած, փրկության ուղով: Այս ընթացքում Ոսկեպար-Բաղանիս շրջանցիկ ավտոճանապարհի Բաղանիս գյուղի հատվածում հողի սողանք է առաջացել կրկին, որն ավելի է մեծանում ծանր բեռնատարների տեղաշարժից: Նախատեսվում էր, որ 2016թ. պետական բյուջեի միջոցներով շրջանցիկ ճանապարհին առկա սողանքի հետեւանքները կվերացվեն, սակայն չարվեց:
Այս տարվա ապրիլին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին «Ժողովուրդ»-ը գրավոր հարց էր ուղղել՝ 2017 թվականին նախատեսվո՞ւմ է նորոգել Բաղանիս-Ոսկեպար շրջանցիկ, Հարսնաքարով ձգվող ավտոճանապարհը: Ի պատասխան՝ ստացել ենք Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ֆելիքս Ափինյանի անունով ուղարկված հետեւյալ պատասխանը. «Ոսկեպար-Բաղանիս այլընտրանքային ճանապարհը ուսումնասիրվել է ե՛ւ ճանապարհային, ե՛ւ ՀՀ պաշտպանության նախարարության ինժեներական ծառայության համապատասխան մասնագետների կողմից: Դիտարկվող հատվածներին լուծումներ տալու տարբերակները քննարկման փուլում են: Այս պահի դրությամբ իրականացման վերաբերյալ տեղեկատվություն առկա չէ»: Այսինքն՝ ոչինչ չի արվում:
Ստիպված եղանք այդ կարեւորագույն ավտոճանապարհի խնդրով նորից դիմել Տավուշի մարզպետին՝ հետաքրքրվելով, թե, ի վերջո, ե՞րբ է նորոգվելու ռազմավարական նշանակություն ունեցող Բաղանիս-Ոսկեպար շրջանցիկ ուղին: Կրկին ստացանք Ֆելիքս Ափինյանի պատասխանը, ուր նշված է. «Բաղանիս-Ոսկեպար շրջանցիկ ավտոճանապարհի վերանորոգման վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով պետք է դիմել ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը»:
«Ժողովուրդ»-ը այս հարցով դիմեց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեխնոլոգիաների նախարարությանը, որի պատասխանը կներկայացնենք առաջիկայում:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ՆԱԽԱԳԱՀԻ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԵԼ Է ՍԱՊԾ
Տեւական ժամանակ է, ինչ Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոնի եւ «Ստանդարտ դիալոգ» ՍՊԸ-ի միջեւ սկսված հակամարտությունը շարունակվում է:
«Ստանդարտ դիալոգ» ընկերության աշխատակիցները պնդում են, որ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, փորձում է ստեղծել սննդամթերքի փորձաքննության մոնոպոլիա: Այս բովանդակությամբ բողոք-նամակով ընկերությունը դիմել է Սերժ Սարգսյանին: Ըստ «Ստանդարտ դիալոգ»-ի՝ լաբորատորիաները կարողանում էին գործունեություն ծավալել ի հաշիվ սննդամթերքի փորձաքննության պատվերների, բայց ավելի քան երեք ամիս ՍԱՊԾ-ի կողմից ապօրինաբար բոլոր պատվերներն ուղղորդվում են նույն ծառայության ենթակայությամբ գործող լաբորատորիա: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «Ստանդարտ դիալոգ» լաբորատորիան պատկանում է սննդի անվտանգության ծառայության նախկին աշխատակից, անվտանգության եւ որակի հսկողության տեսչության պետ Արման Արարատյանին:
Պարզեցինք, որ «Ստանդարտ դիալոգ» լաբորատորիայի աշխատակազմի պահանջով նախագահի վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություններ է անցկացնում ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում: Այս տեղեկությունը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց նաեւ ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը:
-Պարո՛ն Կարապետյան, ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություններ է իրականացնում Ձեր ղեկավարած կառույցում: Համապատասխանո՞ւմ է այս տեղեկությունը իրականությանը, թե՞ ոչ:
-Ի՞նչ եք ուզում լսել ինձանից: Այդ ուսումնասիրությունները դիմում-բողոքի ընթացքն է: Որոշակի դիմում-բողոք է եղել, ուսումնասիրում են…
-Կոնկրետ ինչի՞ց են բողոքել:
-Բողոքել են որոշակի գործընթացներից, որոնք չեն համապատասխանում իրականությանը: Հիմա ուսումնասիրությունը կատարվում է, եւ արդյունքների մասին Ձեզ առաջիկայում տեղյակ կպահեն:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ