«Փաստ» թերթը գրում է. Մի քանի օր առաջ Սոչիում կայացել է Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների աշխատանքային հանդիպումը: Հանդիպման մասին նախօրոք չէր հայտարարվել: ՌԴ նախագահի մամուլի խոսնակը հանդիպման մասին տեղեկացրել է, այսպես ասած, վերջին պահին:
Նման «աշխատանքային» հանդիպումների կարիք սովորաբար առաջանում է այն ժամանակ, երբ կա կամ կան լուծման կարոտ կոնկրետ հարցեր, կամ երբ անհրաժեշտ է տեղեկատվություն փոխանակել, կոնկրետ գնահատականներ հնչեցնել: Մի խոսքով, դրանց օրակարգը միշտ կոնկրետ է:
Իսկ ի՞նչ օրակարգ ուներ Պուտին–Ալիեւ հանդիպումը: Հանդիպումից հետո պաշտոնական հայտարարություն չի եղել: Ենթադրություններ կարելի է անել՝ դատելով նախագահների՝ միմյանց հղած ողջյունի խոսքերից: Ըստ այդմ, քննարկվել են երկկողմ նշանակության խնդիրներ եւ տարածաշրջանին վերաբերող հարցեր: Ընդ որում, «տարածաշրջանի իրադրությունը բարդ է, եւ բայց հուսով եմ, որ մեր հանդիպումը կնպաստի բոլոր բարդ խնդիրների լուծման ուղիների որոնմանը»,– նշել էր ՌԴ նախագահը:
Պուտինի նշած «բարդ իրադրությունը» վերաբերում է, թերեւս, եւ ԼՂ հակամարտությանը, եւ տարածաշրջանային անվտանգությանն ընդհանրապես: Սկսենք վերջինից: Այսօր առկա է լուրջ վտանգ, որ Մերձավոր արեւելքում իր թափն ու ուժը կորցնող ԻՊ–ը կարող է «տեղափոխվել» Կովկաս: Այս առումով առաջին թիրախային գոտիներից մեկը կարող է դառնալ հենց Ադրբեջանը: Պատահական չէ, որ վերջերս Ադրբեջանում տեղի են ունենում ԻՊ–ի հետ կապ ունեցող, տարբեր երկրների քաղաքացիներ հանդիսացող անձանց պարբերական ձերբակալություններ:
Բացի այն, որ նրանց համար այդ երկիրը կարող է դառնալ տրանզիտային հնարավոր գոտի, նրանք կարող են ապակայունացնող գործոն դառնալ բուն Ալիեւի վարչակազմի համար՝ անվտանգության ու ապակայունացման լրջագույն սպառնալիք դառնալով թե տարածաշրջանի, թե ներադրբեջանական իրականության համար: Այս առումով Ռուսաստանին, անշուշտ, մտահոգում է ավանդաբար իր վերահսկողության գոտի համարվող ռեգիոնի կայունությունը, որը նաեւ իր սահմանների կայունությունն է:
Իսկ Ալիեւի՝ ԼՂ հարցում վերջին շրջանում վարած քաղաքականությունն ամենեւին էլ այդ կայունությունը պահպանելուն ուղղված չէ: Ուստի հնարավոր է, որ ՌԴ նախագահն Ալիեւին հասկացնել է տվել իրավիճակի ողջ լրջությունը: Բացի այդ, վերջին շրջանում ռուսական մամուլը գրել էր, որ Մոսկվան պատրաստվում է կազմակերպել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում: Հայկական կողմը համաձայնել էր՝ դրա հետ առանձնապես մեծ հույսեր չկապելով հանդերձ: Բաքուն նույնպես համաձայնել էր, սակայն նշելով, որ պետք է բանակցությունների հստակ օրակարգ: Այս պահին, սակայն, թե Ռուսաստանի, թե ընդհանրապես Արեւմուտքի համար անհրաժեշտ է պահպանել գոնե «բանակցություններ հանուն բանակցությունների» ֆորմատը՝ շփման գծում լարվածությունը մեղմելու եւ ռազմական լայնածավալ գործողությունների վերսկսման վտանգը չեզոքացնելու նպատակով:
Մյուս կողմից, վերջին շրջանում ռուս–ադրբեջանական հարաբերություններում որոշակի լարվածություն կա: Հուլիսի 4–ի դեպքերից հետո Բաքվի ակնկալած՝ ռուսական կողմի արձագանքի բացակայությունը, ՌԴ քաղաքացիների նկատմամբ էթնիկ պատկանելության հողի վրա խտրական վերաբերմունքի դրսեւորման դատապարտումը, Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսի լուծարումը, ՌԴ եւ ՀՀ սահմանապահ ջոկատների համատեղ վարժանքները ԼՂ–ի տարածքում, նաեւ Իրանում ՌԴ դեսպանի հայտարարությունը «Հյուսիս–Հարավի» վերաբերյալ իսկական իրարանցում էին առաջացրել Բաքվում:
Այդ ամենը Ադրբեջանում դիտվում էր՝ որպես ռուսական հարված իրենց վարած արտաքին անկախ քաղաքականությանը, ինչը նրանց ավելի ու ավելի էր ստիպում շատ խոսել հատկապես ԱՄՆ–ի հետ իրենց հարաբերությունների որակապես նոր փուլի մեկնարկի հնարավորության մասին: Մյուս կողմից էլ, դա մատուցվում էր որպես ռուսահայության նենգ մարտավարություն–ծրագիր՝ ուղղված ռուս–ադրբեջանական «դարավոր» բարեկամությանը: Մի խոսքով, ռուս–ադրբեջանական հարաբերություններում արշալույսներն այնքան էլ խաղաղ չէին:
Ու հիմա, երբ կայացավ Պուտին–Ալիեւ հանդիպումը, ադրբեջանական մամուլն էյֆորիայի մեջ է: «Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահները պատշաճ դաս են տվել ռուս–ադրբեջանական բարեկամության չարակամներին» եւ այլ բաներ՝ նման ոգով: Ի դեպ, բացի, «հայկական չար ուժերին» պատժելուց, ըստ ադրբեջանական աղբյուրների, այդ հանդիպման գլխավոր թեմաներից մեկը եղել է «Հյուսիս–Հարավ» միջանցքի ճակատագիրը:
Ըստ ամենայնի, Իրանում ՌԴ դեսպան Լեւան Ճաղարյանի հայտարարություններից առաջացած շոկն Ադրբեջանում դեռ չի անցել, ու բացի «Ադրբեջանական երկաթուղիների» ղեկավար Ջավիդ Ղուրբանովին Մոսկվա գործուղելուց, հիմա էլ այդ հարցը բարձրացրել է անձամբ Ալիեւը:
Ինչ էլ լինի, Պուտին–Ալիեւ հանդիպումն արդեն ավարտված է: Հիմա հարց է առաջանում՝ արդյոք հավասարակշռության սկզբունքը պահելով՝ ռուսական կողմը նման մի հանդիպում էլ կնախաձեռնի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Եթե նման հանդիպում կայացավ, կնշանակի, որ, իրոք, քննարկման առանցքային թեմաներից մեկը եղել է ԼՂ հակամարտությունը, եւ նախագահների հանդիպումից առաջ Մոսկվան հստակեցնում է խաղի կանոնները: Մյուս կողմից, սակայն, «а куда денется Армения?»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: