ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ԻՄ ԱՇԽԱՏԱՆՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի զրուցակիցն է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

-Պարո՛ն Դավթյան, սկսենք վերջին թարմ իրադարձությունից. Դատախազության աշխատողի օրվա առիթով բոլոր դատախազները պարգեւատրվեցին: Ինչո՞ւ էր դատախազությունը թաքցնում, թե ովքեր են պարգեւատրվել: Ի վերջո, եթե բոլոր դատախազներն էին պարգեւատրվում, կարելի էր ասել:
-Իսկ դատախազությունը պետք է անունները թվարկե՞ր: Դատախազությունը Ձեզ ներկայացրել էր թվեր, թե քանի դատախազ է պարգեւատրվել, եւ յուրաքանչյուրին պարգեւատրման իրենց հիմքերն առկա են եղել, եւ այստեղ ես որեւէ հակադրություն կամ հակասություն չեմ տեսել:
-Ինչո՞ւ կոնկրետ չի նշվում՝ ինչ աշխատանքներ էին նրանք պատշաճ կատարել, որ պարգեւատրվել են:
-Չէ, ախր դա հարց է, որ ակնհայտ է, որ ծառայողականի մասին է: Կարծում եմ, որ Դուք փորձառու եք եւ բազում առիթներ ունեցել եք շփվել եւ տեսնել դատախազական աշխատանքը: Երբ դատախազը բարդ, ապացուցողական խնդիրներ ունեցող գործով կարողանում է համոզմունք ստեղծել դատարանի մոտ որեւէ մեկի մեղադրականի հիմքում, դա ձեռքբերում է: Երբ դատախազը խիստ ծանրաբեռնվածությամբ կարողանում է ապահովվել բազում քրեական գործերով օրինական, հիմնավոր, լրիվ նախաքննություն, դա ձեռքբերում է: Այսինքն՝ այստեղ մենք նոր հեծանիվ չէինք հայտնագործելու:
-Իսկ ինչո՞ւ Դատախազության օրվա առիթով նախկին դատախազներին չէիք հրավիրել:
-Այդպիսի խնդիր չի դրվել: Ուղղակի որոշեցինք՝ մեր համակարգի 99-ամյակն էր, եւ լինենք միայն գործող դատախազներով: Հաջորդ՝ 100-ամյակին, Դուք կտեսնեք շատ հյուրերի, այդ թվում՝ նախկին գլխավոր դատախազներին, գլխավոր դատախազների տեղակալներին եւ աշխատակիցների:
-Դուք դատախազության աշխատանքից գո՞հ եք:
-Ես սիրում եմ իմ աշխատանքը, ես շատ ոգեւորվում եմ իմ յուրաքանչյուր օրվա ձեռքբերմամբ, ես ինքս էլ այս պահին տեսնում եմ, որ մենք դեռ ունենք խնդիրներ, ինչը է՛լ ավելի ոգեւորում եւ է՛լ ավելի ապահովվում է մոտիվացիան՝ ավելի լավ աշխատելու, վաղը մեր աշխատանքն ավելի լավը դարձնելու համար:
-Նախկինում դատախազությունը մշտապես բախվում էր քննչական մարմինների հետ: Հիմա չկան այդ բախումները. Ձեր անձո՞վ է դա պայմանավորված, թե՞ թեմաներն են վերջացել:
-Ես չգիտեմ՝ որ իրավիճակների մասին է խոսքը, բայց այսօր կարող եմ փաստել, որ մենք համագործակցված, օրենքով սահմանված կարգավորումների շրջանակներում աշխատում ենք մեր բոլոր գործընկերների հետ:
-Այսինքն՝ թեմանե՞րն են վերջացել, քանի որ նախկինում մի քննչական մարմինում գործը կարճվում էր, դատախազի հրահանգով այն նոր քննության էր ուղարկվում մեկ այլ մարմին՝ օբյեկտիվ քննություն իրականացնելու համար, ու այսպես սկսվում էր գերատեսչական կռիվը:
-Եթե Դուք նկատի ունեք՝ գործը տեղից տեղափոխվեց մեկ այլ տեղ, դա հակասության մասին չի վկայում: Օրենքը նախատեսել է մեխանիզմներ, թե գործի նախաքննության վարույթը երբ, ինչ դեպքում կարող է փոխվել՝ գործի շահերից ելնելով: Պետք չէ այստեղ բացարձակ լինել, անձնական ինչ-որ հակասություններ փնտրել:
-Դուք անդրադարձաք, ՀՀ նախկին գլխավոր դատախազի հայտարարությանը, երբ նա վստահեցրել էր, որ եթե «Սասնա Ծռեր» զինված խմբավորման անդամներն ինքնակամ հանձնվեն, կօգտվեն քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով տրված մեղմ պատժի իրավունքից, սակայն այն չի իրականացվել: Հիմա խնդրում եմ հստակեցնեք՝ Գեւորգ Կոստանյա՞նն էր սխալ, անիրատեսական խոստում տալիս, թե՞ Դուք էիք անկարող հասնել զինյալների պատժի մեղմացմանը՝ օրենքի պահանջով:
-Ես պարզ ներկայացրեցի՝ դա խոստում չէր: Նորից եմ ասում՝ դա օրենքի ձեւակերպում է, որը անկախ նրանից՝ կբարձրացվեր այդ օրերին կամ չէր բարձրացվի, ինքը, միեւնույն է, գնահատման արժանանալու էր, որովհետեւ դեռեւս 2003 թվականից ընդունված օրենքն իր մեջ այդ հոդվածներում ունեցել է խրախուսական նորմեր: Պարզ ներկայացրեցի, որ գնահատումը իրականցվել է գործի փաստական հանգամանքներում: Հանգամանքները վկայել են, որ առկա են իմ նշած չափանիշները՝ անձին պատասխանատվությունից ազատել ենք, առկա չեն եղել՝ այդ անձը չի ազատվել պատասխանատվությունից:
-Այսինքն՝ օրենքով «Սասնա ծռերին» մեղմ պատիժ հնարավոր չէ՞ր տալ: Չէ՞ որ հանցանքի կեսից նրանք նահանջեցին:
-Փաստական հանգամանքների գնահատումը նման հնարավորություն չի տալիս:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 

ՑՈՒՑՄՈՒՆՔ ԵՆ ՓՈԽՈՒՄ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի` Դոն Պիպոյի սպանությունը նախապատրաստելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ուշագրավ զարգացումներ են սպասվում:
Հիշեցնենք, որ մայիսի 24-ին իրավապահների կողմից կանխվել էր Դոն Պիպոյի սպանությունը նախապատրաստելու գործընթացը: Սպանությունը նախապատրաստելու դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 35-104 հոդվածի՝ սպանության նախապատրաստություն եւ 235 հոդվածի հատկանիշներով՝ ապօրինի զենք պահելը, կրելը:
Ավելի ուշ քրեական գործով մեղադրանք առաջադրվեց չորս անձի ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով` հանցագործության նախապատրաստություն, սպանություն, եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասով` ապօրինի զենք պահել, կրելու համար:
Նշենք, որ հուլիսի 7-ին ArmLur.am-ի հետ զրույցում վնասազերծված խմբի անդամներից Արկադի Քոչինյանի պաշտպան Արմինե Ֆանյանը հայտնել էր, որ իր պաշտպանյալը մենախցում է եւ սկզբնական փուլում հացադուլի էր դիմել, որպեսզի այլ անձանց հետ չհայտնվի ընդհանուր խցում, քանի որ քրեկատարողական հիմնարկում անհանգստացած է իր անվտանգության համար: Ավելին, Արմինե Ֆանյանը հայտնել էր, որ Անդրանիկ Քոչինյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:
Ու մինչ գործով կալանավորվածները մտածում են, թե ինչպես ապահովեն իրենց անվտանգությունը, սպանության նախապատրաստության փորձով հարուցված քրեական գործով նոր զարգացումներ են հասունանում: ՀՀ քննչական կոմիտեից Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչություն տեղափոխված սպանությունը նախապատրաստելու գործով կալանավորվածներից մեկը որոշել է ցուցմունքը փոխել: Ընդ որում, ըստ մեզ հասած լուրերի՝ ցուցմունք փոխող անձը այն հիմնական գործով անցնողներից մեկն է, որի ցուցմունքների հիման վրա էլ կալանավորվել են այլ անձինք:
Իսկ թե ինչ է պատրաստվում ասել գործով անցնող «Զորոն» ԱԱԾ քննիչներին, եւ դրանով պայմանավորված ինչ նոր հանգամանքներ ի հայտ կգան Արթուր Ասատրյանի` Դոն Պիպոյի սպանությունը նախապատրաստելու գործով, ժամանակը ցույց կտա:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ Գյումրիում 35-ամյա տղամարդու դանակահարության դեպքի առթիվ. կասկածյալը ձերբակալվել է: 2017թ. հուլիսի 9-ին՝ ժամը 20:00-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած թափանցող վերք» վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Գյումրիի բնակիչ, 1982թ. ծնված Սամվել Հովհաննիսյանը: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

 

 

ԺԱՄԱՆԵԼ Է
Հայաստան է ժամանել Բելառուսի զինված ուժերի ռազմաօդային ուժերի եւ ՀՕՊ զորքերի հրամանատարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը: Հանդիպումների ընթացքում նախատեսվում են երկկողմ քննարկումներ եւ այցելություններ Հայաստանի զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորամասեր: Հայաստան է ժամանել նաեւ Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը` երկկողմ համագործակցության ծրագրով նախատեսված քննարկումներին մասնակցելու նպատակով:

 

 

ՄԵԿՆԵԼ Է ՏԱՋԻԿՍՏԱՆ
Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Տաջիկստան: Պատիրակությունը Տաջիկստանում կմասնակցի ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության հարցերով երկկողմ բանակցություններին:

 

 

ՉԻ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշել է. «Ես չեմ կարծում, որ «Սպայկան» խոչընդոտում է հայ արտադրողներին»: Նախարարն ասել է, որ չի կարծում, որ Ռուաստանում որեւէ կազմակերպություն կարող է խոչընդոտել հայկական ընկերություններին. «Այստեղ ավելի շատ գնորդի հարցն է. գնորդն ուզում է աշխատել երաշխավորված մատակարարի հետ, դա միայն թարմ մթերքին՝ պտուղ-բանջարեղենին չի վերաբերում, դա վերաբերում է նաեւ վերամշակված արտադրանքին»,-ավելացրել է Ի. Առաքելյանը:

 

 

ԳՈՂՈՒԹՅՈՒՆ 37-ՈՒՄ
Հուլիսի 8-ին գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Սպարտակ Մ.-ն, ում մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է կանացի դրամապանակ, որի մեջ եղել են 10.000 դրամ եւ բանալիներ: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 16.00-ին, թիվ 37 երթուղու ավտոբուսի սրահում Սպարտակ Մ.-ն 1968 թ. ծնված Լյուսյա Ս.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել: Կատարվում է հետաքննություն:

 

 

ՇՆԱԳԱՅԼ Է ՀԱՐՁԱԿՎԵԼ
Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեվան գյուղում առավոտյան ժամը 8.30-ի սահմաններում շնագայլը հարձակվել է ամուսինների՝ 55-ամյա տղամարդու եւ նրա 51-ամյա կնոջ վրա: Դեպքը տեղի է ունեցել գյուղի տարածքում, նրանց տան մոտ: Շնագայլը կծել է կնոջը, վերջինս ձեռքերով հարվածներ է հասցրել կենդանուն: Շնագայլը երկու անգամ է հարձակվել տղամարդու վրա՝ փորձելով կծել ոտքերը: Կնոջը տեղափոխել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, ապա՝ Երեւանի հիվանդանոցներից մեկը:




Լրահոս