Չեղյալ հայտարարել հայ-ռուսական գազային պայմանագիրը. «Ժառանգությունը» հայտարարություն է տարածել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետությունը պետք է չեղյալ հայտարարի 2013 թվականին կնքած հայ-ռուսական գազային հակապետական պայմանագիրը: Այս մասին հայտարարություն է տարածել «Ժառանգություն» կուսակցությունը:

Հայտարարությունում ասվում է.

«Ժառանգություն» կուսակցությունն իր մտահոգությունն է արտահայտում Հայաստանում բազմամիլիարդ էներգետիկ ներդրումների վերաբերյալ ԱՄՆ և Եվրամիության պաշտոնյաների կողմից արված առաջարկների հանդեպ` Հայաստանի իշխանությունների կրավորական կեցվածքի կապակցությամբ:

– Էներգետիկ անկախությունը ժամանակակից աշխարհում պետության իրական անկախության բաղադրիչներից է, տնտեսական զարգացման հիմնական տարրը, ինչպես նաև ժողովրդի սոցիալ-տնտեսական բարօրության մասը։

– Հայաստանում կան էներգետիկ այլնտրանքային աղբյուրների բազմազանության հնարավորություններ՝ ի դեմս Իրանից էներգակիրների ներմուծումից, մինչև վերականգնվող էներգիայի տեղական արտադրություն։

– ԱՄՆ և Եվրամիության պաշտոնական հայտարարությունները Հայաստանի էներգետիկայի ոլորտում բազմամիլիարդ ներդրումների հնարավորության մասին ոչ միայն Հայաստանի էներգետիկ անկախությունն ապահովելու երաշխիք են, այլև հզոր միջոց՝ տնտեսության զարգացման համար։

– Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա անընդունելի ենք համարում 2013 թվականի Հայ-ռուսական գազային պայմանագիրը՝ այն որպես արգելանք դիտելով Հայաստանի էներգետիկ զարգացմանը:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարում է.

Հայաստանի Հանրապետությունը պետք է՝

Չեղյալ հայտարարի 2013 թվականին կնքած Հայ-ռուսական գազային հակապետական պայմանագիրը:

Իրավական և գործնական բոլոր քայլերն իրականացնի էներգետիկայի և մյուս բոլոր ոլորտներում ներդրումներ ապահովելու և պետության անկախության, ինքնիշխանության ամրապնդման համար»:




Լրահոս