Երգչուհի Գաբի Գալոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմել է իր տեւական լռության, առաջիկա ծրագրերի, ինչպես նաեւ կայանալիք մենահամերգի մասին:
-Գաբի՛, աշխատանքային գործունեության ո՞ր փուլում եք գտնվում: 2017 թվականի համար ի՞նչ ծրագրեր ունեք առանձնացված:
-Կարծում եմ՝ 2017թ. բուռն է լինելու, քանի որ ծրագրերը շատ են, մեկը չէ: Շուտով «Հայաստան» երգի հիման վրա կնկարահանվի նոր տեսահոլովակ, ինչպես նաեւ կա նոր մենահամերգի ծրագիր, որը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին: Այս պահին զբաղված եմ մենահամերգի պատրաստման աշխատանքներով, որը տեղի կունենա «Յանս» համալիրում, համերգը հիմնականում նախատեսված է սփյուռքահայ հանդիսատեսի համար:
-Ինչո՞ւ է մուտքը միայն սփյուռքահայերի համար բաց:
-Այդպես որոշեց իմ պրոդյուսերական ընկերությունը: Համերգի ընթացքում հնչելու են միայն ժողովրդական երգեր:
-Գաբի՛, մի առիթով նշել եք, որ ժողովրդական երգարվեստը Ձեր տարերքն է, այն Ձեր արյան մեջ է, բայց Ձեր երգացանկում ժողովրդական երգերը չեն գերակշռում, ո՞րն է պատճառը:
-Ես իրականում հանդիսատեսին չեմ խաբել, ի սկզբանե ասել եմ, որ աշխատում եմ երկու լսարանի համար՝ մեկը կոմերցիոն, մյուսը ժողովրդական: Իրականում այդ երկուսը միասին համատեղելը շատ դժվար է, որովհետեւ դու վերցնում ես փաստացի երկու պատասխանատվություն: Ես ուզում եմ, որ այն երիտասարդները, ովքեր որ լսում են իմ հիթային երգերը, լսեն նաեւ իմ ֆոլկ ժանրի երգերը:
-Իսկ ո՞ր ժանրում եք Ձեզ ավելի պատասխանատու զգում:
-Ավելի պատասխանատու եւ հոգեհարազատ եմ զգում ֆոլկ ժանրում, քանի որ այնտեղ իրավունք չունես սխալվելու:
-Սովորաբար հայտնի մարդիկ, բացի գնահատականից, արժանանում են նաեւ սուր քննադատությունների, եւ Դուք հաճախ եք լինում այդ քննադատությունների կիզակետում: Ինչպե՞ս եք վերաբերվում դրան:
-Առաջ քննադատությունները շատ խոցելի էին ինձ համար, հետո իմ փոքրիկ երկրպագուները սկսեցին սոցցանցերում ինձ ակտիվ կերպով պաշտպանել: Ես մի անգամ հայտարարություն տարածեցի իմ լսարանին, որ այդ հոսքի մեջ չընկնեն ու հեռու մնան այդ սեւ, բացասական դաշտից: Այդտեղ ես գաղջ եմ տեսնում, ինձ համար տհաճ է այդ ամեն ինչը լսելը: Ես փորձում եմ ինձ հեռու պահել այդ վատ խոսակցություններից, իհարկե, դա էլ պետք է լինի…, բայց իմ պատը շատ լուսավոր է, մխրճվել այդտեղ ու փորձել ինչ-որ կեղտոտ բաներ անել, դա ուղղակի անհնար է:
-Մի քանի տարի առաջ նկարահանվեցիք «Ընտանյոք հանդերձ» սիթքոմում, այնուհետեւ Ձեզ ոչ մի սիթքոմում, սերիալում կամ ֆիլմում հանդիսատեսը չտեսավ, ինչո՞ւ:
-Դա ինձ համար առաջին հերթին հետաքրքրություն էր: Առհասարակ, ֆիլմերում նկարահանվելու առաջարկներ շատ եմ ստացել, բայց մերժել եմ զուտ սկզբունքներից ելնելով: Ես կողմ եմ մի մասնագիտություն ունենալուն, որի մեջ պետք է լինեմ լավագույնը: Երբեք իմ մեջ հանրային դառնալու մոլուցքը չի եղել: Իսկ այդ սիթքոմում համաձայնել եմ նկարահանվել դերասանական կազմի եւ ռեժիսորի համար: Դա իմ ոճը չէ:
-Գաբի՛, Ձեզ նմանեցնում են այն աստղերին, ովքեր դիմելով պլաստիկ վիրահատությունների՝ աստիճանաբար նմանվում են միմյանց՝ կորցնելով իրենց անհատականությունը: Ինչո՞ւ չեք ուզում բնական մնալ, այնպես, ինչպես Ձեզ ստեղծել են Ձեր ծնողները եւ Աստված:
-Ես շատ շնորհակալ եմ իմ ծնողներին եւ Աստծուն՝ ինձ այսպիսին ստեղծելու համար: Իրականում այս ամենը շատ է ուռճացվում: Ես այսօր փողոցում տեսնում եմ աղջիկներ, թե մենք ունենք մեկ վիրահատություն, ապա իրենք ունեն տասը վիրահատություն, բայց, չգիտես ինչու, թիրախային կետում միշտ մենք ենք հայտնվում: Ես կարծում եմ՝ կնոջ էսթետիկ տեսքը պետք է գաղտնի մնա: Ես ցավում եմ, որ կնոջ խնամքի հետ կապված շատ բաներ, որ պետք է պարզապես ծածուկ մնան, այսօր հանրայնացվում են ու դառնում բոլորի քննադատության առարկան: Ես չեմ կարծում, որ ես իմ հագուստի կամ արտաքինի մեջ երբեւէ չափն անցել եմ:
-Դուք նշել եք, որ համաշխարհային շոու-բիզնեսը դեգրադացիայի եզրին է: Ձեր կարծիքով՝ ի՞նչ է պակասում մեր շոու-բիզնեսին:
-Մոտ մեկ տարի առաջ գրեթե կորել էր մեղեդին, եւ պայքարը դրա դեմ էր ուղղված, բայց այս տարվա Եվրատեսիլն ինձ համոզեց, որ մեղեդին վերադառնում է:
-Գաբի՛, Դուք Ձեզ կայացած երգչուհի համարո՞ւմ եք:
-Իմ կատարած աշխատանքի մասնաբաժնով՝ այո՛: Ես շատ եմ աշխատել ինձ վրա, շատ եմ ինքնակրթությամբ զբաղվել: Կայացած երգչուհի համարվելու համար պետք է ոտքերդ ամուր գետնին կանգնած լինեն: Ես ինձ կայացած երգչուհի համարում եմ:
-Իսկ ունեցե՞լ եք բաց թողած հնարավորություններ, որոնց համար զղջացել եք:
-Իրականում շատ հնարավորություններ եմ բաց թողել: Ես չեմ պատկանում երգիչների այն տեսակին, որ փորձում են բռնել այն, ինչը հնարավոր է: Միշտ եղել եմ չեզոք, ինչը որ տվել են, վերցրել եմ, իսկ այն, ինչը որ չեն տվել, չեմ մոտեցել, բայց այդպես հաջողությունն ավելի շուտ է գալիս քեզ մոտ, քան երբ դու ուզում ես բռնել նրան: Ես շատ հանգիստ եմ այդ առումով: Աստված իմ հասանելիքն ինձ տալիս է:
Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ