Մեկուկես ամիս անց դատախազը ցուցմունք է տվել. մանրամասներ Գեղարքունիքի մարզի աղմկահարույց ձերբակալություններից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Գեղարքունիքի մարզի դատախազ Սևակ Շհոյանի, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի, դատավոր Վանիկ Վարդանյանի և ևս երկու անձի կալանավորումներից: Եվ ահա մեկ ամիս անց Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Սեւակ Շհոյանը ցուցմունք է տվել եւ հայտարարել, որ որեւէ մեկից գումար չի վերցրել, երբեք իրեն նման բան թույլ չէր տա եւ առհասարակ այս ամենի հետ էլ որեւէ առնչություն չունի:

Ինչպես հայտնի է՝ ԱԱԾ-ն բացահայտել էր պաշտոնատար անձանց կողմից կաշառք վերցնելու աղմկահարույց դեպք, ինչի արդյունքում կալանավորվել են Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Սեւակ Շհոյանը, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանը, դատավոր Վանիկ Վարդանյանը, Վարդենիսի պետական քոլեջի տնօրենի եղբայրը` Հայկ Կարապետյանը, եւ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի վարորդը:

Ասել է, թե կաշառքի գործով այս օրերին կալանավորված է 5 անձ: Իսկ ինչի համար էին, ըստ նախաքննության, վերոնշյալ անձինք կաշառք վերցրել: Բանն այն է, որ 2014 թվականի հուլիսի 25-ին Վարդենիս քաղաքի Սեւ հողեր կոչվող թաղամասում գտնվող «Ցուլ» ռեստորանի տարածքում միջադեպ է եղել, ինչի արդյունքում կալանավորվել է Վարդենիս քաղաքի բնակիչ Գոռ Գալստյանը:

Ըստ ԱԱԾ-ի` մեղադրյալի ծնողները իրենց որդուն ազատ արձակելու համար 2015թ. հունիսին 1.880.000 ՀՀ դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլար կաշառք են տվել Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Սեւակ Շհոյանին, ով ստացել է կաշառքը, սակայն չի կատարել խոստումը, արդյունքում 2015թ. հուլիսի 1-ին Գոռ Գալստյանը կալանավորվել է, եւ նրա գործը ուղարկվել է դատարան:




Լրահոս