ՊՈՒՏԻՆԻ ՈՒ ԹՐԱՄՓԻ ԱՆՊՏՈՒՂ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿՍԱՍՏԿԱՑՆԻ ՃՆՇՈՒՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի Համբուրգ քաղաքում ավարտվեց Մեծ 20-յակի առաջնորդների հերթական գագաթնաժողովը` երկու օր շարունակ գտնվելով աշխարհի ուշադրության կենտրոնում: Ինչպես եւ սպասվում էր, քննարկումների ու հանդիպումների կիզակետում ամենակարեւորը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնազրույցն էր:

Համաշխարհային լրատվամիջոցներն արդեն իսկ հասցրել են վերլուծել զրույցի անգամ ամենաաննշան մանրամասները` սկսած ժեստերի լեզվից ընդհուպ մինչեւ նախագահների ձեւակերպումները: Չծանրանալով հայտնի տեղեկատվության վրա` հարկ է արձանագրել, որ հանդիպումը տեւել է ավելի քան 2 ժամ` քննարկելով երկու տերությունների հարաբերությունների ամենակարեւոր դրվագները: Այդ շարքում հատկապես առանձնացնելի է ռուսական հաքերների կիբերհարձակումների թեման, որի շուրջ կողմերի միջեւ տրամաբանորեն չէր կարող համաձայնություն կայանալ: ԱՄՆ-ում Թրամփի նախագահությունն արդեն պիտակավորվել է «ռուսական աջակցությամբ»` ստիպելով նախագահին հայտնվել ավելի խոցելի դիրքերում:
ԱՄՆ Սենատում անգամ ստեղծվել է հատուկ հանձնաժողով` քննելու ռուսական ազդեցության հարցը 2016թ. ամերիկյան ընտրությունների վրա: Այլեւս հայտնի է, որ ՌԴ նախագահի անմիջական հրահանգով հաքերները կոտրել են ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության տվյալների բազան եւ գաղտնի տեղեկությունների հրապարակմամբ միջամտել ընտրությունների ընթացքին: Ըստ այդմ` հարձակվելով դեմոկրատների վրա` ռուսական հաքերները օգնել են Թրամփին, եւ ԱՄՆ-ում գերիշխող այդ մտայնությունից նախագահը չի կարողանում ձերբազատվել: Պատահական չէ, որ Պուտին-Թրամփ հանդիպումից անմիջապես հետո ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը հրապարակավ հայտարարեց, որ Թրամփը ճնշել է Պուտինին հատկապես այդ հարցով: Սակայն ՌԴ ԱԳ նախարար Լավրովն էլ հայտարարեց, որ Թրամփն ընդունել է Պուտինի հակափաստարկներն ու ընկալել ՌԴ միջամտության անհնարինությունը: Կարծելի է, որ Թրամփը պարզապես բարձրաձայնել է այդ խնդիրը ներքին լսարանի մոտ տպավորություն թողնելու միտումով եւ արժանանալով Պուտինի դիմադրությանը` փոխել խոսակցության հետագա ընթացքը:
Այսպիսով, ԱՄՆ նախագահը փորձել է պարզերես դառնալ ներքին հարթակում` ցուցադրելով, որ նույնպես մտահոգված է ռուսական միջամտության փաստով: Բնական է, սակայն, որ Թրամփը պիտի դժկամորեն խոսի ռուսական միջամտության մասին, որի շնորհիվ է նաեւ ինքը դարձել նախագահ: Սակայն ռուսական միջամտության հարցը վեր է ԱՄՆ-ում կուսակցական շահերից, ինչի վկայությունն է Թրամփի կուսակիցների դժգոհությունը:
Խնդիրն այն է, որ Թրամփը «Թվիթերի» իր էջում արտահայտվել է Պուտինի հետ հանդիպման արդյունքների մասին` շեշտելով, որ քննարկել են կիբերանվտանգության հիմնահարցերը: Մասնավորապես` մտադրություն է հնչել ստեղծելու կիբերանվտանգության մասնագետների համատեղ մի միավորում, որը անվտանգ կդարձնի երկու պետությունների գաղտնի տվյալների բազաները, այդ թվում եւ չեզոքացնելով ընտրությունների վրա հաքերային հարձակումների փորձերը եւ նմանատիպ այլ բացասական զարգացումները:
Ակնհայտ է, որ նման հայտարարությունը պիտի հանդիպեր Թրամփի հակառակորդների ծաղրուծանակին, քանզի պարզագույն անոմալիա է, որ հաքերային հարձակումների միջոցով ԱՄՆ ընտրություններին միջամտած Ռուսաստանը համագործակցի ԱՄՆ հատուկ ծառայությունների հետ՝ հենց այդպիսի զարգացումները թույլ չտալու համար: Եվ եթե դեմոկրատների զարմանքն ու քննադատությունն ակնկալելի էր, ապա ուշագրավ է հանրապետական սենատորների արձագանքը: Թրամփի քարոզարշավում ՌԴ հետքը փնտրող սենատական հանձնախմբի ներկայացուցիչ Մարկո Ռուբիոն «Թվիթերում» պատասխանել էր Թրամփին` նկատելով, որ Պուտինի հետ կիբերհարձակումներից պաշտպանվելու միավորում ստեղծելը նույնն է, ինչ քիմիական զենքի օգտագործումը կանխող միավորում ստեղծելը Ասադի հետ: Հանրապետական մեկ այլ սենատոր Գրեհմը Թրամփի առաջարկը համարել է բավականին անհեթեթ գաղափար: Մեկ այլ սենատորը՝ ՄաքՔեյնը, պնդել է, որ ռուսական կողմը դեռ պետք է պատասխանատվություն կրի ԱՄՆ ընտրություններին միջամտելու համար, եւ Թրամփի փորձերը կենտրոնանան միայն ապագա համագործակցության վրա, հազիվ թե գործնական հաջողություն ունենան` առանց անցյալի հետ հաշիվները փակելու: Իսկ Կոնգրեսում դեմոկրատ ներկայացուցիչներից Ադամ Շիֆն առաջարկել է ընտրական քվեատուփերն ուղարկել Մոսկվա եւ փակել ընտրությունների թեման:
Նկատելով իր առաջարկի խոցելիությունն ու անտրամաբանականությունը` նախագահ Թրամփը ժամեր անց փորձեց շտկել իրավիճակը: Նույն «Թվիթերում» նա հայտարարեց, որ Պուտինի հետ հարցի քննարկումն ամենեւին էլ չի նշանակում, որ գաղափարը իրականություն կդառնա: Պարզ է, որ Թրամփը նահանջի ճանապարհ է հարթում` հաշվի առնելով, որ նրա մտահղացումը հանդիպել է ամերիկյան վերնախավի կատաղի դիմադրությանը: Ինչպես գրեթե ամեն հարցում, Թրամփն այստեղ էլ չկարողացավ գերազանցել ինքն իրեն եւ տապալեց սեփական մտահղացումը: Ի սկզբանե նա ցանկանում էր ամերիկյան մամուլում տպավորություն թողնել, որ Պուտինին ճնշել է միջամտության փաստի առթիվ, սակայն թվիթերյան գրառմամբ բոլորի ուշադրությունը շեղեց իր «հաջողությունից»` կրկին կենտրոնացնելով իր հակասական բնույթի ու քաղաքական սկսնակության վրա: Պուտին-Թրամփ հանդիպումը, ըստ էության, գործնականում անարդյունք է անցել, որքան էլ ռուսական քարոզչությունը հաշվի «հազարավոր» հաջողությունները, իսկ ամերիկացիներն էլ քննադատեն բացթողումները: Երկու նախագահների հանդիպման թիկունքում հսկայական ճնշում է եղել, որով էլ պայմանավորվեցին զրույցի անհարմարությունն ու անպտղությունը: Ըստ էության, տերությունների հարաբերություններում անորոշությունը շարունակում է գերակայել, իսկ Թրամփի դեպքում նկատելի է ներքին ճնշման սաստկացումը:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 
ՉՈՐ ԵՂԱՆԱ՞ԿՆ Է ՊԱՏՃԱՌԸ, ԹԵ՞ ՄԱՇՎԱԾ ՊՈՄՊԱԿԱՅԱՆՆԵՐԸ

ՀՀ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի բնակիչները տեւական ժամանակ է, ինչ ոռոգման ջրի խնդիր ունեն: Նրանք ջուր չունենալու պատճառով չեն կարողանում իրենց կարտոֆիլի հողատարածքները ոռոգել: Այս խնդրի լուծման պահանջով էլ երեկ աստղաձորցիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհը:

Աստղաձորի բնակիչների կողմից բարձրաձայնած հարցերի շուրջ երեկ նույնիսկ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն է խոսել` հայտարարելով, որ եթե գյուղացին ջուր է ուզում, ապա պետք է դրա համար վճարի: «Իրենք ասում են, որ հայտարարված 510 հեկտարից ընդամենը 80 հեկտարի պայմանագրեր ունեն, հետեւաբար, 80 հեկտարի ջուրը տրամադրվել է. եթե ուզում են ջուր ունենալ, պետք է վճարեն ջրի համար ու պայմանագիր կնքեն: Ջրպետկոմիտեի մեկնաբանությունն եմ ես փոխանցում, որ իրենք ասել են` «եկեք պայմանագիր կնքեք, ջուրը ստացեք», գյուղացիները հրաժարվում են պայմանագիր կնքելուց»,- իրեն հատուկ ցինիոզմով հայտարարել է գյուղնախարարը:
«Գեղարքունիք» ՋՕԸ-ի տնօրեն Ռոբերտ Մինասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադառնալով աստղաձորցիների բողոքի ակցիային՝ ասաց, որ ստեղծված խնդրի պատճառը եղանակային չոր պայմաններն են: «Տարին չորային է, եւ ջրի պահանջարկը շատ է, քան նախորդ տարիներին: Մեր պոմպակայաններն ամբողջ հզորությամբ աշխատում են: Ժողովուրդը ավելի շատ ջրամատակարարում է ուզում, բայց մեզ հետ չունի կնքած պայմանագիր: Մենք խնդրին լուծում կտանք այն դեպքում, երբ իրենք մեզ հետ պայմանագիր կնքեն, եւ ՋՕԸ-ն կսպասարկի այդ տարածքները», – հայտարարեց Մինասյանը:
Իսկ ահա Աստղաձորի գյուղապետ Ռոբերտ Խաչատրյանը, մեկնաբանելով Ռոբերտ Մինասյանի խոսքը, վրդովված նկատեց. «Ո՞վ ասեց, որ մարդիկ պայմանագիր չունեն կնքած: Եթե ջուր չկա, ի՞նչ պայմանագրի մասին է խոսքը: Այն մարդիկ, ովքեր կնքած պայմանագիր ունեն, միեւնույն է` ջուր չունեն: Ամբողջ գյուղը կանգնած է ոռոգման ջրի խնդրի առաջ»:
Նա զրույցի ավարտին հայտարարեց, որ ոռոգման ջրի խնդրի պատճառը մաշված պոմպակայաններն են: «Դրանք վերանորոգման կարիք ունեն: Մարզպետարանում այս խնդիրը քննարկվել է, հարցը լուծման փուլում է գտնվում»,- վստահեցրեց գյուղապետը: Նրա խոսքով, խնդրի լուծումը գտնվում է «Գեղարքունիք» ՋՕԸ-ի տիրույթում, որն էլ պետք է կարգավորի:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ՄՈԾԱԿԻ ԴԵՂ` ԱՐՑԱԽԻՆ
Այս տարվա մարտին՝ խորհրդարանական ընտրություններից առաջ, Տավուշի մարզի սահմանամերձ Նոյեմբերյան քաղաքի կենտրոնական զբոսայգում կայացած նախընտրական հանդիպման ժամանակ Տավուշի մարզն ընդգրկող թիվ 13 ընտրատարածքում ՀՀԿ տարածքային թեկնածու, «Երեւանի գարեջուր» ընկերության խորհրդի նախագահ Հակոբ Հակոբյանին նոյեմբերյանցիները դժգոհեցին, որ վիճակահանության արդյունքում նոյեմբերյանցի նորակոչիկներին հիմնականում Արցախ են ծառայության ուղարկում, Ադրբեջանի հետ սահմանից տանում են առաջնագիծ: Հ. Հակոբյանն ասաց, որ ինքը ծանոթ չէ այդ խնդրին: Տավուշի մարզից Հայաստանի բանակ զորակոչվածների ծնողները դժգոհում են նաեւ մեկ այլ բանից: Նրանք պարբերաբար Արցախում ծառայող իրենց որդիներին են ուղարկում փաթեթներ, որոնք ներառում են շապիկ, վարտիք, հիգիենայի պարագաներ եւ այլն: Հիմա այդ ծանրոցը ներառում է Արցախի սահմանագծում ծառայող ժամկետային զինծառայողների համար խիստ անհրաժեշտ մի բան՝ մոծակների դեմ պայքարի միջոց: «Մոծակի դեղը» լինում է փոքր եւ մեծ սրվակներով, որոնք արժեն համապատասխանաբար 1000 եւ 2000 դրամ: Տավուշցիները դժգոհում են, թե ինչու պետությունը չի հոգում զինվորների համար անհրաժեշտ պարագաները, զինվորների համար նախատեսված անորակ «նասկիները» մեկ օր են կրում, զինծառայողներին տրված միանգամյա օգտագործման սայրերով հնարավոր չէ սափրվել եւ այլն: Զինվորների ծնողները խիստ դժգոհ են նաեւ այն բանից, որ Արցախում ծառայող իրենց զավակների հետ հեռախոսային խոսակցություններ են ունենում ռոումինգ ծառայության միջոցով, կարծես թե իրենց որդիներն այլ երկրի տարածք են պաշտպանում, արտասահմանում են գտնվում: Արցախում զինվոր ունեցող ամեն ընտանիք այդ հեռախոսազրույցների համար բավական ծախս է ունենում:
Հարցի առնչությամբ «Ժողովուրդ»-ը դիմեց ՀՀ պաշտպանության նախարարություն՝ հասկանալու, թե ինչու զինվորներին չեն տրամադրում անհրաժեշտ պարագաներ ու մոծակի դեղ, որտեղից մեզ տեղեկացրին, որ նման բան չկա. իրենք տրամադրում են անհրաժեշտ պարագաներ: Մեկնաբանությունները թողնում ենք ընթերցողին:

 

 

ՑՈՐԵՆԻ ՓՈՂԸ ՊԱՐՏՔ ԵՆ
Տավուշի մարզի բազմաթիվ համայնքապետարաններ պարտք են 2012-2015 թվականներին պետական աջակցության ծրագրով Տավուշի մարզին հատկացված աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի դիմաց տրվելիք գումարներ: Տավուշի մարզպետարանի աշխատակազմից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ առանձին համայնքներ այդ սերմացուի դիմաց մեծ պարտքեր ունեն: Օրինակ, Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Աչաջուր համայնքի պարտքը սերմացու ցորենի գծով կազմում է 9 միլիոն 812 հազար դրամ, Գետահովիտ համայնքինը՝ 7 միլիոն 224 հազար, սահմանամերձ Կոթի համայնքինը՝ 9 միլիոն 265 հազար, Կողբինը՝ 5 միլիոն 132 հազար դրամ: Ընդհանուր առմամբ՝ Տավուշի մարզի 37 համայնքներ աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի դիմաց պետությանը պարտք են 111 միլիոն 772 հազար 200 դրամ: Այդ խնդիրը պարբերաբար քննարկվում է Տավուշի մարզխորհրդի նիստերում, սակայն հարցը չի լուծվում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս