ՌԵԿՏՈՐՆԵՐՆ ԸՆԴՎԶՈՒՄ ԵՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՈՐՈՇՄԱՆ ԴԵՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն օրեր առաջ Ազգային ժողովում հայտարարեց, որ շրջաբերական է ուղարկել բոլոր ուսումնական հաստատությունների ռեկտորներին եւ առաջարկել վերանայել վարչական ապարատը: Ի՞նչ է արվել մինչ օրս:

Հիշեցնենք, որ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանն առաջարկում է կրճատել պրոռեկտորներին. «Չի կարող 4 հազար ուսանող ունեցող բուհը 5 պրոռեկտոր ունենալ: Խոսքը վերաբերում է բավականին լուրջ հաստատությունների` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Բրյուսովի անվան պետական համալսարան եւ այլն»:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն ունի 5 պրոռեկտոր, նրանք են` Գագիկ Վարդանյանը` գիտության եւ արտաքին կապերի գծով, Միհրդատ Հարությունյանը` ուսումնակազմակերպչական աշխատանքների գծով, Պարույր Քալանթարյանը` ուսումնամեթոդական աշխատանքների գծով, Միխայիլ Կարապետյանը` վարչատնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր, եւ Սեւակ Խաչատրյանը` ուսանողների եւ շրջանավարտների հետ աշխատանքների գծով պրոռեկտոր: Բացի այս՝ համալսարանն ունի նաեւ գիտական քարտուղար՝ Նաիրա Դարբինյան: Տեղեկացնենք, որ հինգ պրոռեկտորի հետ մեկտեղ տնտեսագիտական համալսարանն ունի 8.000 ուսանող: Իսկ 2016 թվականի հունվար-դեկտեմբերին պետական բյուջե վճարել է 796 մլն 883 հազար 700 դրամ հարկ ու տուրք:
«Ժողովուրդ»-ի հարցին` ինչ է մտածում նախարարի ուղարկած շրջաբերականի մասին, տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանն ասաց. «Մենք առանց ուղարկելու ինչ-որ պետք է, անում ենք: Դա ուղարկվել է, որպեսզի ավելի ուշադիր լինենք: Մենք ավելորդ կադրերը ժամանակի ընթացքում միշտ էլ կրճատել ենք, այնպես չէ, որ սպասել ենք նախարարի շրջաբերականին: Այս պահին ունենք հինգ պրոռեկտոր, եւ հնարավոր է՝ առաջիկայում կրճատումներ լինեն: Բայց ես չեմ որոշողը, դա պետք է կառավարման խորհրդով քննարկենք, ապա որոշում կայացնենք»:
Իսկ ահա մայր բուհ համարվող Երեւանի պետական համալսարանն ունի 4 պրոռեկտոր` ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը, գիտական քաղաքականության եւ միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գեւորգյանը, ուսանողների, շրջանավարտների եւ հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը եւ ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր Արարատ Մալխասյանը: Սակայն ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում համոզված նշեց, որ իմաստ չունի կրճատել պրոռեկտորներին:
«Մենք դեռեւս չենք ստացել նախարարի շրջաբերականը: Ասեմ, որ համալսարանում պրոռեկտորների քանակը նվազագույնն է, նրանք չորսն են, դրանից քիչ իմաստ չունի: Նախկին ռեկտորների պաշտոնավարման տարիներին համալսարանն ունեցել է 6, 7 պրոռեկտոր, իսկ մենք կրճատել ենք նրանց թիվն ու հասցրել 4-ի: Մենք ունենք շուրջ 19 հազար ուսանող, իսկ մեր ունեցած չորս պրոռեկտորները համահունչ են ուսանողների քանակին»,- հայտարարեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Նշենք, որ մայր բուհի պետական բյուջե կատարած հարկային վճարումները կազմել են 2 մլրդ 703 մլն 600 հազար 300 դրամ:
Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում ներկայումս կա չորս պրոռեկտոր` գիտության եւ միջազգային կապերի գծով պրոռեկտոր Լուսինե Ֆլջյանը, ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Բելա Մարգարյանը, ֆինանսատնտեսական հարցերով պրոռեկտոր Արթուր Ավագյանը, ով, ի դեպ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանի` Փուչիկ Կարենի եղբայրն է, եւ վարչակազմակերպչական ու սոցիալական հարցերով պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը: Այս ուսումնական հաստատությունն ունի մոտ 3500 ուսանող: Իսկ անցած տարի համալսարանը պետական բյուջե կատարել է 347 մլն 856 հազար 300 դրամ:
Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանն ունի հինգ պրոռեկտոր` ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լարիսա Ավետիսյանը, հետբուհական եւ շարունակական կրթության գծով Գառնիկ Ավետիսյանը, գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը, միջազգային գործունեության եւ արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանը եւ կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանը: Բժշկական համալսարանից «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ իրենք 2017 թվականին նման շրջաբերական չեն ստացել: Նշված բուհն ունի ավելի քան 7000 ուսանող: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ այս բուհի կողմից պետբյուջե իրականացված հարկային վճարումները անցած տարվա հունվար-դեկտեմբերին կազմել են 2 մլրդ 392 մլն 496 հազար 700 դրամ:
Իսկ Հայաստանի մյուս ուսումնական հաստատությունը` Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը եւս ունի 4 պրոռեկտոր` ուսումնական գործընթացների գծով պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանը, ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գեւորգյանը, աշխատակազմի եւ միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Արա Երեմյանը, ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր Արմեն Թամազյանը: Այս հաստատությունը, ունենալով շուրջ 10.000 ուսանող, պետական բյուջե վճարել է 848 մլն 146 հազար 500 դրամ:
Հ.Գ. Տեղեկացնենք, որ ԿԳ նախարարի շրջաբերականով նաեւ պահանջվել է ամբիոնների վարիչների աշխատանքը դիտարկել որպես վարչական աշխատանք: Նախարարի կարծիքով՝ եթե անձը որեւէ այլ տեղ ունի 8-ժամյա աշխատանքային զբաղվածություն, ապա նա չի կարող ամբիոն ղեկավարել:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ կառավարության հերթական նիստում ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարար Դավիթ Լոքյանին, հանրապետության մարզպետներին, կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանին եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին հանձնարարեց 2 ամսում ամփոփել ու մոդեռնիզացնել անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալների բազայում գտնվող անձանց տվյալները եւ դրանք ներկայացնել աշխատանքի ու սոցիալական հարցերով նախարարություն: Կառավարության ղեկավարի խոսքով՝ այդ տվյալները կկիրառվեն անապահով ընտանիքներին օգնություն հատկացնելիս: «Մենք ցանկանում ենք ամեն ինչ իմանալ սոցիալապես անապահով ընտանիքների մասին»,-հստակեցրեց Կարեն Կարապետյանը:

 

 

ՈՍԿՈՒ ՊԱՇԱՐ ՊԵՏՔ ՉԷ
Ըստ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի՝ մեր ոսկու պաշարների վիճակը նորմալ է: «Մեզ այս պահին ոսկու պաշար պետք չի, բայց շատ շուտով ունենալու ենք բավականին լուրջ ոսկու պաշարներ»,-նշել է նա: ԿԲ նախագահը հայտնել է, որ այժմ ծրագիր է իրականացվում համաշխարհային ճանաչում ունեցող շատ լուրջ ընկերության հետ, որպեսզի կառուցվի ոսկու զտարկման (աֆինաժի) գործարան, որի հնարավորությունը տարեկան մինչեւ 10 տոննա է լինելու: «Ես վստահ եմ, որ շատ շուտով մենք կունենանք շատ ավելի ոսկու պաշար, քան ունեցել ենք մինչեւ 2004 թիվը»,-նշել է Ա. Ջավադյանը:

 

 

ԳՐԱՆՑՎԵԼ ԵՆ ԵՐԿՐԱՇԱՐԺԵՐ
Ս.թ. հունիսի 29-ից մինչեւ հուլիսի 5-ը սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցված երկրաշարժերից 15-ի համար որոշվել են օջախի հիմնական պարամետրերը: Տեղի ունեցած սեյսմիկ իրադարձություններից 4-ը գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում: Տարածաշրջանում 3 բալ ուժգնությամբ գրանցվել է 6 երկրաշարժ: Երեք բալ ուժգնությամբ տեղի է ունեցել 4 ստորգետնյա ցնցում: Հունիսի 30-ին 2.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Իրան-Թուրքիա սահմանային գոտում: Իրանի Խոյ քաղաքից 15 կմ դեպի արեւելք գտնվող էպիկենտրոնով երկրաշարժն ունեցել է 2.3 մագնիտուդ: Հուլիսի 4-ին Թուրքիայում նույն մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Վան քաղաքից 35 կմ դեպի հյուսիս-արեւմուտք: Հուլիսի 1-ին 4 բալ ուժգնությամբ (2.9 մագնիտուդ) երկրաշարժեր են տեղի ունեցել Վրաստանում: Տարածաշրջանից դուրս. 6.0 մագնիտուդով գրանցվել է 2 երկրաշարժ, 2-ն էլ` Խաղաղ օվկիանոսի ավազանում: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:




Լրահոս