ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆՆ ԷԼ Է ԴԺԳՈՀ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն երեկվա ասուլիսի ժամանակ խոսել է ԼՂ խնդրից՝ հայտարարելով, որ պետք չէ միայն սահմանափակվել երկու երկրների արտգործնախարարների մակարդակով հանդիպումներով: Նրա խոսքերով՝ պետք է ակտիվորեն աշխատել Սարգսյան-Ալիեւ հանդիպում կազմակերպելու ուղղությամբ: Դեսպանը մանրամասն խոսել է նաեւ հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերությունների մասին՝ կրկնելով նախկինում հնչեցրած տեսակետը, թե չնայած բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններին՝ հատկապես առեւտրաշրջանառությունը հեռու է գոհացնող լինելուց: «Հայ-ֆրանսիական տարեկան առեւտրաշրջանառությունը կազմում է մոտավորապես 50 մլն եվրո, եւ հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերությունները գոհացուցիչ չեն»,- ասել է դեսպանը: Հատկանշական է այն հանգամանքը, որ հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերությունների մակարդակի մասին շատ է խոսվել: Դեռ նախորդ տարվա մարտին Սերժ Սարգսյանն իր մոտ՝ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանի մասնակցությամբ անցկացված խորհրդակցության ժամանակ, հայտարարել էր, թե երկու երկրների առեւտրատնտեսական հարաբերությունները բարձր մակարդակի վրա չեն «առեւտրաշրջանառության ծավալները մեր երկրների միջեւ դեռեւս գոհացուցիչ չեն: Ֆրանսիայի հետ մենք ունենք շատ մեծ ներուժ՝ այդ հարաբերությունները զարգացնելու… Մեր պետական կառույցները, հիմնադրամները, սակայն, չեն կարող լիարժեք աշխատել այլ երկրներում, եթե մեր դեսպանատների ուշադրության կենտրոնում չլինեն այս հարցերը, եւ նրանք սերտորեն չհամագործակցեն»: Ու պետք է արձանագրենք, որ այս հայտարարություններից ավելի քան մեկ տարի անց նույն վիճակն է, իշխանություններն այս ուղղությամբ այդպես էլ լուրջ քայլեր չեն արել, եւ հիմա նաեւ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն է արձանագրում տխուր իրողությունը:

 

 
Ժամանակն է, որ Եվրոպական Միության երկրները սկսեն ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Եվրախորհրդարանի չեխ պատգամավոր Յարոմիր Շտետինան: «Իհարկե, այդ կոնֆլիկտը պետք է լուծել միայն խաղաղ ճանապարհով, եւ որքան հնարավոր է շուտ, քանի որ մահանում են անմեղ մարդիկ, մահանում են ադրբեջանցիներ, մահանում են հայեր: Ես կարծում եմ, որ պատմական ճշմարտությունը Հայաստանի եւ Արցախի կողմն է: Եթե այս հարցում նրանց չաջակցենք, ապա նշանակում է չընդունել Հարավային Կովկասի պատմական ձեւով բաժանումը, սակայն նման բան չենք կարող թույլ տալ: Ես մեկ խնդիր եմ տեսնում. Արցախն արդեն 20 տարուց ավել է, ինչ առանձին պետություն է, չնայած այն դեռ ոչ ոք չի ճանաչել, նույնիսկ Հայաստանը: Չնայած դրան՝ Արցախն ունի իր առանձին քաղաքականությունը, ժողովրդավարական համակարգ, հաջողակ տնտեսություն: Արցախն իրավամբ առանձին պետություն է, եւ ես կարծում եմ, որ արդեն պետք է սկսել Արցախի ճանաչման գործընթացը»,- ասել է նա:

 

 

 
ՀՀ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը հասավ իր նպատակին. կարողացավ վերջնականապես «ջրել» իր հայրենի Ջրառատ գյուղում ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ տեղի ունեցած բախումների քրեական գործը: Ավելին՝ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Ջրառատի ՀՀԿ-ական փոխգյուղապետ Տիգրան Սարգսյանը, որ ապօրինի զենք-զինամթերք կրելու եւ դրանով ընդդիմադիր համագյուղացուն մարմնական վնասվածքներ հասցնելու համար ձերբակալվել էր, ազատ արձակվեց դատարանի դահլիճից: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ ընդունում է մեղքը եւ խնդրել է դատաքննությունը իրականացնել արագացված կարգով: Արդյունքում, նրան դատապարտել են մեկ տարի ժամկետով, սական պատիժը պայմանականորեն չկիրառվեց՝ սահմանելով փորձաշրջան, եւ նա ազատ արձակվեց: Հիշեցնենք, որ միջադեպից հետո հարուցված քրեական գործի մի մասը կարճվեց, քանի որ ծեծկռտուքի մասնակիցները հաշտվել էին, բայց քանի որ փոխգյուղապետի կողմից գործադրվել էր նաեւ ապօրինի զենք, եղել էր այդ զենքից մարմնական վնասվածք ստացող, որոշվեց դրա ընթացքն այդպես լուծել: Ահա սա էլ Սերժ Սարգսյանի խոստացած արդար Հայաստանը:

 

 
Չնայած կառավարությունն իր ծրագրում խոստացել է «խելացի» կառավարում իրականացնել, այնուամենայնիվ, շարունակվում են արատավոր բարքերը, երբ պետական կառավարման համակարգում առաջնահերթությունը տրվում է ծանոթ-բարեկամ-կուսակից կապերին: Արդյունքում, օրինակ՝ իրավաբանը կարող է աշխատել երկրաբան, կամ ոստիկանը՝ էկոլոգ: Զավեշտալին այն է, որ այս իրավիճակը միանգամայն «օրինական է», քանի որ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքն էլ չի պարտադրում, որ վերոնշյալ գերատեսչություններում համապատասխան մասնագետներ աշխատեն: Օրենքի 10-րդ հոդվածը, որ սահմանում է քաղծառայության պաշտոնի անձնագիրը, հետեւյալ պահանջներն է առաջ քաշում. քաղծառայության բարձրագույն պաշտոնների անձնագրերը ընդգրկում են բարձրագույն կրթություն, առնվազն երկու կամ հինգ տարվա քաղաքացիական ծառայության ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական պաշտոններում երկու տարվա աշխատանքային ստաժ, եւ վերջ: Ու ոչ մի խոսք մասնագիտական կրթության մասին: Եւ արդյունքում իրավաբանին, որ հողի շերտերի մասին ոչինչ չգիտի, հանքի շահագործման լիցենզիա են տալիս:

 

 
ԼՈՒՍԻՆԸ ՆՎԱՃԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Կառավարությունը երեկվա նիստում հաստատել եւ խորհրդարան է ներկայացրել երկու կարեւորագույն համաձայնագիր: Մեկով Հայաստանը վավերացնում է «Տիեզերական տարածության, այդ թվում՝ Լուսնի եւ այլ երկնային մարմինների հետազոտման եւ օգտագործման ոլորտում պետությունների գործունեությունը կարգավորող սկզբունքների մասին» պայմանագիրը, մյուսով՝ «Լուսնի եւ այլ երկնային մարմինների վրա պետությունների գործունեության կարգավորման մասին» համաձայնագիրը:
Մինչ կփորձեք թերահավատությամբ ու քամահրանքով մոտենալ կառավարության ներկայացրած օրինագծերին (երեկվանից արդեն նման տրամադրություններ էին նկատվում), շտապենք հիասթափեցնել. դրանք Հայաստանի պատմության ամենակարեւոր փաստաթղթերից են: Ի վերջո, եթե չեք մոռացել՝ մենք համաշխարհային, հավիտենական ազգ ենք: Ուստի եւ համաշխարհային, հավիտենական ազգին է տրված ոչ միայն Երկիր մոլորակի, այլեւ Լուսնի եւ արեգակնային համակարգի մյուս մոլորակների ու խոշոր արբանյակների վրա գործունեություն ծավալելու իրավունքը: Առավել եւս, իշխանություններն արդեն թեւքերը քշտել ու սկսել են հերթով լուծել երկրի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներն այնպես, որ շատ շուտով՝ 2040թ, ՀՆԱ-ն տարեկան հինգ տոկոսանոց աճով կդառնա 60 միլիարդ, երկրի բնակչությունը՝ առնվազն 4 մլն, էլ չասած մյուս ոլորտների աճի մասին: Ու ստեղծված իրավիճակում մեզ ոչինչ չի մնում, քան նվաճել Լուսինը՝ մինչ այդ, իհարկե, օրինագիծ ընդունելով Լուսինը բացառապես խաղաղ նպատակներով օգտագործելու մասին, սահմանելով կարեւոր դրույթներ՝ ո՛չ մի պատերազմ, ո՛չ մի թշնամական գործողություն կամ դրա սպառնալիք, էլ չասած՝ միջուկային զենքի եւ ռազմաբազաների մասին: Փոխարենը Լուսինը պետք օգտագործել գիտահետազոտական նպատակներով:
Ճիշտ է՝ այս ճանապարհին մի փոքր բացթողում կա. ո՛չ առաջին տիեզերագնացը, ո՛չ էլ Լուսնի վրա վայրէջք կատարած առաջին անձը հայ չի եղել, այսօր դեռ չունենք տիեզերակայաններ ու տիեզերք արբանյակներ չենք ուղարկում, բայց սա արդեն կարեւոր չէ: Չէ՞ որ մինչեւ 2040 թ. զարգանալու ենք մեծ տեմպերով, ու հընթացս արդեն լուծված կլինեն նաեւ այդ փոքր բացթողումները: Քիչ էր մնում՝ մոռանայինք. սրանք նոր փաստաթղթեր չեն, այլ դրական եզրակացություն են ստացել դեռեւս երեք տարի առաջ՝ նախորդ գումարման ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում, պարզապես նոր Սահմանադրության համաձայն՝ կրկին պետք է ներկայացվեն խորհրդարան: Իսկ այն ժամանակ ԱԺ-ում գործադիրի ներկայացուցիչը պարզաբանել էր, որ «Հայաստանը միջազգային հեռահաղորդակցության միությունում գրանցելու է իր իրավունքները, որը հետագայում հնարավորություն կտա ստեղծելու սեփական արհեստական արբանյակ»: Այնպես որ, ամեն ինչ դեռ առջեւում է:




Լրահոս