«Հրապարակ» թերթը գրում է. «Ամռան այս ժամանակահատվածը հանգստի մեկնելու ամենահարմար շրջանն է: Անգամ սոցիալական ցանցերում է արձակուրդային վիճակ՝ հանգստի մեկնած քաղաքացիները ներբեռնում են լուսանկարներ, գրառումներ կատարում, իսկ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հանգստից սուղ տեղեկություններ կան: Մենք փորձեցինք պարզել, թե երբ է արձակուրդ գնալու վարչապետը, ուր: Նախարարներից ով է արդեն մեկնել հանգստանալու, ով՝ դեռ ոչ:
Վարչապետ Կարեն Կարապետյանի արձակուրդ գնալու մասին հարցին ի պատասխան՝ նրա մամուլի խոսնակը նշեց, որ օրակարգում նման հարց չկա, վարչապետը սովորական ռեժիմով աշխատում է: Նա չբացառեց, որ Կարեն Կարապետյանը հնարավոր է ընդհանրապես արձակուրդ չգնա: Պարզվում է՝ կառավարությունում իրենց ղեկավարի նման արձակուրդի հարցում չկողմնորոշվածներ շատ կան: Օրինակ՝ տեղեկություն չկա, թե աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը երբ է մեկնելու հանգստի: Չկողմնորոշվածների ցանկը լրացնում են նաև տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Կան նախարարներ, որոնք որոշել են, թե երբ են մեկնելու հանգստի, որոշներն էլ արդեն վայելում են, կարելի է ասել, իրենց վաստակած հանգիստը: Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ամռանը չի մեկնելու արձակուրդ, ինչպես ինքը նշեց՝ հավանաբար, կմեկնի աշնան վերջում կամ ձմռան սկզբում: Ողջ տարին տքնաջան աշխատելուց «հոգնած» նախարարներից արձակուրդ են մեկնել կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, որն այսօրվանից է արձակուրդում: Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը հանգստից կվերադառնա հուլիսի
31-ին: Տարիներին և վարչապետերի փոփոխությանը դիմակայած սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն էլ հուլիսի 31-ից կմեկնի հանգստի՝ երկու շաբաթով:
Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը թեև այսօրվանից երկշաբաթյա արձակուրդում է, սակայն զոհել է իր հանգիստը և չնախատեսված այցով մեկնել Դիլիջան: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը ևս արձակուրդում է, իսկ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հանգստի կմեկնի օգոստոսի 4-18-ն ընկած ժամանակահատվածում»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: