Ժամանակն է, որ Եվրոպական Միության երկրները սկսեն ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց Եվրախորհրդարանի չեխ պատգամավոր Յարոմիր Շտետինան: Նրա խոսքով՝ ղարաբաղյան կոնֆլիկտի անլուծելի մնալու հանգամանքն առաջին հերթին ձեռնտու է Ռուսաստանին, որն այս ընթացքում մշտապես ներկայանում է ավագ ընկերոջ կարգավիճակով եւ խաղաղությամբ ապրելու մասին զուտ հայտարարություններ անում:
Հիշեցնենք, որ Արցախ այցելելու եւ սահմանադրական հանրաքվեի ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու համար Եվրամիության խորհրդարանի պատգամավոր Շտետինան իր գործընկերներ Ֆրանկ Էնգելի (Լյուքսեմբուրգ) եւ Էլենի Թեոխարուսի (Կիպրոս) հետ հայտնվել էին Ադրբեջանի «սեւ ցուցակում», ապա Ադրբեջանի իշխանությունները միջազգային հետախուզում էին հայտարարել նրանց նկատմամբ: Սակայն այդ փաստը չի խանգարում, որ Շտետինան շարունակի գործունեություն ծավալել ի նպաստ Լեռնային Ղարաբաղի:
«Ժողովուրդ»-ի զրուցակիցն է Եվրախորհրդարանի չեխ պատգամավոր Յարոմիր Շտետինան:
-Պարո՛ն Շտետինա, ղարաբաղյան կոնֆլիկտի լուծումն ինչպե՞ս եք տեսնում: Կարծես թե հանդիպումները եւ բանակցություններն այնքան էլ չեն բարձրացնում խնդրի լուծման հավանականությունը:
-Իհարկե, այդ կոնֆլիկտը պետք է լուծել միայն խաղաղ ճանապարհով, եւ որքան հնարավոր է շուտ, քանի որ մահանում են անմեղ մարդիկ, մահանում են ադրբեջանցիներ, մահանում են հայեր: Ես կարծում եմ, որ պատմական ճշմարտությունը Հայաստանի եւ Արցախի կողմն է: Եթե այս հարցում նրանց չաջակցենք, ապա նշանակում է չընդունել Հարավային Կովկասի պատմական ձեւով բաժանումը, սակայն նման բան չենք կարող թույլ տալ: Ես մեկ խնդիր եմ տեսնում. Արցախն արդեն 20 տարուց ավել է, ինչ առանձին պետություն է, չնայած այն դեռ ոչ ոք չի ճանաչել, նույնիսկ Հայաստանը: Չնայած դրան՝ Արցախն ունի իր առանձին քաղաքականությունը, ժողովրդավարական համակարգ, հաջողակ տնտեսություն: Արցախն իրավամբ առանձին պետություն է, եւ ես կարծում եմ, որ արդեն պետք է սկսել Արցախի ճանաչման գործընթացը:
-Հայաստա՞նը պետք է առաջինը ճանաչի այն:
-Ո՛չ, պետք է այնպես անել, որ Եվրոպական երկրները սկսեն ճանաչել Լեռնային Ղարաբաղը: Դա շատ կարեւոր հանգամանք կլինի:
-Իսկ ինչո՞ւ մինչ այժմ դա չի արվել եւ չի արվում:
-Գիտեք, պատասխանն այնքան էլ դժվար չէ: Հարցն այն է, որ կա Հայաստան, որն ունի շատ հարուստ հակառակորդ` Ադրբեջանը: Նրա հետ բոլորը ցանկանում են առեւտուր անել, ինչն այս դեպքում շատ ավելի կարեւոր է, քան Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքները: Ահա գլխավոր պատճառը: Ադրբեջանը բուրում է գազով եւ նավթով, այդ պատճառով էլ չկա աջակցում Արցախին եւ Հայաստանին:
-Չնայած անընդհատ հնչող կոչերին, օրեր առաջ ՀՀ եւ Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին լարվածությունը չի դադարում: Սա արդյո՞ք խոսում է նոր պատերազմի հավանականության մասին:
-Բարդ է կանխատեսել, սակայն պատերազմի բռնկման վտանգը միշտ էլ առկա է: Պետք է հաշվի առնել, որ վերջերս սահմանին Ադրբեջանի կողմից կրկին սադրանքներ եղան, եւ միգուցե դրանք շարունակվեն: Պետք է հասկանալ, սակայն, որ կոնֆլիկտը հնարավոր չէ լուծել ռազմական ճանապարհով, քանի որ Լեռնային Ղարաբաղի պաշտպանությունը շատ ամուր է, եւ Ադրբեջանը չունի այնքան ռազմական եւ քաղաքական ուժ` հաղթելու ղարաբաղցիներին: Լեռնային Ղարաբաղը վաղուց` դեռ 25 տարի առաջ, հաղթեց այդ պատերազմում եւ ունակ է հաղթելու նաեւ մնացած բոլոր պատերազմները:
-Ադրբեջանը շարունակում է սպառազինվել եւ այդ տեխնիկան կիրառել սահմանին: Դա չի՞ նշանակում, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր գործողությունների:
-Պետք է հաշվի առնել, որ միայն Ադրբեջանը չէ, որ նոր տեխնիկա է գնում, Հայաստանը նույնպես: Ռուսաստանի աջակցությունն այս հարցում Հայաստանը եւս ունի, եւ այն տեխնիկան, որ ցուցադրվեց Հայաստանի կողմից, դա եւս աջակցման ապացույց է:
-ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը ե՞ւս կարող ենք դիտարկել բիզնես շահերի տեսանկյունից: Ամեն դեպքում, դա խնդի՞ր չէ:
-Ես միշտ ասել եմ, որ այս կոնֆլիկտն առաջին հերթին ձեռնտու է Ռուսաստանին: Ես սա ասել եմ ոչ միայն ՀՀ խորհրդարանի անդամներին, այլեւ Ադրբեջանի ներկայացուցիչներին: Ում է կոնֆլիկտն անհրաժեշտ, իհարկե, Ռուսաստանին, նրանց քաղաքականությունն այժմ էլ շարունակվում է եւ այն շարունակվում է ձեռնտու մնալ նրանց: Ես չգիտեմ, թե ինչ ձեւ է Ռուսաստանը տեսնում ղարաբաղյան հակամարտության լուծումը, սակայն կոնֆլիկտն ամեն դեպքում նրանց ձեռնտու է: Այժմ Ռուսաստանը ներկայանում է ավագ եղբոր տեսքով, ով ցանկանում է, որ բոլորը խաղաղ ապրեն, եւ այդ կերպ կարողանում է վաստակել հակամարտող բոլոր կողմերի վստահությունը:
-Իսկ ի՞նչ շահագրգռվածություն ունի ԵՄ-ն եւ արդյո՞ք ունի իրական լծակներ՝ այս խնդրի վրա ազդեցություն գործելու համար:
-Ֆեդերիկա Մոգերինին մի առիթով շեշտել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հնարավոր չէ լուծել պատերազմով: Այս ամենն ինձ հաճախ հիշեցնում է Ուկրաինայի հանդեպ Եվրոպայի քաղաքականությունը, որտեղ տնտեսական շահերը գերակայում են քաղաքական իրավիճակի հանդեպ: Եթե այս պարագայում եվրոպական քաղաքական գործիչներ կան, ովքեր վախենում են Մոսկվայից, ապա կան ոմանք էլ, որոնք վախենում են Բաքվից:
ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆՆ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ Է
Ինչպես հայտնի է` Արցախում հաջորդ շաբաթ տեղի են ունենալու նախագահի ընտրություններ: Սահմանադրական փոփոխություններից հետո անցումային փուլի նախագահին ընտրելու է Արցախի խորհրդարանը: Թեկնածուները երկուսն են՝ «Հայրենիք», «Ժողովրդավարություն» եւ «Դաշնակցություն» խմբակցությունները առաջադրել են գործող նախագահ Բակո Սահակյանի, իսկ «Շարժում-88» խմբակցությունը ԼՂՀ նախագահի պաշտոնում առաջադրել է խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանի թեկնածությունը:
Բակո Սահակյանի իշխանության երկարաձգման սպասվող սցենարի մասին «Ժողովուրդ»-ը գրել էր դեռեւս 2016 թվականի հունիսին՝ նշելով, որ Բակո Սահակյանի լիազորությունները ցանկանում են երկարաձգել մինչեւ 2020 թվականը: Իսկ դա էլ հնարավոր եղավ անել սահմանադրական փոփոխությունների շնորհիվ, որ Արցախը կիսանախագահական համակարգից անցում կատարեց նախագահական համակարգի: Այն ժամանակ «Ժողովուրդը» գրել էր, որ ի սկզբանե որոշում է եղել, որ այս տարվա գարնանը պետք է ընտրվեր ԼՂՀ նոր նախագահ, որը պետք է պաշտոնավարեր մինչեւ 2022 թվականը:
Այդ ընթացքում 2020-ին տեղի կունենային Արցախի խորհրդարանի հերթական ընտրությունները, որոնց արդյունքում ձեւավորված ԱԺ-ն իր լիազորություններն ամբողջությամբ կստանձներ 2022-ի ամռանից, երբ Արցախի՝ այդ ժամանակվա գործող նախագահի լիազորությունները կավարտվեին: Սակայն, երբ Արցախի եւ Հայաստանի իշխանական շրջանակներում սկսել են քննարկել, թե ով պետք է լինի Բակո Սահակյանի ժառանգորդը, հասկացել են, որ փակուղու առջեւ են հայտնվել, քանի որ մյուս թեկնածուները կա՛մ իրենց սրտով չեն եղել, կա՛մ ոչ այնքան հզոր են եղել, եւ, ի վերջո, որոշում է կայացվել արհեստական երկարացնել Բակո Սահակյանի պաշտոնավարման ժամկետը:
Նոր Սահմանադրությամբ առաջիկա երեք տարիներին՝ մինչեւ 2020 թվականը, Արցախը կկառավարվի անցումային փուլի ռեժիմով: Այդ փուլում կպաշտոնավարի խորհրդարանի կողմից ընտրված նախագահը:
3 տարի տեւող անցումային փուլի ընթացքում Լեռնային Ղարաբաղում կառավարման համակարգ է փոխվելու, կարգավորվելու է նոր իրավական դաշտը։ Դրանից հետո՝ արդեն 2020 թվականին, նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն։
Արդեն նշեցինք, որ ընդդիմադիր «Շարժում-88» խմբակցության 3 պատգամավորները կպաշտպանեն իրենց թեկնածուին՝ Էդուարդ Աղաբեկյանին։ Վերջինս Ստեփանակերտի նախկին քաղաքապետն է։ 2012 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ ղեկավարել է ընդդիմադիր թեկնածու Վիտալի Բալասանյանի նախընտրական շտաբը։ Թեկնածու չի առաջադրել միայն «Վերածնունդ» խմբակցությունը. Նրանք դեռ չգիտեն, թե ում են պաշտպանելու:
Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ
ԳՆԱ՛ ՏՆԻՑ
«Ժողովուրդ»-ը ՀՀ սփյուռքի նախարարության իրականացրած «Արի տուն» ծրագրի մասնակից սփյուռքահայերից բազմաթիվ դժգոհություններ է ստացել: Նրանց պատմելով՝ իրենք սոված են մնում, քանի որ ողջ օրվա համար ծրագրի ղեկավարությունը սննդի քիչ պաշար է տալիս՝ մեկ բուտերբրոդ, մեկ խնձոր ու ջուր (այս շոգին գոլ ջուր): Դեռ ավելին՝ մասնակիցների համար կազմակերպված էքսկուրսիոն ծրագրերից հետո իրենց չեն ուղեկցում տուն, այլ թողնում են քաղաքի կենտրոնում, որտեղից Երեւանին ոչ քաջածանոթ երիտասարդները դժվարությամբ են հասնում իրենց բնակության վայրեր: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց սփյուռքի նախարարի աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանի հետ, ով անմիջապես հայտարարեց, որ նախաճաշն ու ընթրիքը հոգում են այն ընտանիքները, որոնք ծրագրի շրջանակներում երիտասարդներին հյուրընկալել են: «Այդ մեկանգամյա սնունդը իրենից ներկայացնում է բուտերբրոդ, որն էլ մրցույթով շահած կազմակերպությունը մեքենայով հասցնում է այնտեղ, որտեղ երիտասարդները պտույտի են: Ե՛ւ հյութը, ե՛ւ բուտերբրոդը լինում է ըստ ստանդարտի: Բայց եղել են դեպքեր, երբ իսկապես տարել, հասցրել են, բայց հյութը տաք է եղել: Այդ դեպքում անմիջապես ինձ տեղեկացրել են, ես էլ հուշել եմ, թե ինչպես վարվեն: Մսով, պանրով կամ բանջարեղենով լցոնած բուտերբրոդ, նաեւ միրգ եւ քաղցրավենիք են տալիս: Արդեն 9-րդ տարին է, ինչ նույնն է»,- ներկայացրեց նա: Իսկ տուն չուղեկցելու մասով ասաց, որ ծրագիրը չի նախատեսում նման բան: Մինչդեռ, հիշեցնենք, այս ծրագրի կազմակերպման համար տարեկան հսկայական գումարներ են դուրս գրվում պետական բյուջեից:
ԿԵՂԾԱՎՈՐԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը, որը ընտրակեղծարարի համբավ ունի եւ Երեւանի ավագանու ընտրություններին ներկայացել էր կեղծ դիտորդ, հանրակրթության ոլորտում որոշել է հեղափոխություն անել: Ըստ մեզ հասած լուրերի՝ նա օրերս իր մոտ է հրավիրել մի շարք դպրոցների եւ մանկապարտեզի տնօրենների եւ հայտարարել, որ ուսուցիչները պետք է հատուկ զգեստ կրեն, չպետք է լինեն բարձրակրունկներով, մանկապարտեզի դաստիարակները պետք է գետնին նստեն սաների հետ եւ նման այլ հայտարարություններ: Այս հանգամանքը խիստ վրդովվեցրել է մի շարք տնօրենների: Նրանք արդարացիորեն բողոքում են, թե ինչ աշխատավարձ են ստանում մանկավարժները, որ հիմա էլ համապատասխան հագուստի մասին հոգան կամ գետնին նստեն՝ 40 հազար դրամ ստանալով:
Այնպես որ, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը ճիշտ կաներ՝ նման հրահանգներ տալուց առաջ մտածեր մանկավարժների ցածր աշխատավարձը ինչ-որ կերպ բարձրացնելու ուղիների մասին: