ԴՈՒ ԱՆՄԵՂ ԵՍ, ՔՈ ԱՉՔԵՐՆ ԵՆ ՄԵՂԱՎՈՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Եթե բոլորդ սուրբ եք, եկեղեցու խաչը ո՞վ գողացավ». այս հայտնի պատմությունն է հիշեցնում ԿԸՀ գործունեության մասին խորհրդարան ներկայացված հաղորդումը: Բանն այն է, որ ԱԺ արտահերթ նիստում երեկ քննարկվող հաշվետվության մեջ ԿԸՀ-ն ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններն այնպես է նկարագրել, կարծես խոսում է ոչ թե մեզ հայտնի միջոցառման, այլ միանգամայն ուրիշ երկրում տեղի ունեցած ընտրությունների մասին: Որովհետեւ, եթե չեք մոռացել, հայաստանյան ընտրությունները եւս զերծ չմնացին կեղծիքներից: Պարզապես, կեղծիքներն արվեցին ոչ թե տեղամասերի ներսում (թեեւ որոշ ընտրատեղամասերում իշխանության ներկայացուցիչները բացահայտ վերահսկում էին մարդկանց քվեարկությունը), այլ դրանից դուրս. վարչական ռեսուրսի կիրառում, մարդկանց նկատմամբ ճնշումներ ու համատարած ընտրակաշառքի բաժանում. այդ ամենն արձանագրել էին միջազգային դիտորդներն ու Հայաստանում օտարերկրյա պետությունների դեսպանատները, անգամ ՍԴ-ն ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշման մեջ էլ փաստել էր ե՛ւ վարչական ռեսուրսի կիրառման, ե՛ւ ընտրակաշառքի բաժանման մասին տեղեկությունները՝ առաջարկելով ուժեղացնել համապատասխան օրենսդրական մեխանիզմները: Իսկ ահա ԿԸՀ-ն, որը իրավական հնարավորություններ ուներ այդ ամենի դեմն առնելու համար, ոչ միայն մատը մատին չխփեց, այլեւ ԱԺ ներկայացված հաղորդման մեջ անգամ որեւէ բառ չասաց այդ ամենի վերաբերյալ: Ու այդքանից հետո դեռ համարձակվում են պնդել, որ ընտրություններն անցել են ազատ եւ արդար՝ մոռանալով, որ ընտրական պրոցեսը միայն քվեարկության օրը թերթիկի վրա նշում անելը չէ:

 

 

 
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ըստ էության հաստատել է, որ ընտրություններում իրենց կոալիցիոն գործընկեր ՀՀԿ-ն ընտրակաշառք է բաժանել: Սակայն մյուս կողմից փորձել է արդարացնել կատարվածը՝ ասելով, որ միայն մեկ ուժ չէ, որ այդ քայլին է գնացել: «Չէ՛, մենակ այդպես չէ, մեկ ուժ չէ, մի քանի ուժեր են այդ հարցի մեջ առնչված եղել: Մի ուղղությամբ պետք չէ սլաքներն ուղղել. ես երեւույթն եմ ասում: Եթե կա պահանջարկ, առաջարկող կլինի: Հարցը միայն իշխանության եւ ընդդիմության մեջ չէ: Իհարկե, ավելի մեծ հնարավորություններ այդ ռեսուրսն օգտագործելու ունեն իշխանությունները, բայց դա չի արդարացնում այն մարդկանց, ովքեր կաշառք ստանալու ակնկալիք ունեին: Քաղաքացիների մեծ մասն ընտրությունները համարում է փող աշխատելու միջոց»,- ասել է նա, թեեւ մյուս կողմից նաեւ պնդել, որ որեւէ մեկը չի կասկածում ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքներին:

 

 

 
Փաստացի ավելացել է Երեւանում վճարովի ավտոկայանատեղիներից օգտվելու վարձը: Օգոստոսի 1-ից սկսած SMS հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղիի համար վճարումն իրականացնելուց գանձումն ապահովող բջջային օպերատորների միջնորդավճարները վճարելու է քաղաքացին. նրա հաշվից կգանձվի 748 դրամ գումար, որից 500 դրամը՝ որպես ավտոկայանատեղիի վճար, 124.6 դրամը` միջնորդավճար եւ 123.4 դրամը` ԱԱՀ: «Փարկինգ սիթի սերվիսից» «Ժողովուրդ»-ին պարզաբանել են, որ մինչեւ հիմա իրենք են վճարել միջնորդավճարը, բայց քանի որ ընկերությունը գումարներ չունի, ստիպված բեռը տեղափոխվել է վարորդների վրա: Նկատենք, որ այս ընկերությունը ֆինանսական խնդիրներ ունեցավ այն բանից հետո, երբ բռնի ուժով պետականացվեց: Այն գտնվում է Երեւանի քաղաքապետարանի լիազորությունների տակ: Սա նշանակում է, որ Տարոն Մարգարյանի ղեկավարած կառույցը, որը շարունակում է կարմիր գծերի անվան տակ թալանել վարորդներին, մարդկանց նորանոր անհարմարություն է պատճառում:

 

 

 
Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի` Դոն Պիպոյի սպանությունը նախապատրաստելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ուշագրավ զարգացումներ են սպասվում: Այս քրեական գործի նախաքննությունը Քննչական կոմիտեից տեղափոխվեց ԱԱԾ: Եւ ահա, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, գործով կալանավորվածներից մեկը որոշել է ցուցմունքը փոխել: Ընդ որում, խոսքը հիմնական գործով անցնող անձանցից մեկի մասին է, որի ցուցմունքների հիման վրա կալանավորվել են այլ անձիք: Ամենայն հավանականությամբ, վերջինիս վրա որոշակի ճնշումներ են եղել, որ ուրիշների կալանավորման պատճառ է դարձել, եւ նա որոշել է այսպես փրկել իրավիճակը: Թեեւ չի բացառվում, որ ցուցմունքները փոխելը չօգնի կալանավորվածներին ազատ արձակելու հարցում: Ամեն դեպքում քննչական մարմինները սպասում են, թե ցուցմունքները ինչ հիմնավորմամբ եւ ինչ բովանդակությամբ են փոփոխության ենթարկվելու:

 

 

 
ԷԼԻ ԽՆԴՐՈՂԻ ՎԻՃԱԿՈՒՄ
Վարչապետ Կարեն Կարապետյանն օրերս ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպաններին՝ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկու գլխավորությամբ: Ըստ կառավարության պաշտոնական հաղորդագրության՝ Սվիտալսկին վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունը՝ Հայաստանի հետ համատեղ աշխատելու, ՀՀ-ԵՄ հարաբերությունները խորացնելու եւ ամրապնդելու ուղղությամբ: «ԵՄ կողմը ողջունել է ՀՀ կառավարության նախաձեռնած քայլերը՝ …ընդգծելով, որ կշարունակի օժանդակել Հայաստանին՝ երկրի զարգացման համար կարեւոր նշանակություն ունեցող այդ գործում: …Վարչապետ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել կառավարության ծրագրերին եւ բարեփոխումներին աջակցության պատրաստակամության համար»: Հանդիպման վերաբերյալ հաղորդագրություն է տարածել նաեւ ՀՀ-ում ԵՄ պատվիրկությունը եւ տեղեկացրել. «Զրուցակիցները մտքեր են փոխանակել կառավարության կոնկրետ ծրագրերի վերաբերյալ. ինչպես բարելավել տնտեսությունը եւ գործարար միջավայրը, ակտիվացնել կոռուպցիայի դեմ պայքարը, բարելավել մարդու իրավունքների պաշտպանությունը եւ մեծացնել դատական համակարգի անկախությունն ու արդյունավետությունը»:
Այստեղ հետաքրքրական է մեկ այլ հանգամանք: Այն բանից հետո, երբ Պյոտր Սվիտալսկին ՀՀ ԱԺ ընտրությունների վերաբերյալ քննադատություն էր հնչեցրել՝ հիշեցնելով ընտրությունների կազմակերպման համար ԵՄ ցուցաբերած ֆինանսական օժանդակությունը, իշխանությունները հակադարձել էին, թե դեսպանն այդպես միջամտում է երկրի հարցերին, նաեւ ասել էին, թե սա հարսանիք չէ, որտեղ ով վճարում է, ինքն էլ պատվիրում է շամպայնը: Եվ ահա, այդ միջադեպից մեկ ամիս չանցած՝ իշխանությունները կառավարության ղեկավարի մակարդակով հանդիպում են նույն Սվիտալսկու եւ ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ, խոսել տարբեր ոլորտներում նախատեսված ծրագրերն իրականացնելու համար ԵՄ-ից ֆինանսական օժանդակություն ստանալու հարցը: Իշխանությունները, որ ԵՄ-ից պատկառելի գումար ստանալուց եւ այն ծախսելուց հետո քամահրանքով էին խոսում այդ օժանդակության մասին, այսօր կրկին հայտնվել են կոտրած տաշտակի առաջ. մի շարք ոլորտներում նախատեսված բարեփոխումները, ծրագրերն իրականացնելու համար չունեն բավարար գումար եւ ստիպված են ԵՄ-ից խնդրել, որ մի քիչ փող տա: Իր հերթին ԵՄ-ից գումարներ խնդրելու գործին լծվել է նաեւ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, որը երեկ Արեւելյան գործընկերության մասնակից երկրների ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ խոսել է ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվելիք Միասնական աջակցության մասին, խոսել է տարբեր ծրագրերում Հայաստանին ընդգրկելու մասին, նաեւ նշել, թե ՀՀ-ն բարձր է գնահատում ԵՄ-ի հետ գործընկերությունն ու ակնկալում ապագա համագործակցություն: Կարճ ասած՝ փող հայթհայթելու համար կրկին ընկել են դռնեդուռ: Ի դեպ, տեղին է հիշել Սվիտալսկու՝ իշխանություններին տված խորհուրդը՝ նախքան մարդկանց վրա հարձակվելը մտածելու մասին:




Լրահոս