ՄԱԿՐՈՆԻ ԴԱՍԸ ԲՈԼՈՐԻՆ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ԱՌԱՋՆՈՐԴ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հարաբերությունները համաշխարհային առաջնորդների հետ լրագրողների, քաղաքական վերլուծաբանների եւ թերեւս հոգեբանների համակ ուշադրության ներքո են: Այդ շարքում առանձնանում են նրա հարաբերությունները Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որը Թրամփի պես նոր ընտրված նախագահ է, եւ որին նույնպես ընդունված է համարել քաղաքական դասական ընտրախավից մեկուսացած մեկը: Ավելին՝ ԱՄՆ նախագահի արտերկրյա առաջին ուղեւորության ժամանակ հենց Մակրոնն էր, որ կասեցրեց ձեռքսեղմումների թրամփյան հաղթարշավը:

ԱՄՆ նախագահ Թրամփը մի բացասական սովորություն ունի, երբ սեղմում է որեւէ պաշտոնյայի ձեռքը, այն քաշում է դեպի իրեն առանձնակի կոպտությամբ՝ ցուցադրելու իր առավելությունը դիմացինի նկատմամբ: Արդյունքում՝ համաշխարհային առաջնորդները սկսեցին առանձնահատուկ կերպով պատրաստվել նրա հետ ձեռքսեղմումներին: Ֆրանսիայի նորընտիր նախագահն այդ առումով լիովին անակնկալ մատուցեց Թրամփին՝ նույն կերպ վարվելով վերջինիս հետ: Ավելին՝ երբ Թրամփը ԱՄՆ-ն դուրս բերեց Փարիզի կլիմայի համաձայնագրից, Մակրոնն առաջինն էր համաշխարհային առաջնորդներից, որը անգլերենով դիմեց իր երկրի քաղաքացիներին ու մոլորակի բնակիչներին՝ հանձն առնելով դառնալ համաձայնագրի գործադրման առաջամարտիկը: Թրամփի ու Մակրոնի հարաբերություններում դեր է խաղում նաեւ նրանց միջեւ տարիքային մեծ տարբերությունը: Այդպես Թրամփը, հիմնվելով նաեւ ԱՄՆ նախագահի իր կարգավիճակի վրա, ձգտում է ամեն քայլափոխի ցուցադրել իր առավելությունը Մակրոնի հանդեպ, վերջինս էլ նման իրավիճակներում ելնում է հումորի ու կատակի դիրքերից, ինչի վառ վկայություններն են տասնյակ նկարներն ու տեսագրությունները Համբուրգում կայացած Մեծ քսանյակի գագաթնաժողովից:
Եվ ահա ԱՄՆ նախագահը հինգշաբթի օրը ժամանել է Փարիզ՝ երկօրյա աշխատանքային այցով: Առհասարակ, ԱՄՆ-Ֆրանսիա հարաբերությունները միշտ չէ, որ նորմալ գործակցային են եղել եւ այդպիսին, ըստ էության, դարձել են կոնկրետ նախագահների օրոք ինչ-որ կարճ ժամանակահատվածով: Օրինակ՝ Սարկոզիի օրոք հարաբերությունները ավելին էին, քան քաղաքական ներդաշնակությունը, մինչդեռ Օլանդի շրջանում դրանց մակարդակն ակնհայտորեն նվազել էր: Այժմ հարաբերությունները պիտի կառուցվեն ոչ միայն երկու պետությունների աշխարհաքաղաքական շահերով ու ներհասարակական դրությամբ պայմանավորված, այլ նաեւ երկու նախագահների անձնական համակրանքներով: Հայտնի փաստ է, որ Թրամփը ֆրանսիական ընտրությունների նախօրյակին բացեիբաց իր աջակցությունն էր հռչակել Մակրոնի մրցակցի օգտին, սակայն հետո պնդել էր, որ իրականում իր համակրանքը հենց Մակրոնի կողմն է եղել: Այդ պնդումների արժանահավատության տարածմանն էին միտված նաեւ Թրամփի գլխավոր խորհրդական, ԱՄՆ-ում բավականին հակասական ընկալում ունեցող Սթիվ Բենոնի մեկնաբանությունները, որոնց համաձայն՝ Մակրոնն ու Թրամփը շատ ավելի նման են միմյանց, քան կարելի է պատկերացնել: Բենոնի կարծիքով՝ Մակրոնը կենտրոնամետ գործիչ է, որը «գլոբալիստի» համարում ունենալով հանդերձ՝ իր քաղաքական տեքստերում անընդհատ շեշտել է ազգայինի կարեւորությունը: Մինչդեռ ֆրանսիացի մասնագետներն այնքան էլ համակարծիք չեն այս բնորոշումների հետ: Ըստ այդ մեկնաբանության՝ Մակրոնի մոտեցումները բացառապես հիմված են Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ֆրանսիական փորձի վրա, երբ ֆրանսիացիները հաճախ են հիասթափվել ամերիկյան հանձնառության նահանջներիից՝ ձեւավորելով վերջինիս նկատմամբ թերահավատություն: Այսօր առնվազն երկու հարթակներում Մակրոնն ու Թրամփը ունեն տրամագծորեն հակառակ կարծիք, որ լրջորեն սահմանազատում է նախագահների աշխարհաքաղաքական ընկալումը: Խոսքը վերաբերում է ինչպես Փարիզի համաձայնագրին, այնպես էլ ՆԱՏՕ-ի հանդեպ երկու գործիչների վերաբերմունքին:
Ի տարբերություն Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյի՝ Մակրոնը չշտապեց Միացյալ Նահանգներ՝ հանդիպելու ԱՄՆ նախագահին: Ստացվում է, որ Թրամփն ինքն է գալիս Մակրոնին այցի, թեկուզեւ վերջինիս հրավերով: Մակրոնին ընտրությունից հետո այցելել էր նաեւ ՌԴ նախագահ Պուտինը, ում ֆրանսիացին հասցրել էր հրապարակայնորեն կշտամբել ու խայտառակ քննադատության ենթարկել ռուսական պաշտոնական քարոզչությունը: Ի դեպ, Պուտինը չէր համարձակվել արձագանքել ասուլիսի ժամանակ, եւ միայն նրա խոսնակն էր հետագայում հայտնել, որ համաձայն չեն Մակրոնի բնորոշումներին: Ստացվում է, որ Ֆրանսիայի նախագահը շահեկան դիրքում է միջուկային երկու գերտերությունների ղեկավարների հետ հարաբերություններում իր թելադրած պայմաններով: Եվ պատահական չէ, որ ավելի վաղ ստացած լինելով Միացյալ Թագավորություն այցելելու հրավերը` Թրամփը, այնուամենայնիվ, նախընտրեց Փարիզը: Սա նշանակում է, որ առնվազն առաջիկա հինգ տարիներին Ֆրանսիան է լինելու եվրոպական քաղաքականության ուժային հիմնական կենտրոնը, իսկ Մակրոնը` ԱՄՆ նախագահի ու ԵՄ-ի կապավորը:
Հաշվի առնելով Թրամփի հակասական խառնվածքը` եվրոպացիների համար Մակրոնը չափազանց հարմար կերպար է միջնորդ լինելու համար, որը առավել եւս արդեն գտել է Թրամփի հետ հարաբերվելու բանալին: Նման դասավորության պայմաններում Թրամփի այցը Փարիզ խիստ կարեւորվում է, մասնավորապես Եվրոպա-ԱՄՆ միասնական քաղաքականության մշակման առումով: Թրամփը աստիճանաբար ներգրավվում է քաղաքական գործընթացներում, համենայն դեպս այլեւս ժամանակ չունի ամերիկյան հեռուստաշոուներին հետեւելու, ինչը իսկապես դրական ազդակ է: Եթե Մակրոնին հաջողվի համոզել Թրամփին փոխել մոտեցումը կլիմայի պայմանագրի շուրջ կամ ձեւակերպել արեւմտյան միասնական տեսլական Մերձավոր Արեւելքի ճգնաժամի հաղթահարման գործում, մեծ ծառայություն մատուցած կլինի աշխարհակարգի կայունության պահպանմանը: Եթե նույնիսկ Թրամփը չհամաձայնի Եվրոպայի հետ հորիզոնական հարաբերություններին, Մակրոնը կրկին դրսեւորվում է որպես Եվրոպայի առաջնորդ, քանի որ երկկողմ հարաբերությունների համատեքստում Թրամփն առաջինը այցելել է Փարիզ:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 
450 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ՏՈՒԳԱՆՔ` ԱՊՕՐԻՆԻ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը երեք շաբաթ հերթապահություն է իրականացրել Բագրատաշենի մաքսակետում` ապօրինի ուղեւորափոխադրում իրականացնողներին գտնելու նպատակով: Այս մասին «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց նախարար Վահան Մարտիրոսյանը:

«Մենք մեր հնարավորության սահմաններում փորձում ենք գտնել ոչ կանոնավոր ուղեւորափոխադրում իրականացնողներին: Առաջին հերթին իրենց տույժ-տուգանք ենք ներկայացնում: Մենք նույնիսկ երեք շաբաթով հերթապահություն կատարեցինք սահմանի վրա` անցակետում, ինչի ժամանակ շատ մեքենաներ կանգնեցվեցին եւ տուգանվեցին»,- հայտարարեց Վ. Մարտիրոսյանը: Իսկ ահա նախարարության տրանսպորտային տեսչության պետ Անդրանիկ Ասծատրյանը հայտարարեց, որ այս տարվա վեց ամիսների ընթացքում արձանագրվել է 91 վարչական խախտում: Իսկ առաջին անգամ ապօրինի միջպետական ուղեւորափոխադրում իրականացնելու համար տուգանքի չափը կազմում է 450 հազար դրամ: «Եթե մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ է արձանագրվում, ապա տուգանքի չափը կազմում է 900 հազար դրամ: 91 սուբյեկտների նկատմամբ կազմվել են վարչական արձանագրություններ, որից 45-ը Բագրատաշեն մաքսակետում»,- մանրամասնեց տեսչության պետը: Ապա տեղեկացրեց, որ միայն երեք շաբաթյա հսկողության արդյունքում հայտնաբերվել է 45 ապօրինի ուղեւորափոխադրում: Նա փոխանցեց նաեւ, որ ապօրինի ուղեւորափոխադրում հայտնաբերելու դեպքում արձանագրություն կազմելուց հետո վարորդը շարունակում է իր երթը:
Զրույցի ավարտին Ասծատրյանը նկատեց նաեւ, որ շատերը հարկային պարտավորություններից խուսափելու արդյունքում են ապօրինի ուղեւորափոխադրում իրականացնում: Քանի որ նա պետք է դառնա իրավաբանական անձ, գրանցվի պետական եկամուտների կոմիտեում, դառնա որպես հարկ վճարող: «Միջպետական ուղեւորափոխադրումը մեծ ծախսեր է պահանջում. 50 տեղանոց ավտոբուսի միջին արժեքը մոտավոր կազմում է 70-80 հազար դոլարին համարժեք դրամ: Հետեւաբար ունենալով մեկ-երկու միկրոավտոբուս, խուսափելով հարկային եւ այլ պարտավորություններից՝ մեր տեսադաշտից դուրս են մնում եւ իրականացնում են ապօրինի գործունեություն ու ստանում շահույթ»,- փոխանցեց Ասծատրյանը:
Նկատենք, որ նախարարությունը սկսեց այս ոլորտին ուշադրություն դարձնել մի քանի ավտովթարներից ու զոհերից հետո միայն: Մինչ այդ ամեն ինչ «փայլուն էր»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 
ՉՈՐՍ ԿԱՏԵԳՈՐԻԱ
Երեկ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը կառավարության նիստին ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության 2017-2021 թվականների ռազմավարական ծրագիրն ու դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցը: Նախարարը նշել է, որ պետք է ապահովել յուրաքանչյուր երեխայի ընտանիքում ապրելու իրավունքը, եւ ըստ այդմ էլ այս ռազմավարական ծրագրերն ընդգրկում են սոցիալական պաշտպանության, առողջապահության, մշակույթի եւ սպորտի ոլորտները, ներկայացված են հիմնական միջոցառումները, որոնք թույլ են տալու ուժեղացնել ընտանիքների ամրությունը:
Հաջորդ որոշմամբ առաջարկվում է արմատապես վերանայել անապահովության գնահատման համակարգի մեթոդաբանությունը, ուշադրություն է դարձվելու ընտանիքի յուրաքանչյուր աշխատունակ անդամի զբաղվածության ապահովման եւ պետական, սոցիալական աջակցության ծրագրերին:
Այսպիսով` 4 կատեգորիա է դրվելու` չաշխատող անձ, աշխատանք փնտրող եւ գործազուրկ անձ, առանձին խմբի գործազուրկ անձ, որն անաշխատունակ է, եւ աշխատող անձ, որի մեջ է մտնելու նաեւ երեխա խնամող մայրը: Ըստ նախարար Արտեմ Ասատրյանի՝ նոր փոփոխությամբ առաջարկվում է նաեւ միջանկյալ կարգավիճակ 18-19 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքների համար, որոնք սովորաբար նպաստից զրկվում են, քանի որ երեխան արդեն դառնում է չափահաս: Տվյալ դեպքում միավորի շրջանակը կմեղմվի, որի ընթացքում երեխային հնարավորություն կտրվի աշխատելու կամ որեւէ այլ կատեգորիայում հայտնվելու: Իհարկե, խոսքերով հետաքրքիր առաջարկ է, տեսնենք՝ ինչպես կկիրառվի: Ժամանակին զբաղվածության նպաստի նախագիծն էլ նույն նախարարը նույն էնտուզիազմով էր ներկայացնում, հետո պարզվեց՝ անպտուղ մի բան էր, եւ դադարեց կիրառվել:

 

 

ԿԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾԻ՞ ՈԼՈՐՏԸ
Կառավարությունը կկատարելագործի բնապահպանական փորձաքննության ոլորտը: Այս նպատակով երեկ գործադիրի նիստում Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը բնապահպանության նախարարին հանձնարարել է մեկամսյա ժամկետում մշակել եւ կառավարություն ներկայացնել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին օրենքում փոփոխություններ կատարելու եւ բնապահպանական փորձաքննության ոլորտում ինստիտուցիոնալ, կադրային եւ կառուցվածքային կատարելագործմանն ուղղված առաջարկություններ:
«Շրջակա միջավայրի բնագավառում պահանջվում է բնապահպանական փորձաքննության պատշաճ, կանխատեսելի եւ ողջամիտ ժամկետներում իրականացում՝ ըստ միջազգային լավագույն չափանիշների»,-ասել է վարչապետը:




Լրահոս