ՍՐԲԱԴԱՍՄԱՆ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանում ՀՀ գլխավոր դատախազի հաշվետվությունը լսելուց հետո ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը միանգամից առաջարկել էր դիմել Մայր Աթոռ՝ 330 դատախազներին սրբերի դասը կարգելու համար: Բայց այս օրերի խորհրդարանական քննարկումներից պարզվեց, որ սրբադասության հավակնորդների թիվը միայն դատախազներով չի սահմանափակվում. սրբադասության շատ ավելի արժանի հավակնորդներ կան, օրինակ՝ ԿԸՀ անդամները՝ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի գլխավորությամբ: Ընդ որում, նրանց սրբերի շարքը պետք է դասել արտահերթ կարգով, քանի որ ԿԸՀ գործունեության մասին ԱԺ ներկայացված հաշվետվությունը մանրամասն ընթերցելուց պարզ է դառնում, որ այս տարվա ապրիլի 2-ին Հայաստանում անցկացվել են մոլորակի պատմության մեջ ամենաազատ ու ամենաարդար ընտրությունները, եւ դա՝ շնորհիվ իշխանությունների քաղաքական կամքի:

Դեռ ավելին, այդպես է եղել նաեւ նախորդ ընտրությունների ժամանակ, իսկ ընդդիմության պնդումները՝ ընտրողների թվի ուռճացվածության եւ այլնի մասին, պարզապես ստոր հերյուրանքներ են, վարկաբեկելու նենգ փորձեր: Չե՞ք հավատում, ուրեմն մի քանի մեջբերում ԿԸՀ հաշվետվությունից. «Մինչ այժմ անընդհատ փորձ էր կատարվում շահարկել մասնակցության հարցը: Վկայակոչվում էին տարբեր վիճակագրություններ մասնակցության թվի՝ իբր ուռճացված լինելու հետ կապված, ներկայացվում էին տարբեր գնահատականներ, որպես հիմնավորում ներկայացվում էր ստորագրված բոլոր ցուցակներին ծանոթանալու հնարավորության բացակայությունը:
Ստորագրված ցուցակները լիարժեք հասանելի են դարձվել, 1500 տեղամասերից իրականացվել է ուղիղ հեռարձակում, մեկ ամսից ավելի այդ ցուցակները տեղադրված են եղել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում: Հարյուր հազարավոր այցելություններ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայք ու ընդհամենը 1 դիմում: Սա նշանակում է, որ թե՛ այս ընտրություններին, թե՛ 2012, 2013 թթ. ընտրություններին մասնակցության, այսպես կոչված, ուռճացված լինելու վերաբերյալ դատողությունները երբեւէ չեն համապատասխանել իրականությանը»:
Ռեպլիկի կարգով նկատենք՝ գոյություն չունեցող մարդկանց անունով կեղծ անձագրեր տպագրելու միջոցով ընտրողների թիվն ուռճացնելու մասին առաջին անգամ խոսվեց 2007թ. ԱԺ ընտրությունների ժամանակ, իսկ արդեն 2008թ. նախագահական ընտրություններին /որոնց արդյունքները կեղծելով եւ մարտի 1-ի 10 զոհերի արյան գնով Սերժ Սարգսյանը հայտնվեց նախագահի պաշտոնում/ ընտրակեղծարարության այս մեթոդը կիրառվեց շատ ավելի մեծ ծավալներով. այդ մասին տարիներ շարունակ խոսել է ընդդիմությունը: Ու ԿԸՀ-ն հերքել է միայն 2012, 2013, 2017թ. ընտրությունների ժամանակ ընտրողների թվի ուռճացված լինելու պնդումները, իսկ 2007 եւ 2008թթ ընտրությունների մասին՝ ոչ մի խոսք: Ասել է, թե կասկածի տակ է դրել Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը: Բայց սա մեծ հաշվով կարեւոր չէ: Շարունակենք մեջբերումների շարք:
Որպես ընտրություններն ազատ եւ արդար անցկացնելու մասին փաստ՝ ԿԸՀ-ն նշել է, որ տեղամասային ընտրական հանձնաժողովներն աշխատել են մեծ ծանրաբեռնվածությամբ, նաեւ ընտրողների ակտիվության պատճառով երբեմն առաջացել են հերթեր, սակայն չի գրանցվել որեւէ դեպք, որ այդ պատճառով խոչընդոտվի ընտրողների ընտրական իրավունքի իրականացումը, եւ որեւէ ընտրող այդ պատճառով զրկվի ընտրական իրավունքից: «Ուշագրավ է, որ տեղամասային ընտրական հանձնաժողովների ընդհանուր թվով 16.072 անդամներից միայն 38-ն (0.2%) են ներկայացրել հատուկ կարծիք: Ի դեպ, հատուկ կարծիք՝ առանձին շարադրված, որեւէ տեղ չի ներկայացվել, իսկ նրանց կողմից չի ներկայացվել դիմում վերահաշվարկ կատարելու մասին»: «Թվով 38 տարածքային ընտրական հանձնաժողովներից միայն թիվ 35 տարածքային ընտրական հանձնաժողովում է ստացվել մեկ դիմում՝ «Կոնգրես-ՀԺԿ» կուսակցությունների դաշինքի վստահված անձի կողմից, որով պահանջվել է անվավեր ճանաչել 35/55, 35/56 եւ 35/57 տեղամասերում (տեղամասերի ընդհանուր թվի 0.1%) քվեարկության արդյունքները: Դիմումը մերժվել է, քանի որ ներկայացված չեն եղել եւ իրականացված վարչական վարույթով էլ ձեռք չեն բերվել բավարար ապացույցներ: Քվեարկության օրը ԿԸՀ ստացվել է մեկ դիմում ՀՅԴ կուսակցության կողմից: … Դիմումի քննությամբ 2017թ. ապրիլի 7-ին կայացվել է որոշում Արագածոտնի մարզի Փարպի համայնքի թիվ 17/21 ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին, իսկ վարույթով ձեռք բերված նյութերն ուղարկվել են դատախազություն:
Ի դեպ, դիմումով չկար ուղղակի պահանջ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին»:
Նկատեցի՞ք՝ սրբադասման հավակնորդներն այնքան ազնիվ ու բարեխիղճ են գտնվել, որ թեեւ այդ տեղամասում արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջ չի դրվել, բայց իրենք հանուն արդարության արել են այդ քայլը: Էլ ի՞նչ է հարկավոր երջանիկ լինելու համար: Եւ վերջապես, «ԱԺ 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ընթացքում ՀՀ վարչական դատարան է ներկայացվել 6 հայցադիմում: Առկա չէ որեւէ դատական ակտ, որով փաստվել է անձանց ընտրական իրավունքների խախտում: Դատական ակտերով ԿԸՀ որոշումները կամ գործողությունները ոչ իրավաչափ չեն ճանաչվել»: ՍԴ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի՝ ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով ներկայացված դիմումի մասին էլ նշված է. «Դիմումին կից ներկայացված չէր որեւէ պատշաճ ապացույց…», եւ ՍԴ-ն մերժել է նաեւ այս դիմումը:
Հիմա հավատացի՞ք, որ գործ ունենք իրական, բայց ափսոս, համապատասխան ծիսակարգով դեռեւս չճանաչված սրբերի հետ: Ուստի, համայն քրիստոնյա աշխարհը պետք է օր առաջ պահանջի ուղղել այս սխալը, եւ ԿԸՀ անդամներին՝ Տիգրան Մուկուչյանի գլխավորությամբ պետք է դասել համաշխարհային սրբերի շարքը:
Հ.Գ. Միայն թե մի հարց, այնուամենայնիվ, մնում է անպատասխան. եթե իշխանություններն ԱԺ ընտրություններն այդպես լավ էին կազմակերպել ու անցկացրել, կեղծիքներն ո՞վ արեց, ովքե՞ր էին տեղամասերում վերահսկում ընտրողների քվեարկությունը՝ խախտելով դրա գաղտնիությունը, ովքե՞ր էին մինչ այդ գործադրել վարչական լծակներն ու ընտրակաշառք բաժանել, ընդ որում՝ համատարած: Փաստեր՝ որքան ուզում եք: Բայց չփչացնենք տոնական տրամադրությունը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

ԾԽԱԽՈՏԻՑ` ԷԼԷՆԵՐԳԻԱ
Հայաստանում ծխախոտի խոշոր արտադրող «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունը մտադիր է զբաղվել նաեւ արեւային էլեկտրական էներգիայի արտադրությամբ: Եթե սա հաջողվի, ապա ընկերությունը այն շուկայական գներով կվաճառի ինչպես ՀԷՑ-ին, այնպես էլ շարքային քաղաքացիներին ու ձեռնարկատերերին: Դե քանի որ որոշել են, պետական ատյանները նրանց բոլոր հարցերը կարգավորել են: «Ժողովուրդդ»-ը տեղեկացավ, որ հունիսի 27-ին ընկերությունը հայտ է ներկայացրել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով եւ պահանջել տրամադրել Արարատի մարզի Մասիս գյուղում «Գրանդ Սոլար-1» արեւային էլեկտրակայանում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա: Հանձնաժողովն իր վաղվա նիստում ընկերությանը մինչեւ 2038 թվականի հուլիսի 12-ը գործողության ժամկետով կտրամադրի էլեկտրական արտադրության լիցենզիա: Դրանով ընկերությունը պարտավորվում է կառուցել 999.68 կՎտ տեղակայվող հզորությամբ «Գրանդ Սոլար 1» արեւային էլեկտրակայան: Բայց ուշագրավն այն է, որ Մասիս համայնքի ղեկավար Ենոք Գալստյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ գյուղապետարանի հետ ընկերությունից ոչ ոք չի հանդիպել, այս թեմայի շուրջ չի զրուցել:

 

 

ՅՈԼԱ ՉԵՆ ԳՆԱՑԵԼ
ՀՀ Շիրակի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը ենթարկվել է կարգապահական տույժի` ծառայողական լիազորությունները վերազանցելու համար: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ կարգապահական տույժ կիրառելու պատճառ է դարձել այն, որ վարչության պետը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում իր խոսքի սկզբում շփոթվել է, մի բան է ասել, իսկ վերջում` մեկ այլ: Ապա` հարցազրույցը հրապարակվելուց հետո վարչության պետը տհաճ խոսակցություն է ունեցել նորանշանակ մարզպետի հետ: Ինչին հաջորդել է աշխատանքից ազատման դիմումը: «Ես 8 տարի աշխատել եմ, եւ այս ընթացքում ոչ ոք բացի գովասանքից ինձ ոչինչ չի ասել: Իսկ ինքը եկել է պրոբլեմներ ունեցող մարզ եւ լուրջ խնդիրները թողած՝ նման բան է անում»,- ներկայացրեց վարչության պետը: Մեզ հայտնի դարձավ, որ Հ. Հովհաննիսյանն արդեն երկու անգամ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: «Ես շատ էի ուզում ազատվել աշխատանքից: Ես հասկացա, որ այդ մարդու հետ մեկ վայրկյան անգամ չեմ կարող աշխատել: Սարքեցին Հայկական հարցը, քննարկումներ արեցին…, բայց սա առիթ չէր, որ ինձ կարգապահական տույժի ենթարկեն»,- նկատեց Հովհաննիսյանը:

 

 

ԳՄ ՉԻ ԼԻՆԻ
Ավանդաբար հինգշաբթի օրերին անցկացվող ՀՀԿ Գործադիր մարմնի նիստն այս շաբաթ տեղի չի ունենա: Այս մասին «Ժողովուրդ»-ին հայտնեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը` որպես պատճառ ուղղակի նշելով ոչ հարմար լինելը: Ինչպես հայտնի է` Գործադիր մարմնի նիստերն ավանդաբար հրավիրում եւ օրակարգը որոշում է Սերժ Սարգսյանը: Այս անգամ սակայն Սարգսյանն ավելի կարեւոր գործեր ունի, քան կուսակիցների հետ հանդիպումը: Առավել եւս, որ պաշտոններ բաժանելու արարն ավարտվել է:

 

 
ԴԱՏԱԽԱԶԸ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ
Ըստ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանի՝ ՀՀ գլխավոր դատախազը պարտավոր չէ եւ իրավունք էլ չունի կոնկերտ գործերի վերաբերյալ բացատրություններ տալ: «Գլխավոր դատախազը, լինելով անկախ կառույցի ղեկավար, իր գործունեության ընթացքում բախվում է խնդիրների, իր աշխատանքի ընթացքում տեսնում է հիմնահարցեր, որոնք դուրս են իր իրավասության շրջանակից: Այդ խնդիրները նա չի կարող լուծել եւ ներկայացնելով այդ հաղորդումը՝ ակնկալում է օրենսդրական եւ քաղաքական լուծումներ»,-անդրադարձել է Հ. Թովմասյանը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացրած ՀՀ դատախազության 2016 թվականի գործունեության մասին հաղորդմանը:

 

 

ԱՓՍՈՍՈՒՄ Է
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը խորապես ափսոսում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում բացակայում է առաջընթացը: Այս մասին ասվում է ԵԱՀԿ ԽՎ 26-րդ նստաշրջանի արդյունքներով ընդունված Մինսկի հռչակագրում: Խորհրդարանական վեհաժողովը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման վերջին դեպքերի առնչությամբ: Փաստաթղթում կոչ է արվել կողմերին, առանց հետագա հապաղման, առարկայական բանակցություններ սկսել՝ հակամարտությանը հնարավորինս շուտ կայուն լուծում գտնելու համար: ԵԱՀԿ ԽՎ-ն հորդորել է նաեւ Մինսկի խմբի համանախագահներին այս ուղղությամբ կրկնապատկել ջանքերը:




Լրահոս