ՀՅԴ-Ն ԿԱՍԻ ԻՐ ԽՈՍՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն համաձայնագրով Հայաստանի վարչապետ նշանակելու իրավասությունը տրված է իշխող կուսակցությանը, սակայն ՀՅԴ խմբակցությունն իր տեսակետն արտահայտելու եւ քննարկումներ անելու հնարավորություն անպայման ունենալու է: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, թե իրենք այժմ գործող վարչապետ Կարեն Կարապետյանի հետ էլ շատ լավ աշխատում են, եւ հետագայում գլխավոր հարցը պետք է լինի ծրագրերն իրականացնելու համար լավագույն թիմ ունենալը:

-Պարո՛ն Ռուստամյան, խորհրդարանական եւ ավագանու ընտրություններից հետո հետընտրական իրավիճակի ականատես չեղանք: Ըստ Ձեզ՝ ո՞րն էր պատճառը. ընդդիմությունը պայքարի հիմք չտեսա՞վ, թե՞ հասարակությունն էր հիասթափված:
-Գլխավոր պատճառն այն է, որ որեւէ մեկը չի կասկածում, թե ընտրատեղամասերում խախտումներ են եղել, որը մեր հիմնական խնդիրն էր մշտապես: Այսինքն, ընտրատեղամասերում, նախորդ ընտրությունների հետ համեմատ, իսկապես անհամեմատ եւ աննախադեպ մաքուր ընտրություններ են եղել: Ակնհայտ է, որ ամեն քվեարկած քվեաթերթիկի հետեւում կոնկրետ անձ կա, եւ մեկ անձ կա, այլ ոչ թե նախկինի պես, երբ մի հոգի կարող էր մի քանի քվեաթերթիկ օգտագործել, բազմակի քվեարկություն կատարել: Այս ամենն իսկապես աննախադեպ նոր որակ բերեց, եւ կարող ենք խոսել մաքուր ընտրությունների մասին: Այն խախտումները, որոնք եղել են ընտրատեղամասից դուրս, չեն եղել ուժի սպառնալիքով. խոսքը ընտրակաշառքի երեւույթի մասին է: Այն մնում է որպես հիմնական խոչընդոտ՝ ավելի արդար ընտրություններ անցկացնելու համար: Ընտրակաշառքը ընտրությունների ժամանակ խիստ բացասական ազդեցություն է ունենում եւ աղավաղում ընթացքը, բայց այն կախված է նաեւ ընտրողների գիտակցությունից: Իրենք պետք է շատ լավ հասկանան, որ իրենց քվեն ուժ է եւ պետք չէ վաճառքի առարկա դարձնել:
-Բայց ընտրակաշառք բաժանելու մասին բարձրաձայնումներ եղան հենց Ձե՛ր կոալիցիոն գործընկերոջ հասցեին…:
-Չէ՛, մենակ այդպես չէ, մեկ ուժ չէ, մի քանի ուժեր են այդ հարցի մեջ առնչված եղել: Մի ուղղությամբ պետք չէ սլաքներն ուղղել, ես երեւույթն եմ ասում: Եթե կա պահանջարկ, առաջարկող կլինի: Հարցը միայն իշխանության եւ ընդդիմության մեջ չէ: Իհարկե, ավելի մեծ հնարավորություններ՝ այդ ռեսուրսն օգտագործելու ունեն իշխանությունները, բայց դա չի արդարացնում այն մարդկանց, ովքեր կաշառք ստանալու ակնկալիք ունեին: Քաղաքացիների մեծ մասն ընտրությունները համարում է փող աշխատելու միջոց:
-Իսկ ինչպիսի՞ քաղաքական աշուն կունենանք. ընդդիմադիր ուժերը նաեւ խոսում են «թավշյա հեղափոխության» մասին:
-Ես այդպիսի հիմքեր չեմ տեսնում, չգիտեմ՝ որտեղից են գուշակներ հայտնվում: Միշտ գարունից, աշունից առաջ թեժացումներ են ակնկալում, բայց դրանք քարոզչական բնույթի հնարքներ են պարունակում. 90 տոկոսի դեպքում մենք այդ թեժացումները չենք տեսել: Թեժացումները պետք է օբյեկտիվ հիմք ունենան իրենց մեջ, քաղաքական իրադարձությունները պետք է հանգեցնեն դրանց: Շատ հնարավոր է՝ 2018-ին այդ հիմքերը լինեն, քանի որ ավարտվում է նախագահական համակարգի դարաշրջանը, նոր սկիզբ է տեղի ունենալու, եւ դա կարող է հող ստեղծել, որ մարդիկ ինչ-որ ակնկալիքներ ունենալով՝ ակտիվանան: Մենք պետք է հասկանանք, որ այս նոր համակարգով հնարավորություն եւ նոր դաշտ է ստեղծվել նաեւ ընդդիմության համար:
-Ձեզ համար «թավշյա հեղափոխության» մասին բարձրաձայնումնե՞րն են զարմանալի, թե՞ այն մարդիկ, ովքեր բարձրաձայնում են:
-Անցած փորձն է մեզ տալիս այդ վստահությունը: Այսինքն, հենց գալիս է հուլիս ամիսը, սկսում են խոսել թեժ աշնան մասին: Դրանով թվում է, թե կարող են արհեստական ակտիվություն սկսել, սակայն արհեստական ոչինչ չի կարող լինել: Եթե դրա տակը հիմք չկա, այդ հայտարարություններով ոչինչ չես անի: Ասում են՝ հալվա, հալվա ասելով՝ բերանդ չի քաղցրանա, հիմա դրա նման վիճակում է հայտնվում այդ անձը, քանի 90 տոկոսի դեպքում այդպիսի հայտարարությունները սուտ են լինում:
-Ձեր խոսքում անդրադարձաք 2018 թվականին: Ի՞նչ սպասել այդ ժամանակ, ի՞նչ քննարկումներ եք ունեցել ՀՀԿ-ի հետ, Դաշնակցությունը կողմ կլինի՞, որ 2018-ին վարչապետ լինի Սերժ Սարգսյանը:
-Մենք ունենք հստակ ծրագիր՝ համագործակցության մեր հուշագիրը, եւ այն առաջնահերթությունները, որոնք պետք է կյանքի կոչվեն: Մենք միշտ ասել ենք, որ անձի հարց չենք դնում եւ լուծում: Ի վերջո, մեր համագործակցության հուշագրով նախատեսել ենք, որ այդ տեղը վերապահվելու է ՀՀԿ-ին: Իհարկե, վերապահումը՝ վերապահում, բայց քննարկումներ անպայման կունենանք մեր ներսում: Իրենց թեկնածուն է լինելու, բայց մենք իրենց հետ կքննարկենք, թե որ թեկնածուն է, որ պետք է շարունակի գործը կամ, միգուցե, մնա նույնը: Մենք խնդիր չունենք եւ հիմա էլ շատ լավ աշխատում ենք գործող վարչապետի հետ եւ տեսնում ենք նրա նոր, թարմ կատարած աշխատանքների հետեւանքները, որոնք նորություն են մտցրել եւ նոր աշխատանքի հիմքեր ստեղծել: Շատ լուրջ քայլեր են արվել, որոնք իրենց կոնկրետ արդյունքները տալով՝ պետք է հասարակության վստահությունն ավելի ամրապնդեն: Մենք այս հարցերին նայում ենք ծրագրի կատարման տրամաբանությամբ: Կառավարության ծրագրին կողմ ենք եղել եւ իսկապես համարում ենք, որ աննախադեպ, շատ կոնկրետ ծրագիր է՝ ժամանակացույցով, հստակ եւ համահունչ է մեր պատկերացումներին: Այսինքն, զարգանալ՝ չզիջելով, եւ դա իրականացնելու համար լավագույն թիմը ունենալու մասին կարող է խոսքը գնալ, եւ այդտեղ մենք մեր ասելիքն ունենալու ենք:

 

 

 
ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԶՈՀԵՐԻ ԳՆՈՎ

Այսօր կարող է կայանալ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը:

Այսօր ՀՀ արտգործնախարարը կմեկնի Վիեննա՝ ԵԱՀԿ մասնակից երկրների արտգործնախարարներին ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցելու նպատակով, որի շրջանակներում էլ հնարավոր է կայանա վերը նշված հանդիպումը: Այդպիսի հանդիպման հնարավորության մասին ավելի վաղ հայտնի էր դարձել դիվանագիտական աղբյուրներից, Նալբանդյանը եւս չէր բացառել հուլիսին նման հանդիպման հնարավորությունը:
Ինչպես նախորդ պաշտոնական հանդիպումներից առաջ, այս անգամ եւս սահմանում իրավիճակ համեմատաբար ավելի լարված է: Իսկ ինչ կարող ենք ակնկալել այդ հանդիպումից: Նախ նշենք, որ այսօր նախատեսված հանդիպումից օրեր առաջ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի շփման գծում տեղի ունեցավ Ալխանլիի միջադեպը (երբ պատասխան գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմը քաղաքացիական զոհեր ունեցավ), որը միջազգային աննախադեպ մեծ արձագանք թողեց: Հենց այդ հայտարարություններից հետո միջազգային կազմակերպությունները բարձրաձայնեցին ռազմական ճանապարհով խնդրի լուծման անթույլատրելիության մասին, իսկ օրինակ ԵԽԽՎ-ն բարձրաձայնեց Արցախի կարգավիճակի հարցը:
Ահա հենց այս իրավիճակում է Վիեննայում տեղի ունենալու ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Թե ինչ օրակարգ է լինելու, պարզ չէ՝ հաշվի առնելով կողմերի դիրքորոշումների արդյունքում առաջացած իրավիճակը:
Ընդգծենք եւս մեկ կարեւոր հանգամանքի մասին. այս ընթացքում չեն կատարվել Վիեննայում եւ Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններից եւ ոչ մեկը, իսկ հայկական կողմը մշտապես նշում է դրանց կատարման կարեւորության մասին, որից էլ պետք է բխի բանակցությունների հետագա ընթացքը: Այսօր կայանալիք հանդիպման ընթացքում կամ պետք է պայմանավորվածություն ձեռք բերվի նոր իրավիճակում ինչ-որ սկզբունքներ մշակելու համար, կամ էլ իրավիճակը մնալու է այնպիսին, ինչպիսին ներկայումս է:
Հավելենք, որ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման կարեւորության մասին երեկ բարձրաձայնել է նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Քիշնեւում Արեւելյան գործընկերության երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը հաջորդած ասուլիսում: «Քանի դեռ Ադրբեջանը չի կատարում 1994-1995թթ. զինադադարի եռակողմ համաձայնագրերով ստանձնած իր միջազգային պարտավորությունները, հրաժարվում է իրականացնել Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի գագաթնաժողովներին ձեռք բերված համաձայնությունները, հատկապես զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ, ապա հենց Ադրբեջանի ղեկավարությունն է կրում իր սադրանքների համար ողջ պատասխանատվությունը», – նշել էր նա:
Հ. Գ. Մինչ փորձ է արվում շարունակել բանակցությունները, երեկ գիշեր դարձյալ սահմանին մեկ զոհ ունեցանք:

Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

 

 

 
ՃԱՄՊՐՈՒԿԱՅԻՆ
Երեկ խորհրդարանն ավարտեց արտահերթ նստաշրջանի աշխատանքները. ազգընտիրներն էլ կկարողանան վայելել իրենց հանգիստը, մինչ աշնանային նստաշրջան: Սակայն, ի տարբերություն պատգամավորների, այս անգամ եւս ամբողջ ամառվա ընթացքում կառավարության նիստերը կշարունակվեն, պարզապես նախարարները հերթով կգնան արձակուրդ` իրենց տեղը ժամանակավոր զիջելով փոխնախարարներին, ովքեր էլ նաեւ կմասնակցեն կառավարության նիստերին: «Ժողովուրդը» պարզեց, որ ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն արձակուրդ կմեկնի հուլիսի 24-ից մինչեւ օգոստոսի 4-ը, Կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն օգոստոսի 1-15-ը կմեկնի չվճարվող արձակուրդի: Իսկ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն արձակուրդ կմեկնի Մինասյանից անմիջապես հետո` օգոստոսի 4-ից մինչեւ 18-ը ներառյալ: Եվ այսպես՝ ամբողջ կազմը:

 

 

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ ԴԻՄՈՒՄ ԵՆ ԳՐՈՒՄ
Հայաստանում գործունեություն ծավալող դատավորները շարունակում են դիմումներ ներկայացնել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին, որ իրենց այլեւս դատական գործեր չտրամադրվեն: Երեկ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Գալստյանը դիմում է ներկայացրել դատավորների խորհուրդ, որ իր անուն-ազգանունը հանեն դատական գործերը բաշխելու ցանկից: ՀՀ դատարանների նախագահների խորհրդի նախագահ Արման Մկրտումյանն էլ բավարարել է դատավորի դիմումը: Նշենք, որ դատավորներն այդ քայլին գնում են, քանի որ դատական գործերը «թափվել են գլխներին». այնքան շատ են, որ չեն հասցնում քննել:

 

 

ՈՒՂՏԻ ԱԿԱՆՋՈՒՄ ՔՆԱԾ
Հունիսի 6-ի ուժգին քամու պատճառով տուժած Արմավիրի մարզի մի քանի գյուղերի բնակիչները դեռեւս փոխհատուցում չեն ստացել: Չնայած այն բանին, որ տեղի ունեցածից անցել է ավելի քան մեկ ամիս: Այն գյուղացիները, որոնց տանիքները, պատուհանները քամու պատճառով վնասվել են, հայտնի չէ՝ կառավարության կողմից ի վերջո փոխհատուցում կստանան, թե ոչ: Հիշեցնենք, որ բացի այս, քամու եւ կարկուտի պատճառով վնասվել էին նաեւ նրանց մշակաբույսերը, ջերմոցներում մշակվող գյուղմթերքը: «Ժողովուրդ»-ի հարցին` երբ է կառավարությունը փոխհատուցելու գյուղացիներին, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունից ասացին, որ դեռեւս վնասների գույքագրում է ընթանում: Ու մինչեւ քննարկեն, գյուղացիները ստիպված սեփական միջոցներով կվերանորոգեն տանիքները:




Լրահոս